ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` եթե անձը ստանում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակ, ապա ո՞ր դեպքում կարող է դիմել` վերահաշվարկ կատարելու համար: Եվ խնդրում եմ նշել նաեւ մասնակի կենսաթոշակի վերահաշվարկի մասին:
Լաուրա Ֆեռոյան (61 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Ֆեռոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ արտոնյալ պայմաններով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե փոխվել են հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, ներկայացվել է մինչեւ կենսաթոշակ նշանակելը ընկած ժամանակահատվածի վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր կամ լրացել է տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:
Ինչ վերաբերում է մասնակի կենսաթոշակի վերահաշվարկին, ապա հայտնում ենք, որ այս դեպքում վերահաշվարկ տեղի է ունենում, եթե փոխվել են հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, ներկայացվել է մինչեւ կենսաթոշակ նշանակելը ընկած ժամանակահատվածի վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր կամ լրացել է տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին այն դեպքում, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակը նշանակվում է մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը: