Վիգեն Սարգսյանի դեմ արշավի հետևում գեներալիտե՞տն է կանգնած. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին հասարակության շրջանում բուռն քննարկման թեմա է դարձել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան կոչը՝ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին արտերկրում վիրահատելու դրամահավաքության նպատակով: Ինչո՞ւ ՊՆ-ն իր միջոցներից գումար չի տրամադրում այդ վիրահատության համար. «ՀԺ»-ի այս եւ մի քանի այլ հարցերի պատասխանել է Արցախի Հանրապետության ռազմական եւ քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:

-Պարոն Բադասյան, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով կոչ արեց միանալ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին արտերկրում վիրահատելու նպատակով նախաձեռնված դրամահավաքին: Նախարարի այս կոչը մեծ աղմուկ առաջացրեց. ի՞նչ եք կարծում, նման կոչը պաշտպանության նախարարի կողմից ճիշտ էր:

Պետք է 1000 դրամների ֆոնդից տրամադրվեր այդ գումարը: Եթե վիրահատությունը հնարավոր է անել Հայաստանում, պետք է այստեղ անել, բայց եթե ծնողը գտնում է, որ Գերմանիայում ավելի ապահով կլինի, ապա դրամահավաքությունը սխալ չէ, բայց դա չպետք է նախարարը անի: Դրամահավաքը պետք է նախաձեռնեին հասարակական կազմակերպությունները, հասարակական գործիչները, նրանք պետք է նախաձեռնեին, որովհետեւ պաշտպանության նախարարը բանակի ղեկավարն է, եւ ինքը պետք է նման հարցերից զերծ մնա:

-Վերջին շրջանում անգամ պրոիշխանական լրատվամիջոցներով Վիգեն Սարգսյանի դեմ ակնհայտ արշավ է նկատվում, ըստ ձեզ, դա ինչո՞վ է պայմանավորված:

Չեմ կարող ասել, կարող եմ ենթադրել, որ հնարավոր է գեներալիտետից, որից նախարարն արդեն ուզում է ազատվի. հնարավոր է, դա է պատճառը, որովհետեւ մեծ հաշվով այդ գեներալիտետն այս իշխանության մեջ է:

-Այսինքն՝ գեներալիտե՞տն է կանգնած այս արշավի հետեւում:

Ես իրավունք ունեմ այդպես ենթադրելու:

-Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան մեկնաբանություններում մարդուն պատասխանում է «բոշան դու ես» արտահայտությամբ:

Կարծում եմ, պահի տակ, մարդկային թուլություն է եղել, ես նորից եմ կրկնում՝ ինքը պետք է զերծ մնար այդպիսի բաներից եւ պահի տակ նման վիճաբանությունների մեջ չմտներ:

-Վերջերս բավական շատ է խոսվում նաեւ ՊՆ բարձրաստիճան այն պաշտոնյաների մասին, որոնք մեծ դրամական միջոցներ ունեն, արդյո՞ք զինծառայողի վիրահատության համար գումար չտրամադրելը գալիս է այն հանգամանքից, որ այդպիսի մարդկանց «շնորհիվ» վերջացել են այդ գումարները:

Ես անցյալ տարի էլ ասել եմ, որ Վիգեն Սարգսյանի բարձրացրած հարցը 1000 դրամների մասին, ճիշտ էր, բայց ոչ արդարացի: Նա ճիշտ է անում, որ նման ֆոնդ է ստեղծում, շատ դեմ խոսողներ կային, բայց ինչո՞ւ էին դեմ, որովհետեւ ասում էին՝ 2000 կարելի էր տալ, բայց եթե իմանան, որ դա նպատակին է հասնում:

Մի կողմից Վիգեն Սարգսյանը բարձրացրել է հարց, որ խումբ ստեղծի, վիրավոր եւ զոհված զինվորների ընտանիքները ապահովեն, մյուս կողմից բանակից գողություններ են կատարվում, ինչի մասին ես բազմիցս ասել եմ, գործող գեներալիտետի մասին եւ այլն: Բայց արդարացի չէր, որովհետեւ շարունակվում էր բանակից թալանը: Հիմա եթե միառժամանակ արդեն սկսում են թալանչի գեներալներից կամաց-կամաց ազատվել, ինքը արդեն սկսում է նաեւ այդ ճշմարիտ քայլը արդարացնել դրանով:

Եվ ներկայիս գնդապետներ, գեներալներ, որ ինչ-որ գույք են ձեռք բերում, ես չեմ կարծում, որ այդ գումարներից են գողանում: Նրանք, ես համոզված եմ, որ նախկին գողացածներն են օգտագործում, եւ անօրեն բիզնեսներ ունեն, որը, իհարկե, նույնպես արատավոր երեւույթ է, եւ ես համոզված եմ, որ Վիգեն Սարգսյանը այդ հարցում նրանց հետ չէ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս