Ինչպես ՀՀԿ-ն օգտագործեց Կարեն Կարապետյանին. անգամ տնտեսական աճը նրան չի փրկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումից ի վեր արդիական է մնում նրա հետագա պաշոնավարման հարցը նոր Սահմանադրության պայմաններում, երբ կառավարության ղեկավարը դառնում է երկրի փաստացի տերն ու տիրակալը: Ի սկզբանե բազմաթիվ էին այն կարծիքները, որ Կարեն Կարապետյանին իշխող կուսակցությունը բերեց եւ այդ պաշտոնում նշանակեց` խորհրդարանական ընտրություններին նոր լիդերով հանդես գալու համար: Իշխանությունները հասկանում էին, որ Սերժ Սարգսյանի դեմքով իրենք չեն կարող մեծ շանսեր ունենալ, իսկ Կարեն Կարապետյանն իր «դրայվով» եւ բազմազան ժիլետներով կարող է գրավել հանրության վստահությունը: Այդպես էլ եղավ, եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հավաքած ձայների մեծ մասը եղել են հենց Կարեն Կարապետյանի շնորհիվ. ոմանք էյֆորիայի մեջ էին ու հանձին նրա` փոփոխությունների հույս ունեին:

Հատկանշական է փաստը, որ այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը դեռ նոր էր նշանակվել վարչապետ, ՀՀԿ-ականները միաբերան նշում էին, թե նրա հետագա պաշտոնավարումը կախված կլինի իր կառավարության ցուցադրած արդյունքներից: Ինքը` Կարեն Կարապետյանը եւս մի քանի անգամ ասել էր, որ կշարունակի աշխատել, եթե արդյունավետ եւ պահանջված լինի:

Թեկուզ թվանկարչության միջոցով, բայց Կարեն Կարապետյանին հաջողվել է որոշակի ցուցանիշներ արձանագրել: ԱՎԾ-ն հրապարակել է սոցիալ-տնտեսական վիճակի մասին տվյալներ, ըստ որոնց` միայն տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-փետրվար ամիսներին կազմել է 8.6 տոկոս: Կառավարությունը զգալի աճ է ցույց տվել նույնիսկ շինարարության ոլորտում՝ 27.7 տոկոս, այնինչ` տարիներ շարունակ այս ոլորտում միայն անկում էր: Արդյունաբերական արտադրանքի ծավալներն, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել են 8.3 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 43.2 տոկոսով, իսկ ներքին առեւտրաշրջանառությունը՝ 17.4 տոկոսով: Սրանք առաջին երկու ամսվա ցուցանիշներն են: Միաժամանակ Կարապետյանի կառավարությունը կարողացել է արդյունքներ գրանցել նաեւ նախորդ տարի. 2017թ., ըստ պաշտոնական տեղեկատվության, տնտեսական աճը եղել է ավելի քան 7 տոկոս, եւ աճ է եղել բոլոր ոլորտներում՝ արդյունաբերություն, շինարարություն, ներքին ու արտաքին առեւտրաշրջանառություն եւ այլն: Իսկ Կարապետյանի կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում թմբկահարելու, որ իրենք վերջին տարիների համար աննախադեպ արդյունք են գրանցել: Նշենք նաեւ, որ վարչապետի խոսնակ Արարատյանը նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյո՞ք Կարապետյանը ցանկանում է շարունակել պաշտոնավարումը, պատասխանել էր. «Հաշվի առնելով այն ծրագրերը եւ մատնանշած բարեփոխումները, որ իրականացնում է կառավարությունը, ինձ թվում է` ենթադրությունները Դուք կարող եք անել»:

Բայց արի ու տես, որ այս ցուցանիշներից հետո իշխող կուսակցության ներկայացուցիչները պնդում են՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, եւ նրան են տեսնում ապագա վարչապետի՝ երկրի փաստացի ղեկավարի պաշտոնում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱՎԾ-ի հրապարակած տվյալները կապեց թե՛ կառավարության աշխատանքի, թե՛ արտաքին ազդակների հետ: Սակայն նա եւս ընդգծեց, թե այս ամենի հետեւում ամեն դեպքում Սերժ Սարգսյանի իշխանության ու ՀՀԿ-ի ծրագիրն է կանգնած: «Այս ամենի վրա իր դրական ազդեցությունը երկու գործոն է թողնում: Առաջինը՝ ԵՏՄ-ն է, որի շուկան գնալով իրեն զգացնել է տալիս: Իսկ երկրորդը` ես կարծում եմ` էական նշանակություն ունի ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների ջերմացումը»,- նշեց նա:

Դիտարկմանը` մեջբերված տվյալները կարո՞ղ ենք դիտարկել Կարեն Կարապետյանի կառավարության հաջողություն, թե՞ սա իշխանությունների աշխատանքի արդյունքն է, Հարությունյանը նշեց. «Ես Կարեն Կարապետյանի եւ իշխանությունների հաջողությունները չէի տարանջատի: Կարեն Կարապետյանն իր քաղաքականությունն իրականացնում է այն օրենսդրական նախաձեռնություններով, որոնք անցնում են Ազգային ժողովով: Կարապետյանն իրականացնում է ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի պահանջները: Ես չեմ կարող պնդել, թե այդպիսի հաջողություն կլիներ նաեւ այլ վարչապետի դեպքում, սակայն պետք է համաձայնենք, որ կա կառավարության գործունեության ծրագիր, որը ՀՀԿ-ի պատասխանատվությունն է որպես իշխող ուժ: Այդ ծրագրի դրույթներն են հենց իրականացվել կառավարության կողմից: Արդյո՞ք դա կարելի է վերագրել միայն կառավարությանը, համաձայնեք, որ իշխանություններին վերագրելն անհամեմատ ավելի արդարացված է: Դե, իհարկե, նախագահն ազդեցություն ունեցել է», – նշեց նա:

Խոսրով Հարությունյանի խոսքով` Սերժ Սարգսյանը բոլոր կարեւոր ոլորտներն իր տիրապետության տակ է պահել՝ հաճախակի հանդիպելով պաշտոնյաների հետ: Հարցին՝ անարդար չէ՞, որ Կարապետյանն այսքան արդյունավետ է աշխատել, սակայն իր տեղը պետք է զիջի Սերժ Սարգսյանին, ում անփոխարինելի են համարում, Հարությունյանը նկատեց. «Իհարկե ոչ: Հարցրեք Կարեն Կարապետյանին, ինքն իրեն շատ է վստահ զգում, ասենք, Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմանն ուղղված բանակցություններում: Նա, իմ կարծիքով, պատասխանելուց առաջ երկար կմտածի: Ես կարող եմ բազմաթիվ այդպիսի օրինակներ բերել, որոնք կապ չունեն տնտեսության հետ, եւ Կարեն Կարապետյանը եւս կխորհի՝ արդյո՞ք այդպես հանպատրաստից արժի այդպիսի պատասխանատվության տակ մտնել»:

Ստացվում է՝ ՀՀԿ-ի համար ձայներ բերելու հարցում Կարեն Կարապետյանն անփոխարինելի էր, նրա «ժիլետն» օգտագործեցին, սակայն հիմա միեւնույն է` Սերժ Սարգսյանն է շարունակելու իշխանության ղեկին մնալ: Այն, որ նոր Սահմանադրության պարագայում Սերժ Սարգսյանը զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը, պարզ էր ի սկզբանե. սա վաղուց ծրագրված սցենար էր, եւ ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների ողջ գործընթացը կազմակերպվեց, ու կյանքի գնով իշխանություններն այն իրականություն դարձրին հենց Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրության համար: Ու միայն ծայրաստիճան միամիտներն էին համոզված, որ կարող է ինչ-որ փոփոխություն տեղի ունենալ, եւ որ Ս.Սարգսյանն իշխանությունը կփոխանցի Մոսկվայից եկած Կարապետյանին:

Հ.Գ. Օրեր առաջ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Կարեն Կարապետյանը խուսափեց պատասխանել իր հետագա պաշտոնավարման շուրջ հարցին: Մասնավորապես «Ելք»-ի պատգամավորներից Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ վարչապետը նշել էր, թե պատրաստ է հետագայում էլ պաշտոնավարել, ինչին ի պատասխան` Կարապետյանը շեշտեց. «Հարց եք տվել՝ պատրաստ եմ, թե չէ ասել եմ՝ պատրաստ եմ, քննարկումը դեռ չկա»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս