«Ժողովուրդ»-ը գրավիչ եւ խնամված լինելու գաղտնիքների, կարիերան ոչ մի գնով անձնականին չզոհաբերելու եւ երեխաների դաստիարակության «ընկերական» մեթոդի մասին զրուցել է երգչուհի Իրինա Հարությունյանի հետ: Նա խոստովանել է, որ տղամարդկանց հետ իր շփումները սահմանափակ են, եւ հենց այդ հանգամանքն է գրավում հակառակ սեռին:
-Իրինա՛, կին դառնո՞ւմ են, թե՞ ծնվում:
-Ինձ թվում է` ծնվում են, իսկ ընթացքում որպես կին կատարելագործվում են:
-Ի՞նչն է Ձեր արտաքինին գրավչություն հաղորդում:
-Թերեւս աչքերս: Առհասարակ, ինձ բավական դուր է գալիս իմ արտաքինը, իսկ եթե ընթացքում որոշակի շտկումների կարիք ունենամ, դիմահարդարման շնորհիվ կամ թեթեւ վիրահատական միջամտությամբ կիրականացնեմ դրանք: Այնպես որ, դեմ չեմ նման փոփոխություններին, բայց չափի մեջ:
-Ամենաշատն ինչի՞ վերաբերյալ եք հաճոյախոսություններ ստանում:
-Վերջերս շատ են ասում, որ ինձ երբեք չխնամված չեն տեսել: Ուրախ եմ դրա համար, ամեն ինչ անում եմ, որ այդպես էլ շարունակվի: Բացի այդ` ասում են, որ նուրբ եմ եւ կանացի:
-Որքա՞ն ժամանակ եք տրամադրում Ձեր արտաքին խնամքին:
-Շատ կարճ ժամանակ: Արդեն սովորել եմ արագ պատրաստվելուն: Ինձ կարգի բերելու համար հարկավոր է լինում մաքսիմումը մեկ ժամ: Իհարկե, բեմական տեսքս շատ է տարբերվում առօրյա տեսքիցս:
-Սիրո՞ւմ եք Ձեր անունը: Հավատո՞ւմ եք, որ անունները ազդեցություն ունեն մարդկանց ճակատագրերի վրա:
-Վերջերս կարդացել եմ, որ իմ անունը կրողները գործնական են եւ համարձակ: Կարծում եմ` ես հենց այդպիսին եմ: Ու թեեւ փոքր ժամանակ, դեռահասության տարիքում չէի հավանում անունս, հիմա արդեն շատ եմ սիրում այն:
-Տղամարդիկ առաջինն ի՞նչն են նկատում եւ գնահատում Ձեր մեջ:
-Տղամարդկանց շատ մոտ չեմ թողնում ինձ. հենց դա է նրանց գրավում: Սահմանափակ եմ շփումների մեջ:
-Ի՞նչ կզոհաբերեք հանուն սիրելի տղամարդու:
-Ոչ թե կզոհաբերեմ, այլ կանեմ շատ բան, բայց չեմ հրաժարվի իմ կարիերայից. դա առաջնայինն է ինձ համար:
-Կինը վանում է, երբ…
-Երբ վուլգար է, կոպիտ, երբ գռեհիկ է խոսում, այդ տեսակին, ես, օրինակ, որպես ընկերուհի չեմ ընտրի:
-Եթե ժամանակի մեջ լողալու հնարավորություն ունենայիք, ո՞ր դարերում կցանկանայիք հայտնվել:
-Կամ կցանկանայի մեր թվարկությունից առաջ ապրել, կամ մեզանից 100-150 տարի հետո:
-Տղամարդկանց գրավում են նաեւ կիրթ, զարգացած կանայք: Դուք ի՞նչ գրականություն եք սիրում:
-Անկեղծ ասած` այն համոզման եմ, որ այդ որակներով կանայք վախեցնում են տղամարդկանց: Ինչ վերաբերում է նախընտրելի հեղինակներին, սիրում եմ ընթերցել Նիցշե եւ Օշո:
-Խոհանոցում Ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրո՞ւմ, թե՞ ոչ այնքան:
-Չեմ կարող ասել, որ դա իսկ եւ իսկ իմ տեղն է, որովհետեւ ունեմ ընկերուհիներ, որոնք պարզապես ապրում են խոհանոցով, այնքան են դրանով տարված: Այսինքն` այն, ինչ ես ստանում եմ բեմից, իրենք ստանում են խոհանոցից: Բայց չեմ էլ կարող ասել, թե չեմ սիրում խոհանոցը: Երբ ժամանակ եմ ունենում եւ ընկերներիս համար խնջույքներ եմ կազմակերպում, իմ ձեռքով պատրաստում եմ տարբեր կերակրատեսակներ, ասում են, որ լավ է ստացվում:
-Երեխաների դաստիարակության հարցում խի՞ստ եք (Իրինան ամուսնալուծված է, ունի երկու երեխա` դուստր եւ որդի-հեղ.):
-Չեմ սիրում, երբ ծնողներն իրենց կամքն են թելադրում երեխաներին, ուզում են, որ նրանք իրենց պատկերացումների համաձայն մեծանան, անգամ միջամտում են մասնագիտության ընտրության հարցում: Դա սխալ մոտեցում է: Ես կողմ եմ ազատ եւ ընկերական շփմանը:
-Եվ վերջում` ո՞րն է կնոջ ամենամեծ առաքելությունը:
-Մայր լինելը, ինքնուրույն, նրբագեղ ու ամենակարեւորը` կանացի լինելը:
Անի Անտոնյան