«HALO Trust» կազմակերպությունը հրապարակել է Արցախի Հանրապետության Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով զոհված աշխատակիցների անունները: Նրանք են՝ Պավել Ակոպովը, Սամսոն Ավանեսյանը և Մարատ Պետրոսյանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպությունը հայտնում է, որ պայթյունի հետևանքով երկու վիրավորները ներկայում Ստեփանակերտի հիվանդանոցում են, «HALO Trust»-ը կապվել է բոլոր տուժածների ընտանիքների հետ: «Մենք սերտորեն համագործակցում ենք տեղի ոստիկանության և իշխանությունների հետ և կոչ ենք արել քննիչներին զեկուցել միջադեպի բոլոր փաստերի մասին»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
«HALO Trust»-ի ներկայացուցիչները հայտնել են «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցներին, որ թե՛ մահացածները, թե՛ վիրավորները Արցախի բնակիչներ են:
Միջադեպի առնչությամբ խոսել է «HALO Trust»-ի գործադիր տնօրեն Ջեյմս Քոուանը՝ ասելով. «Ամեն օր աշխարհով մեկ HALO-ի ավելի քան 8000 աշխատակից աշխատանքի է գնում այնպիսի վայրեր, որտեղ, նրանցից բացի, էլ ոչ ոք չի կարող քայլ անել, և այս ողբերգական միջադեպը ի ցույց է դնում այն, թե ինչ վտանգների հետ են բախվում նրանք, ինչպես նաև ընդգծում է այդ աշխատանքի կարևորությունը: Մեր գործընկերները մահացել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար տարածքն ավելի ապահով դարձնելու աշխատանքի ժամանակ»: