Ադրբեջանցի վտարանդի լրագրողը Ֆրանսիայում զինված հարձակման է ենթարկվել. նրա կինը սպանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար այդ երկրից վտարված Ռահիմ Նամազովը և նրա կինը զինված հարձակման են ենթարկվել Ֆրանսիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle պարբերականը:

Պարբերականի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 30-ին, Թուլուզի մոտակայքում գտնվող Կոլոմիերս քաղաքում: Հարձակման հետևանքով Ռահիմ Նամազովը հրազենային ծանր վնասվածքներ է ստացել, իսկ նրա կինը՝ սպանվել: Կոլոմիերս քաղաքի քաղաքապետը չի բացառել լրագրողի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի հավանականությունը:

Ֆրանսիական ոստիկանության աղբյուրի տվյալներով՝ Նամազովն ու նրա կինը մեքենայով երթևեկելիս են եղել բնակելի թաղամասերից մեկում, երբ նրանց ուղղությամբ 7 կրակոց է արձակվել: Կոլոմիեի քաղաքապետ Քարին Տրավալ Միշելեն հայտնել է, որ հնարավոր չէ չմտածել, որ քաղաքական հաշիվների մաքրում է տեղի ունեցել, քանի որ Նամազովը լրագրող է, որին հայրենիքում կտտանքների են ենթարկել և բանտ են նստեցրել, որից հետո նա քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում: Նամազովը հրազենային վնասվածքներ է ստացել թիկունքի հատվածում. բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար, իսկ կինը մոտ տարածությունից գլխին արձակված կրակոցից տեղում մահացել է:

Ռահիմ Նամազովը եղել է Ադրբեջանի իշխանությունների ամենախիստ քննադատներից մեկը: Նա մեկ անգամ բանտ է նստել՝ մինչև 2010թ. Ֆրանսիայից քաղաքական ապաստան խնդրելը: 2010թ. YouTube-ում հրապարակված տեսանյութում Նամազովը պատմել է, որ ինքն Ադրբեջանում բանտ է նստել այն բանից հետո, երբ գրել է ադրբեջանական բանակում զինծառայողների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին: Նա հայտնել է, որ ինքը 6 ամիս մեկուսարանում է անցկացրել:




Լրահոս