Օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու հարցը` օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն է ներկայացվել Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների 2018-2022թթ. համար «Մաստեր պլանը» հաստատելու մասին առաջարկ:

Նշենք, որ «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների` 2018-2022թթ. «Մաստեր պլանը» դիտվում է որպես գործող փաստաթղթեր, որոնք պարբերաբար ենթարկվում են վերանայման յուրաքանչյուր 5 տարին մեկ: Դրանց հիմնական նպատակն է ուսումնասիրել օդանավակայանում հնարավոր հետագա զարգացումներն ու փոփոխությունները: ՀՀ կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջեւ 2001թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի կոնցեսիոների կողմից «Մաստեր պլանը» թարմացվելու է հինգ տարին մեկ անգամ` ընդգրկելով դրա մեջ երեսնամյա կառավարման ժամկետը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայացվող «Մաստեր պլանով» նախատեսվում է կատարել շուրջ 38.2 մլն դոլարի ներդրումներ, որի արդյունքում նախատեսվում է օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղեւորահոսքի նախատեսվող աճին, վերանորոգել վազքուղինեը, բարելավել անվտանգության մակարդակը եւ համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին: Բացի այդ` «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս օրակարգում է «Զվարթնոց»-ի հին շենքը քանդելու մտադրությունը: Բայց այն կիրականացվի միայն օդանավակայանի նստեցման հատվածի ընդլայնման նոր նախագիծը կառավարությանը ներկայացնելուց եւ քաղաքապատերանի կողմից քանդման հետագա թույլտվությունից հետո: Խոսքը կլոր մասնաշենքի մասին է, որի քանդման մասին տեղեկությունը մեծ աղմուկ է բարձրացրել ճարտարապետների մոտ: Նրանք դեմ են ժամանակին Երեւանի սիմվոլներից մեկը համարվող այդ կառույցի քանդմանը:

Ուշագրավ է, որ 2013թ. Տիգրան Սարգսյանի կառավարությունը հաստատել էր երկու օդանավակայանների մասով 2013-2017թթ. «Մաստեր պլանը», որով նախատեսված էր իրականացնել 102 մլն դոլարի ներդրում:

Այդ ժամանակ եւս «Մաստեր պլանում» ներառված է եղել կլոր մասնաշենքի քանդումը, սակայն ՀՀ նախկին վարչապետ Տ. Սարգսյանը դիմել էր կոնցեսիոներին, որպեսզի եւս մեկ անգամ քննարկվեր կլոր մասնաշենքի քանդումը: Փաստորեն, այդ մտադրությունը դեռ դուրս չի եկել օրակարգից: Ինչ վերաբերում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանին, ապա այնտեղ նախատեսվում են իրականացնել կառամատույցի վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգումից հետո նշված կայանատեղիներում հնարավոր կլինի ապահովել պայմաններ «Էյրբաս Ա-320» եւ «Բոյինգ Բ757-200» տեսակի օդանավերի շահագործման համար: Ծածկը վատ վիճակում է, ունի բազմաթիվ ճաքեր, ֆիքսացիան չի համապատասխանում պահանջներին:
Հուսանք` ՀՀ կառավարությունը, բացի «Մաստեր պլանը» հաստատելուց, ուշադրության կարժանացնի նաեւ նոր ավիափոխադրողների ներգրավման հարցը:

Ի վերջո, «Տարոն Ավիա» ընկերությունն այս տարվանից դադարեցրել է իր գործունեությունը` պատճառաբանելով, որ չի դիմանում ռուսական «Պոբեդա»-ի մրցակցությանը: Ու չնայած նրանց բարձրացրած խնդրին` կառավարությունը դեռ որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկել հարցը լուծելու ուղղությամբ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս