Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը երեկ Երեւանում մասնակցում էր Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված համապարփակ ու ընդլայնված համաձանագրին նվիրված համաժողովին: Միջոցառումը տեղի էր ունենում «Փարավոն» ռեստորանային համալիրում, իսկ կազմակերպիչը ԲՀԿ-ն էր:
Եվ մինչ ՀՀ իշխանություններն ամենուր նշում են, թե Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ, Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի գլխավոր քարտուղար Դանիել Հաննանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստեց, որ այդպիսի բան հնարավոր չէ: Ստորեւ ներկայացնում են Դանիել Հաննանի հետ հարցազրույցը.
-Պարո՛ն Հաննան, Հայաստանը մեկ ամիս առաջ ստորագրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Ձեր գնահատականը համաձայնագրին:
-Հակված եմ կարծելու, որ իրականում այս համաձայնագրի հետեւանքով շատ բան չի փոխվի, եթե, իհարկե, Հայաստանի ներսում փոփոխություններ չեն իրականացվում: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե դուք ինչպիսի ներքին փոփոխություններ կիրականացնեք, օրինակ, հարկային ոլորտում, մնացած բոլոր ոլորտներում: Այս համաձայնագիրը ձեզ ոչինչ տալ չի կարողանա, եթե դուք ներքին փոփոխություններ չիրականացնեք:
-Իսկ Ձեր նշած ներքին փոփոխությունների համար առաջին հերթին ի՞նչ է անհրաժեշտ: Իշխանությունների կամքի՞ց է կախված ամեն ինչ, թե՞ եվրոպացիների աջակցությամբ հնարավոր կլինի առաջ շարժվել:
-Հակված եմ կարծելու` քանի որ Դուք ապրել, գոյատեւել եք Սովետական Միության ժամանակաշրջանում, շատ ավելի լավ կհասկանաք, թե ես ինչի մասին եմ խոսում: Իրականում այն ամենը, ինչ անհրաժեշտ է, դա անաչառ եւ արդար դատական համակարգ ունենալն է: Դա լինի այնպես, որ անձը, եթե ինչ-որ խնդիր ունի, իմանա, որ կարող է դիմել ինչ-որ ատյան եւ առանց ծանոթ-բարեկամ ունենալու` իր խնդրին լուծում կտրվի անաչառ ձեւով: Որպեսզի հաջողության հասնեք, դուք պետք է ունենաք անվտանգ համակարգ, եւ ունեցվածքի պաշտպանություն պետք է լինի: Այսինքն` օրենքները պետք է ամեն ինչից վեր լինեն: Չպետք է օրենքները փոփոխվեն զուտ այն պատճառով, որ դուք ունեք նմանօրինակ իշխանություն կամ նմանօրինակ հեղինակություն: Օրենքները պետք է վերաբերեն թե՛ աղքատներին, թե՛ հարուստներին: Պետք է քաղաքացիները լինեն վեր ամեն ինչից, այսինքն` նրանք պետք է լինեն մի ամբողջություն: Բոլոր երկրները, որ այս քայլերը ձեռնարկել են, այս ուղով գնացել են, ի վերջո, հասել են հաջողության:
-Սակայն Եվրոպայի հետ Հայաստանը վաղուց է համագործակցում: Այս տարիների կտրվածքով ի՞նչ կարող եք ասել՝ Հայաստանը կարողացե՞լ է կատարել Եվրոպայի բոլոր պահանջները: Կամ ի՞նչ վստահություն ունեք, որ այս անգամ իշխանությունները կկատարեն իրենց պարտավորությունները:
-Եթե չեմ սխալվում` Հայաստանը Մաքսային միության անդամ է Ռուսաստանի, Բելառուսի եւ մյուս երկրների հետ: Եվ Հայաստանն իրականում այդքան ամուր վերահսկողություն չունի տեխնիկական ստանդարտների, չափանիշների վերաբերյալ: Քանզի դուք Մաքսային միության անդամ եք, բոլոր որոշումները կոլեկտիվ կերպով են իրականացվում: Եվ պատճառներից մեկը, թե ինչու է Մեծ Բրիտանիան որոշում կայացրել լքել ԵՄ-ն, հենց այն է, որ մենք ուզում ենք փորձել որոշակի վերահսկողություն ծավալել մնացածի վերաբերյալ: Եվ մենք ուզում ենք առեւտրային որոշակի պայմանագրեր ստորագրել այն երկրների հետ, որոնց հետ ԵՄ-ն պայմանագրեր չունի, օրինակ` Միացյալ Նահանգները, Չինաստանը, Հնդկաստանը: Եթե չեմ սխալվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ էր Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը, եւ, եթե չեմ սխալվում, հենց պատճառներից մեկը, որ նրանք բերում էին, այն էր, որ ուզում են ունենալ որոշակի ազատություն այս կամ այն առեւտրային հարաբերություններն այս կամ այն երկրի հետ ստորագրելու գործընթացում: Օրինակ` եկեք, ենթադրենք, որ վաղն Իրանում որոշակի հեղափոխություն տեղի կունենա, եւ եթե Իրանը հնարավորություն ունենա առեւտրային հարաբերություններ հաստատել, պայմանագրեր ստորագրել տարբեր երկրների հետ, Հայաստանը, բնականաբար, այս իրավիճակից կշահի: Բայց քանի որ դուք Մաքսային միության անդամ եք, այս որոշումը պետք է բխի նաեւ ընդհանուր միության անդամների հետաքրքրություններից, գեոքաղաքական ինչ-որ իրավիճակներից: Այսինքն` դուք լիովին ազատ չեք ձեր ինքնուրույն որոշումները կայացնելու հարցում:
-Սակայն ՀՀ իշխանությունները մշտապես նշում են, թե Հայաստանը կարող է կամուրջ լինել ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Ըստ Ձեզ` Հայաստանը կարո՞ղ է այդ կամուրջը լինել:
-Կարծում եմ, որ ոչ, որովհետեւ Մաքսային միությունը բացառում է նմանօրինակ հնարավորությունները: Այսինքն` նույն Բրիտանիան որոշել է դուրս գալ, այսպես կոչված, իրենց Մաքսային միությունից հենց այդ պատճառով:
ԵՍ ՆԱԽԿԻՆ ԳԻՏՈՒՆՆԵՐԻՑ ԵՄ
ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը վեցերորդ գումարման խորհրդարանում մանդատ չստանալուց հետո այժմ ընդհանրապես չի հետաքրքրվում քաղաքական հարցերով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին պատգամավորը ընդգծեց, թե ուրախ է, որ վերջապես ազատվել է աղբից եւ այժմ իր ժամանակն ավելի շատ տրամադրում է հողագործությանը:
Հիշեցնենք, որ Լյովա Խաչատրյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր վարկանիշային համակարգով՝ թիվ յոթ ընտրատարածքում, որն ընդգրկում է Արագածոտնի մարզը: Սակայն պատգամավոր դառնալու համար բավարար ձայներ ստանալուց հետո նա հրաժարվեց մանդատից: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախկին պատգամավորից պարզել, թե ինչով է զբաղված:
-Պարո՛ն Խաչատրյան, այլեւս պատգամավոր չեք, այժմ ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Ես հիմա գործունեություն չունեմ: Այժմ զբաղվում եմ իմ հող ու ջրով, գյուղատնտեսությամբ:
-Քաղաքական գործընթացներին հետեւո՞ւմ եք:
-Բացարձակ: Ոչ էլ հետաքրքրվում եմ: Ո՛չ ծանոթ եմ, ո՛չ էլ ուզում եմ ծանոթ լինել:
-Ո՞րն է պատճառը, հիասթափվա՞ծ եք:
-Ո՛չ, ինչու, ուրախ եմ ու երջանիկ, որ այդ աղբից դուրս եկա վերջապես:
-Քաղաքականությունի՞ց եք հիասթափվել:
-Չեմ հիասթափվել: Ինձ հետաքրքրող բաներ չկան: Բացարձակ բան չկա:
-Իսկ չե՞ք հետեւում խորհրդարանում Ձեր գործընկերների աշխատանքին:
-Ո՛չ, չեմ հետեւում:
-Իսկ շարունակո՞ւմ եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ մնալ:
-Այո՛: Ինչ կա ակտիվ լինելու, ակտիվ խորհրդարանում են լինում: Իսկ դրսում շատ ակտիվ եմ, հող ու ջուրը մշակում եմ, նապաստակներիս, շներիս, կատուներիս կերակրում եմ:
-Ամեն դեպքում կառավարության եւ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքն ինչպե՞ս կգնահատեք: ժողովրդի վիճակը հուսադրո՞ղ է:
-Աշխատել է պետք, աշխատել: Ես այդ մասին արդեն խոսացել եմ, իսկ այսօրվա մասին հարցրեք այսօրվա գիտուններին: Ես նախկին գիտուններից եմ:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԳԵՆԵՐԱԼՆԵՐՆ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ
ԱԺ գեներալ պատգամավորները շարունակում են բոյկոտել պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին: Բանն այն է, որ ԱԺ այդ հանձնաժողովը կազմակերպել էր «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինար: Այն նախատեսված էր թե՛ հանձնաժողովի անդամ պատգամավորների, թե՛ փորձագետների համար: Սակայն ուշագրավն այն է, որ հանձնաժողովի անդամ երեք գեներալները` Սեյրան Սարոյանը, Մանվել Գրիգորյանն ու Միհրան Պողոսյանը, սովորույթի համաձայն` ներկա չէին քննարկմանը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վերջիններս չեն մասնակցում առհասարակ նաեւ հանձնաժողովների նիստերին, քանի որ չեն ընդունում հանձնաժողովի նախագահ Կ. Նահապետյանին այն բանի համար, որ վերջինս բանակում չի ծառայել, եւ հիմա իրենց հետ փորձում է խոսել «շեֆի դիրքերից»: Համեմատության համար նշենք, որ նույն Միհրան Պողոսյանը շատ ժամանակ մասնակցում է ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստերին:
ՉԻ ԱՐՏԱԴՐԵԼ, ՉԻ ՎՃԱՐԵԼ
Հայաստանում ցեմենտի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Հրազդան» ցեմենտի գործարանը այս տարի, նախորդ տարվա համեմատ, կտրուկ նվազեցրել է հարկային վճարումները: Բայց չնայած սրան` հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկում: «Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին կատարել է 238 մլն 133 հազար 600 դրամի չափով հարկային վճարումներ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե գործարանը վճարել է 561 մլն 869 հազար 900 դրամ հարկ ու տուրք: Հարկերի նվազեցման պատճառն այն է, որ գործարանը ընթացիկ տարում դադարներով է աշխատել: Ի դեպ, այս գործարանն այս տարվա առաջին եռամսյակում հազար խոշոր հարկատուների ցանկում ընդհանրապես տեղ չի գտել: Ըստ մասնագետների` ցեմենտի գործարանի կողմից պետբյուջե վճարվող հարկերի նվազեցումը պայմանավորված է Հայաստանում շինարարության ծավալների անկումով:
ՕՐԵՆՔՈՒՄ ԿՆԵՐԱՌԵՆ
Դեկտեմբերի 18-ին ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: Կառավարության առաջարկած այս նախագծով առաջարկվում է կանոնակարգի մեջ ավելացնել պատգամավորների՝ ՍԴ դիմելու հետ կապված դրույթը, որն առկա է նաեւ Սահմանադրությունում, բայց փաստորեն ԱԺ կանոնակարգ օրենքում մինչ այդ ամրագրված չէր: Հիմա առաջարկվում է նաեւ ԱԺ կանոնակարգ-օրենքում նախատեսել, որ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմում ներկայացնելու հնարավորություն ունենա նաեւ ԱԺ խմբակցությունը: