Վարչապետ Կարեն Կարապետյանի «Մաքուր Հայաստան» ծրագիրը սկզբում քմծիծաղով ընդունվեց, երբ պարզ դարձավ, որ գործադիրը նաեւ աղբահանությամբ է զբաղվելու: Պարզվում է, սակայն, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իշխանությունները պարզապես գումարներ են լվանում, ֆինանսական միջոցներն անտեղի վատնում: Մասնավորապես կառավարությունը, հանձին Արմավիրի մարզպետարանի, Չեխիայի Հանրապետությունից 4 մլն 300 հազար դրամի աջակցություն է խնդրել, որպեսզի այնտեղ աղբահանության տեսակավորման թեմայով դասընթացներ կազմակերպվեն: Սա ամենեւին էլ նախատոնական հումոր չէ, ոչ էլ անեկդոտ: ՀՀ կառավարությունը վաղվա նիստում պատրաստվում է հաստատել Չեխիայի դեսպանատան կողմից ֆինասավորված եւ Արմավիրի մարզպետարանի կողմից կազմակերպված «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացների եւ քարոզչության ծրագրի նախահաշիվը. այդ հարցն ընդգրկված է օրակարգում:
Նման դասընթացների արդյունավետությունը դժվար չէ կռահել. իրականում այսպես հերթական գումարներն են քամուն տրվելու: Հետո, համաձայնեք, ամոթ է, որ արդեն իշխանությունները գումար են մուրում նման թեմաներով դասընթացների համար, եւ սա այն դեպքում, երբ, օրինակ, ԱԺ նախկին փոխխոսնակը 2 մլն դրամ է ծախսում բջջային հեռախոսի համար (այն էլ՝ պետբյուջեից): Իսկ ժամանակին հասարակությունը ծիծաղեց, երբ լսեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կովը կթելու, իսկ մինչ այդ կովի կուրծքը գոլ ջրով լվանալու եւ փափուկ սրբիչով չորացնելու մասին դասախոսություններ էր անում:
Ի դեպ, որպես պետական քարոզչություն՝ հանրային հեռուստաընկերությունը սոցիալական գովազդ է անում, թե «աղբի տեղը աղբամանն է», բայց Արմավիրում, փաստորեն, աղբամաններ են փնտրում, որ տեսակավորեն աղբը:
Հայաստանյան քաղաքական դաշտում ստեղծվել է մի իրավիճակ, երբ արտախորհրդարանական ուժերը կամա, թե ակամա դատապարտված են անգործության: Այս առումով պատահական չէ, որ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերից ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ ՀԺԿ-ն, ո՛չ ՀՎԿ-ն, ո՛չ «Ազատ դեմոկրատները», որ ներկայացված էին նախորդ գումարման խորհրդարանում, ակտիվ քաղաքական գործունեություն չեն ծավալում: Չնայած, մյուս կողմից էլ, ակնհայտ է, որ այսօր քաղաքական գործունեություն ծավալելու «թեմա չկա», քաղաքական օրակարգը, որպես այդպիսին, սպառված է, եւ այս առումով, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, իրենք ժամանակավոր դադար են վերցրել: Իսկ նրանց ակտիվացումը կարելի է սպասել միայն հաջորդ ընտրությունների նախաշեմին, երբ կրկին ձեռնամուխ լինեն այդ իրադարձությանը:
Հայաստանյան իրավապահ համակարգը հայտնվել է փակուղու առաջ: Բանն այն է, որ արդեն մոտ երկու ամիս է` չի հաջողվում կազմակերպել Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած կրակոցների գործով մեղադրյալներին Վրաստանից Հայաստան տեղափոխելը: Ալավերդցի քրեական հեղինակություններ Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը, որ մեղադրվում են ալավերդցի մեկ այլ քրեական հեղինակության՝ Վահագն Աբգարյանի ընկերոջ սպանության եւ Վահագնի սպանության փորձի մեջ, դեպքից հետո փախել էին Վրաստան: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` քրեական այս երկու հեղինակությունները բավական լուրջ կապեր ունեն այդ երկրի իշխանական վերնախավում, ու հիմա նրանք գործին խառնել են իրենց մերձավորներին, որպեսզի հնարավորինս երկարաձգվի նրանց վերադարձնելը, իսկ եթե հնարավոր է՝ ընդհանրապես ձախողվի այդ գործընթացը, խուսափեն պատժից:
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի շուրջ աղմուկն ուշագրավ զարգացումներ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այդ բանկի «Արաբկիր» մասնաճյուղի ոսկերիչ-մասնագետ Նելլի Տոնոյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին, քանի որ օգնել է իր ընկերոջը` Արման Ղազարյանին, բանկում զարդեր գրավադրելով՝ ընդհանուր 98 միլիոն 737 հազար դրամի չափով վարկ ստանալ, սակայն ավելի ուշ պարզվել է, որ զարդերը կեղծ են եղել: Տոնոյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդել է, որ բանկն իր աշխատողներից մշտապես պահանջել է ակտիվ աշխատել եւ հնարավորինս շատ վարկեր տրամադրել մարդկանց: «Նելլի Տոնոյանը տվյալ դեպքում մտածելով, որ ինքը պետք է շատ վարկ տրամադրի, ակտիվ աշխատի վարկեր տրամադրելու ուղղությամբ, չի մտածել, որ իր մտերիմ Արմեն Ղազարյանը իր համար խնդիրներ կստեղծի, ու ընդունել է այդ վարկերը»,- ասել է փաստաբանը: Ֆարմանյանը պնդել է, որ գործը դատաքննության փուլում է, որեւէ վկա չի հարցաքննվել, չեն կատարվել անհրաժեշտ դատավարական գործողությունները, Նելլի Տոնոյանի մեղքը չի հաստատվել:
ՄԱՀԱՄԵՐՁԻ ՍՆԱՐԻ ՄՈՏ
Միանգամայն սպասելի էր, որ կառավարությունն օրերից մի օր խորհրդարան կներկայացնի «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը` նախատեսելով բարձրացնել պարտք կուտակելու շեմը: Սպասելի էր, որովհետեւ Հայաստանի տնտեսությունը, հակառակ իշխանությունների պնդումներին, մահամերձ վիճակում է, ու վերջնական կոլապսից խուսափելու համար հարկավոր է պարզապես ավելացնել պարտքը: Եւ հետո` ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ինքն էր մի քանի անգամ հայտարարել, թե առանց պարտք վերցնելու դժվար է տնտեսական աճ ապահովելը, նույնը խոստովանել է նրա տեղակալ Արմեն Հայրապետյանը` ասելով, որ եթե պարտք չաներ ՀՀ-ն, «անորոշ երկիր էինք ունենալու»:
Ինչեւէ: Պետական պարտքի մասին գործող օրենքով բոլոր գործարքները, որոնց համաձայն կառավարության պարտքը գերազանցում է ՀՆԱ 60 տոկոսը, պետք է առ ոչինչ համարվեն: Հիմա կառավարությունն ԱԺ ներկայացրած նախագծով փաստացի առաջարկում է հանել այդ սահմանափակումը. նախագծով առաջարկվում է չարգելել ՀՆԱ 60 տոկոսի շեմը գերազանցող վարկեր վերցնելը, բայց այդ դեպքում կառավարությունը պետք է հստակ ծրագիր ներկայացնի, թե ինչպես է հետագայում պարտքի բեռը նվազեցնելու եւ թույլատրելիի սահմաններում պահելու, իսկ վերցրած վարկերը պետք է ծախսի միայն այնպիսի ծրագրերի վրա, որոնք կնպաստեն տնտեսական աճին:
Համաձայնեք, հրաշալի են մտածել՝ մի կողմից օրենքում պահում են ՀՆԱ 60 տոկոսը չգերազանցելու արգելքը, մյուս կողմից` թույլատրում են այն շրջանցել համապատասխան պայմանների դեպքում: Բայց այս քայլին կառավարությունը գնացել է ճարահատյալ, քանի որ Սերժ Սարգսյանի իշխանավարման տասը տարիներին պետական պարտքը եռապատկվել է: Ու չնայած դրան` նոր պարտքեր վերցնելու կարիք ունենք:
Ի դեպ, ոչ վաղ անցյալում կառավարությունը օրենսդրական նման փոփոխություն էլի էր արել: 2015թ. հունիսին կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստում փոփոխություններ արվեցին «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում, եւ եթե նախկինում ՀՆԱ 60 տոկոսի շեմի արգելքը գործում էր ՀՀ պետական պարտքի վրա, ապա նոր օրենքով սահմանափակումները նախատեսվեցին միայն կառավարության պարտքի վրա: 2.5 տարի անց, սակայն, պարզվում է՝ անգամ այդ քայլը բավարար չէ, ու հիմա պետք է պարտքը կրկին ու կրկին մեծացնել:
Միայն թե պարտքը նման տեմպերով ավելացնելու դեպքում էլ ավելի մեծ է անհանգստությունը, որ Հայաստանն այս տնտեսությամբ կարող է եւ դուրս չգալ բեռի տակից. դեֆոլտը առավել քան մոտ է: Մի փաստ էլ, երեկ ԱԺ-ում հերթական 40 մլն դոլարանոց վարկային համաձայնագիրն էր քննարկվում, եւ ֆինանսների փոխնախարարն ասաց՝ ծախսելու են, ոնց ուզեն: