mediamax.am-ը գրում է.
Ապրիլի 3-ից Երեւանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանությունը, այլ նորաբաց «ՎիզաՄետրիկը», որը ռուս-թուրքական կոնսորցիում է։
Այս փոփոխությունը ներառում է Շենգենյան վիզայի համար դիմումների եւ փաստաթղթերի ընդունման, փոխանցման եւ վերադարձման ամբողջ գործընթացը։ Յուրաքանչյուր դիմումի մուտքագրման համար «ՎիզաՄետրիկը» գանձելու է €20 համարժեք սպասարկման վճար՝ ՀՀ դրամով։
Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր պատասխանելով Մեդիամաքսի հարցին՝ ասել է.
««Վիզամետրիկը» ռուս-թուրքական կոնսորցիում է, որի հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում։ Այս ընկերությունը երկարամյա փորձ ունի՝ որպես առանձին ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Այն մասնակցել է հայտարարված մրցույթին եւ շահել է մի շարք վայրերում, այդ թվում՝ Միջին Ասիայում եւ այս տարածաշրջանում ծառայություններ մատուցելու մրցույթում»։
Դեսպանն ընդգծել է, որ մրցույթի արդյունքների ամփոփման հարցում դեր չի ունեցել, թե ընկերությունը որ երկրում է գտնվում։
«Հայտարարված մրցույթը վերաբերում էր ոչ թե միայն Հայաստանին, այլ ողջ տարածաշրջանին։ Անձնական տվյալների անվտանգությանը վերաբերող մտավախությունների մասով կարող եմ հավաստիացնել, որ դրանց պահպանությունը մեզ համար բարձր արժեք է եւ մենք կարող ենք երաշխավորել՝ որեւէ տվյալ արտաքին օգտագործողների չի հասնի։ Գրասենյակը ղեկավարելու է հայ ներկայացուցիչը եւ աշխատակազմում բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու»,-ասել է դեսպանը։
Նա տեղեկացրել է, որ վիզաների դիմումների վերաբերյալ որոշումները այսուհետ եւս կայացվելու են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: