«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր բողոքի ակցիա է անցկացնում Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց:
«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներին միացել են նաեւ ակտիվիստներ, որոնք ԱԱԾ-ից պահանջում են բացահայտել «Մարտի 1»-ի ոճրագործությունը: Բողոքի ակցիան ոստիկաններ են հսկում:
Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում հրապարակում:
Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Այս իրադարձությունների 10 զոհերն են. Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան: