Նախագահի աշխատակազմի կողմից տրված դրամաշնորհները, պարզվում է, միշտ չէ, որ օգտագործվում են արդյունավետ: «Ժողովուրդ» օրաթերթն օրերս այս թեմայի վերաբերյալ հարցում էր ուղարկել նախագահական:
Եւ ահա, նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` ներկայացրել են այդ մասին տեղեկութուններ: Մասնավորապես 2014 թվականի ընթացքում հայտարարվել է նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող 6 դրամաշնորհային մրցույթ, որոնց արդյունքում ստացվել է 214 հայտ եւ ֆինանսավորվել 85 ծրագիր: 2015 թվականի ընթացքում հայտարարվել է 7 մրցույթ, ստացվել է 193 հայտ եւ ֆինանսավորվել 62 ծրագիր: 2016-ի ընթացքում 4 մրցույթներով ստացվել է 70 հայտ եւ ֆինանսավորվել 31 ծրագիր: Իսկ նախորդ տարվա 5 մրցույթների արդյունքում ստացվել է 88 հայտ եւ ֆինանսավորվել 51 ծրագիր:
Հիմա փորձենք հասկանալ, թե վերջին տարիներին կայացած մրցույթների արդյունքում իրականացված ծրագրերն ինչին են ուղղված եղել: Հատկանշական է, որ 2013-14 թթ. միայն «Ծխախոտի դեմ պայքար›› անվանակարգի շրջանակում 35 ծրագիր է իրականացվել: Սակայն ծրագրերն այդպես էլ արդյունք չտվեցին: Հակառակ պարագայում առողջապահության նախարարությունն այս տարի հանդես չէր գա «Ծխելու դեմ պայքար»-ի օրինագծով: Չնայած այս նախաձեռնությունը քաղաքացիների կողմից սվիններով ընդունվեց, սակայն չչեղարկվեց, իսկ թե որքանո՞վ արդյունավետ կլինի, կրկին հարց է:
Հաջորդը. 2014 եւ 2015 թվականներին «Ցեղասպանության 100-րդ տարելից›› անվանակարգի շրջանակում ընդհանուր առմամբ իրականացվել է 26 ծրագիր: Նկատենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը լրացավ 2015 թվականին: Եվ չնայած երկու տարի այս թեմայի շրջանակում ծրագրեր են իրականացվել, 2016 թվականին էլ «Ցեղասպանություն եւ մշակույթ›› անվանակարգում 1 ծրագիր իրականացվեց: Ցավալի է հնչում, բայց փաստենք՝ ցեղասպանության թեման որոշ անձանց համար դարձել է բիզնեսի առարկա, եւ նրանք երեք տարի օգտվել են նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհից` այդպես փող աշխատելով:
Պարզվում է` մերօրյա հերոսները վերջին տարիներին բավական փառաբանվել են: Համենայնդեպս, դա են ենթադրում 2014-ից 2017 թվականներին դրամաշնորհի շրջանակում իրականացված ծրագրերը: 2014 թվականին այս անվանակարգի ներքո իրագործվել է 10 ծրագիր, 2015-ին` 18, 2016-ին` 7, իսկ նախորդ տարի` 8 ծրագիր: 2016 թվականին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ ծրագրի շրջանակում կազմակերպեցին 100 երիտասարդների այցելություն դեպի Եռաբլուր: Ապա նրանք մեկնել էին Գյումրու ազատամարտիկների պանթեոն: Եվ ինչպես երեւում է` ծրագրերն այսպիսի այցերով սահմանափակվեցին: Իսկ ապրող հերոսները, որոնք իրապես իրենց առողջությունն ու տարիներն են ներդրել արցախյան պատերազմում, այսօր անտեսված են: Իսկ գուցե՞ նախագահի աշխատակազմի դրամաշնորհով փառաբանվում են ՀՀԿ-ականների միակ հերոսը՝ Սերժ Սարգսյանը, կամ հավերժ երիտասարդ, փուչիկների մասնագետ, բանակում երբեք չծառայած, սակայն զինվորական համազգեստով առիթ-անառիթ խրամատում լուսանկարվող Կարեն Ավագյանը, Տարոն Մարգարյանը եւ այլք: Եվ, իրապես, ո՞ւր են գնում այդ գումարները, երբ Արցախի մի շարք ազատամարտիկներ այսօր ապրում են խղճուկ պայմաններում:
2014, 2015 թվականներին «Երիտասարդության օրերին նվիրված ծրագրերի իրականացում›› անվանակարգում մեկական ծրագիր է իրագործվել: 2016 թվականին այս անվանակարգում 4 ծրագիր է անցկացվել, իսկ նախորդ տարի` 1 ծրագիր: Այս դրամաշնորհի արդյունքում շատերը կհիշեն նախորդ տարվա փետրվարին Հյուսիսային պողոտայում անցկացված «փուչիկ-շոուն››: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` Կարեն Ավագյանի գլխավորությամբ, փուչիկների փառատոն էր կազմակերպել: Հիմնադրամը մեկ տասնյակից ավելի բուհերից տարեկան միլիոնավոր դրամներ է ստանում եւ ծախսում բազմաթիվ, իրականում որեւէ արժեք չներկայացնող փառատոների վրա: 2015-2017 թվականներին էլ մեկական ծրագիր է իրականացվել «ՀՀ նախագահի աշխատակազմի տարածքում մշակութային հանդիսությունների կազմակերպում›› անվանակարգում: Թե այդ ի՞նչ մշակութային հանդիսություններ են եղել, որ նախագահի աշխատակազմին ուրախացրել են, կարող ենք միայն ենթադրել:
Վերջում անդրադառնանք նաեւ «Մաքուր Հայաստան›› ծրագրին, որի շրջանակում նախորդ տարի 5 ծրագիր է կատարվել: Հատկանշական է, որ սա կառավարության ծրագիրն է` մեկնարկած 2017-ի ապրիլին: Այն ուղղված է աղբահավաքության եւ սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու գործին: Թե ինչո՞ւ է այս հարցով նաեւ նախագահի աշխատակազմից գումար տրվել, պարզ չէ: Առավել եւս, որ խնդրին էական լուծում չի տրվել:
Նշենք, որ դրամաշնորհների օգտագործման ընթացքին, բացի նախագահի աշխատակազմից, հետեւում է նաեւ երիտասարդական հիմնադրամը: Իսկ դրամաշնորհների նպատակային օգտագործումը հիմնականում բացակայում է, ինչի վրա երկու կողմերն էլ աչք են փակում: Ընդամենը մեկ դեպք է եղել, երբ մոնիթորինգի արդյունքում շահած կազմակերպություններից մեկն ամբողջությամբ հետ է վերադարձրել գումարը` ծրագիրը պատշաճ չիրականացնելու պատճառով: Դա եղել է 2013 թվականին: Սակայն տվյալ ՀԿ-ի անունը չի նշվում: Ինչեւէ, արձանագրենք, որ պետական բյուջեից նախագահի աշխատակազմին տրվող գումարը ոչ պատահական ՀԿ-ների է հետո փոխանցվում: Եվ խնդիրն այն է, որ նախագահականում ամենեւին չեն անհանգստանում, թե հարկատուների գումարներն ինչպե՞ս են ծախսվում: Ստացվում է` փողերի վատնման հերթական միջոցն է. անիմաստ ծախս նախագահականի կողմից: Իսկ այս տարիներին տրված դրամաշնորհները կարող էին ծախսվել այլ տեղում` նպաստելով քաղաքացիների կյանքի բարելավմանը:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ