Մեր երկրում տնտեսական հարցերով զբաղվող գերատեսչության անունը մի քանի անգամ փոփոխվեց, սակայն դրանից որակական փոփոխություն այդպես էլ տեղի չունեցավ: 2016 թվականին Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն: Դրանից հետո երկրում ո՛չ տեսանելի տնտեսական զարգացում նկատվեց, ո՛չ էլ առանձնապես խոշոր ներդրումներ:
2016 թվականի սկզբին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ներկայիս բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը. նա կառավարություն գնաց ԱԺ-ից, երբ ՀՅԴ-ն համագործակցության հուշագիր կնքեց ՀՀԿ-ի հետ: Նախկինում ընդդիմադիր Արծվիկ Մինասյանից, խոստովանենք, որոշակի ակնկալիքներ կային. նրա առջեւ պահանջներ էին դրվում հասարկության կողմից եւ ոչ միայն: Օրինակ՝ «Նաիրիտ» գործարանի վերագործարկում, ՀՀ-ում մենաշնորհների դեմ պայքար: Հիշում եք` Մինասյանի հետ նաիրիտցիները պարբերաբար հանդիպում էին ու իրենց պահանջները դնում: Իսկ մենաշնորհների դեմ պայքարի հարցում էլ նախարար Մինասյանը լրագրողների օգնությանն էր դիմել` խնդրելով իրեն փաստեր ներկայացնել: Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, երբ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, Արծվիկ Մինասյանը մի որոշ ժամանակ Էկոնոմիկայի նախարարն էր: Այդ ողջ ընթացքում Կարապետյան վարչապետն առիթը բաց չէր թողնում` Մինասյանին նկատողություն անելու: Հիշենք. 2016 թվականի սեպտեմբերի 15-ի կառավարության նիստում Կարապետյանը Արծվիկ Մինասյանին դիտողություն արեց, երբ վերջինս ներկայացնում էր «Շանթ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը 3 տարի ժամկետով հետաձգելու մասին որոշման նախագիծը: «Տալով արտոնություններ բիզնեսին՝ հետո այդ հարցով ինչ-որ կերպ մոնիթորինգ չի՞ արվելու: ՊԵԿ-ի հետ պայմանավորվեք՝ հաշվետվության ձեւ արեք, թե ինչքան աշխատատեղ է ստեղծվում»,-ասել է վարչապետ Կարապետյանը: Սրանով միջադեպը չավարտվեց: Կարապետյանը հետաքրքրվեց, թե ընկերությունը որքա՞ն ժամանակ է դիմել այդ արտոնությունների համար: Արծվիկ Մինասյանը պատասխանեց` մեկ շաբաթ: «Չեմ հավատում: Դուք բիզնեսին աջակցող նախարարություն եք ու տնտեսվարողի ձեռքը բռնած` պետք է բոլոր գերատեսչություններով գնաք: Այդ ընկերությունը 7 ամիս է՝ ձեզ հետ նամակագրություն է արել: Մենք պետք է ամեն ինչ կանոնակարգենք, բյուրոկրատիան վերացնենք։ Պետք է լինեն ձեւակերպված խաղի կանոններ, մնացած դեպքերը կվերանայենք: Պետք է վերանայել, թե ինչքան հետաձգված փող է վերադարձվել, ինչքան աշխատատեղ է ստեղծվել»,-շեշտել էր Կարապետյանը: Մի կողմից քննադատական մոտեցում կար վարչապետի կողմից, սակայն մյուս կողմից կային ակնկալիքներ` բիզնեսի եւ այլ դաշտերում որոշ խնդիրներ լուծելու առումով:
Իսկ այժմ ի՞նչ վիճակ է. 2016 թվականի սեպտեմբերի 27-ից տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Կարայանին վարչապետը ո՛չ նկատողություն է անում, ո՛չ էլ առանձնապես որեւէ կարեւոր պահանջ ներկայացնում: Բայց Կարայանը շարունակում է արտոնություններ տրամադրելու գործընթացը նույն ոճով, առանց շեղումների: Համենայն դեպս, մինչեւ հիմա Կարայանը կառավարության նիստին չի ներկայացրել որեւէ մոնիթորինգի արդյունք, ոչ էլ Կարեն Կարապետյանն է պահանջում նման փաստաթղթեր ներկայացնել: Այլ կերպ ասած` ինչ չէր կարելի ՀՅԴ-ական Մինասյանին, կարելի է, նույնիսկ խրախուսելի է Սերժ Սարգսյանի դրածո Սուրեն Կարայանի դեպքում:
Ու բացի այդ` մեկ հանգամանք էլ. եթե Արծվիկ Մինասյանից գոնե ակնկալիքներ կային, ապա այժմ Սուրեն Կարայանից ո՛չ պահանջում են, ո՛չ էլ ակնկալում, ինչպես ոչինչ չի կարելի ակնկալել վարչապետի PR-ի գործում առանցքային դերակատարում ունեցած ժիլետի թեւերից:
Սուրեն Կարայանից որեւէ մեկը չի պահանջում «Նաիրիտի» վերագործարկում: Հավանաբար մեկ պարզ պատճառով. հույս չունեն, որ նա կկարողանա այդ քայլին գալ, այսինքն՝ չեն վստահում, այսինքն՝ որպես գործոն չեն դիտում: Միայն իր նշանակման ամենասկզբում՝ 2016 թվականի հոկտեմբերին է Կարայանն անդրադարձել այս հարցին, երբ գործարանի նախկին աշխատակիցները հասան տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության դուռը: Կարայանն ընդունել էր ակցիայի մասնակիցներին, որի արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Նաիրիտ»-ի վերագործարկման հետ կապված կոնկրետ ծրագրի դեպքում քննարկել հարցը: Սակայն սրանով ամեն ինչ ավարտվեց. նաիրիտցիներն էլ հասկացան, որ Կարայանը հարց լուծող չէ եւ վերջ: Էլ չենք խոսում տնտեսական մենաշնորհների դեմ պայքարում նրա մասնակցության մասին:
Մեկ փաստ էլ. շուրջ մեկուկես տարի նախարարի պաշտոնում գտնվող Կարայանը նաեւ բավական չշփվող անձնավորություն է. նա չափազանց քիչ է հրապարակային ելույթներ ունենում, շփվում լրատվամիջոցների հետ: Եւ գերադասում է պարզապես հեռանալ կառավարության հետեւի դռներով, որպեսզի լրագրողների «ցանցը չընկնի». մեկ-երկու անգամ, երբ ստիպված է եղել հարցազրույց տալ, հավանաբար փոշմանել է իր արտահայտությունների համար, օրինակ՝ որ համոզում էր, թե քաղաքացիներն իրենց մաշկի վրա զգում են տնտեսական աճը: Բայց մինչեւ հիմա այդպես էլ որեւէ քաղաքացի չգտնվեց, բացի, իհարկե, կառավարության անդամների մերձավոր շրջապատից:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՄԵԿԸ՝ ԿՐՃԱՏՈՒՄ, ՄՅՈՒՍԸ` ԸՆԴՈՒՆՈՒՄ
Մինչ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պետական միջոցները խնայելու քողի տակ ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր է օպտիմալացնում եւ հարյուրավոր մարդկանց գործազուրկ է թողնում, այս ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմը պատրաստվում է ավելացնել հաստիքակազմը 10 հոգով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ-ն բյուջետային հայտ է ներկայացրել, ինչի համաձայն նախարարությանը կհատկացվի լրացուցիչ 10 կցորդի հաստիքի համար գումար։ Պարզվում է` ԱԳՆ աշխատակազմի հաստիքների թվաքանակը պետք է համապատասխանեցվի 2018 թվականի պետական բյուջեի հաշվարկների հիմքում դրված թվաքանակին: Ինչի արդյունքում ԱԳՆ հաստիքային աշխատողների թվաքանակը 309-ից կդառնա 319։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հինգ հաստիքը կառուցվածքային ստորաբաժանումներում, իսկ հինգը` «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունում:
ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԴՐՈՇԱԿՆԵՐԸ
Երեւանի քաղաքապետարանը շարունակում է վատնել համայնքի բյուջեի միջոցները: Այս անգամ քաղաքապետարանը պատրաստվում է միլիոնների հասնող գումարներ ծախսել դրոշակների ե՛ւ ձեռքբերման, ե՛ւ տեղադրման համար: Միայն դպրոցների, մանկապարտեզների, քաղաքային նշանակության վարչական շենքերի վրա տեղադրված ՀՀ դրոշների փոխման, հիմնային պատվանդաների նորոգման ծառայությունների համար կծախսվի 9 մլն 948 հազար դրամ: Խոսքը թվով 529 դրոշի մասին է, որոնք պետք է փոխեն ամիսը մեկ անգամ: Իսկ ահա օտարերկրյա նախագահների այցերի կապակցությամբ համապատասխան երկրի եւ ՀՀ դրոշների ձեռքբերման, դրոշակազարդարման, ապամոնտաժման համար կծախսվի 14 մլն 985 հազար դրամ: «ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նշված գումարով նախատեսվում է իրականացնել մինչեւ 4 օտարերկրյա նախագահների եւ պաշտոնական այցերի դրոշակազարդարումը: Նախնական երթուղիով անհրաժեշտ է ձեռք բերել 700 օտարերկրյա եւ ՀՀ դրոշներ: Հասկանալի է՝ իրականում գնումների գումարի մի մասը ատկատի ճանապարհով հոսում է քաղաքապետի, նրա տեղակալների ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գրպանը` նպաստելով նրանց գերհարստացմանը:
ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ
Օրերս մահացել է հոկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում անձնական խնդիրների համար 3-ամյա Հմայակ Համազասպյանին պատանդ վերցրած Արգամ Հովիկյանի հայրը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կալանքի տակ գտնվող Հովիկյանին թույլ չեն տվել ներկա գտնվել հոր հուղարկավորությանը: Նրա պաշտպանը եւ հարազատները վստահ չեն եղել, որ նրան բերելով հուղարկավորությանը` բարդ հետեւանքներ չեն ունենա:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց վերջինիս պաշտպան Արտակ Սարգսյանի հետ, որը վստահեցրեց, թե նման բան չկա, պարզապես օրենքով սահմանված կարգով նրան թույլ չեն տվել ներկա գտնվել հոր հուղարկավորությանը:
ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գէորգի Ծերեթելին Բաքվում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը ԵԱՀԿ-ի գլխավոր նպատակներից է: Ծերեթելիի խոսքերով` ԵԱՀԿ-ն աշխուժությամբ ներգրավված է տարածաշրջանի բոլոր հակամարտությունների լուծման գործընթացում: «Խորհրդարանական Վեհաժողովի եւ ԵԱՀԿ-ի համար ամենակարեւոր ու առաջնահերթ հարցերից մեկը հակամարտությունների ոչ միայն լուծումն է, այլ նաեւ դրանց խաղաղ ձեւով լուծման մասնակցությունն է: Մենք բացահայտ հայտարարում ենք, որ, ցավոք, կան թերություններ շատ ուղղություններով, նախ եւ առաջ դադարեցված հակամարտությունների հետ կապված: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա, անշուշտ, մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,-ասել է Ծերեթելին:
ԽՏՐԱԿԱՆ ՉԷ
ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը, պատասխանելով դիտարկմանը, որ չնայած ռազմավարական գործընկերության առկայությանը` հայ վարորդների իրավունքները ՌԴ-ում ոտնահարվում են, պատասխանել է. «Հայաստանն իսկապես ռազմավարական գործընկեր եւ դաշնակից է Ռուսաստանի համար, եւ դա դիրքորոշում է, որը սատարվում է Ռուսաստանի հասարակության եւ երկրի բարձրագույն ղեկավարության կողմից: Ինչ վերաբերում է առանձին չլուծված խնդիրներին, ապա դրանք Հայաստանի համար բացարձակապես խտրական բնույթ չեն կրում»: Կոսաչեւը նշել է. «Մենք Ադրբեջանի հետ նման միջխորհրդարանական ձեւաչափ չունենք, եթե խոսենք տարածաշրջանի երկրների մասին: Աշխատանքի նման ձեւաչափը ձեւավորվում է միայն այնպիսի սերտ գործընկերների եւ դաշնակիցների հետ, ինչպիսիք են, օրինակ, Ղազախստանն ու Բելառուսը: Մենք շատ լուրջ ու խորքային կերպով զարգացրել ենք համագործակցությունը միջխորհրդարանական հարթակներում»:
ՆՈՐԻՑ ՄԵՐԿԵԼԸ
Գերմանիայում Անգելա Մերկելին չորրորդ անգամ վերընտրել են երկրի կանցլերի պաշտոնում: Նրա օգտին քվեարկել են Բունդեսթագի 364 պատգամավոր, որը 35-ով քիչ է նախորդ քվեարկության արդյունքներից: Դեմ են քվեարկել 315 պատգամավոր, ձեռնպահ մնացել է 9-ը:
ՆՈՐ ՉՎԵՐԹ
Ռուսական Red Wings ավիաընկերությունը ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն` Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)-Երեւան-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթեր իրականացնելու համար: Չվերթերի մեկնարկը կտրվի մարտի 18-ին, որոնք մինչեւ ապրիլի 2-ը կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ, իսկ ապրիլի 3-ից չվերթերը կիրականացվեն շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ: