ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Սարգիս Խուդոյանը, առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության, հաշվառվելու և անձնագրավորվելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Աշտարակի անձնագրային բաժանմունքի աշխատակից Գոռ Քալանթարյանին տվել է խոշոր չափերով՝ 500.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:
Այսպես, Ռուսաստանի Դաշնություն մեկնելու համար անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերելու խնդրանքով Սարգիս Խուդոյանը 2014 թվականի փետրվարին դիմել է ՀՀ ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Գոռ Քալանթարյանին:
Վերջինս համաձայնվել է, ապա` առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության Ս. Խուդոյանին հաշվառելու և անձնագրավորելու համար նրանից պահանջել է խոշոր չափերով՝ 1500 ԱՄՆ դոլարին համարժեք 500.000 ՀՀ դրամ գումար: Ս. Խուդոյանը 2014 թվականի փետրվարից նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում մեկ միասնական դիտավորությամբ մաս-մաս Գ. Քալանթարյանին է տվել նախապես պայմանավորված խոշոր չափերով՝ 500.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրությունը:
Դրա դիմաց Գ. Քալանթարյանը, առանց ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի համապատասխան տան համասեփականատերերի համաձայնության, Ս. Խուդոյանին 10.03.2013թ.-ին կեղծ հիմքերով հաշվառել է նշված հասցեում, որից հետո, ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի խախտմամբ, Ս. Խուդոյանը հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում, այնուհետև ստացել կեղծ հիմքերով նույնականացման քարտ և կեղծ կենսաչափական տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագիր:
Նշված կեղծ անձնագիրն օգտագործելով` Ս. Խուդոյանը 2014-2017թթ-ի ընթացքում Բագրատաշեն և Զվարթնոց հսկիչ-անցագրային կետերով 20 անգամ ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը՝ Հայաստանից մեկնել է Վրաստան ու ՌԴ և վերադարձել ՀՀ:
Այսպիսով, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու և պետական սահմանն ապօրինի հատելու համար Սարգիս Խուդոյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3121-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերը նշված և մի շարք այլ հանցավոր արարքների կատարման համար Գոռ Քալանթարյանը հիշյալ քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ս. Խուդոյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: