«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հակառակ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդպես էլ չի հրապարակել եւ ոչ էլ ԱԺ ներկայացրել իր ամենամյա զեկույցը: Բանն այն է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը ՀՀ ԱԺ է ներկայացնում տարեկան հաղորդում` նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին»: Միաժամանակ նա առաջին եռամսյակի ընթացքում պետք է հրապարակի զեկույցը:
Առաջին եռամսյակն ավարտվել է, սակայն Թաթոյանը ո՛չ հրապարակել է զեկույցը, ո՛չ էլ ուղարկել ԱԺ: Չի բացառվում` վաղը եւեթ նա փորձի շտկել սխալը` արդարանալով, թե մարտի 31-ը շաբաթ օր էր, ապրիլի 1-ը` կիրակի, ապրիլի 2-ը՝ ոչ աշխատանքային: Բայց համաձայնեք` օրենքում նշված է, որ հաղորդումը պետք է ներկայացվի առաջին եռամսյակի ընթացքում, ուստի կարելի էր այդ աշխատանքները կազմակերպել ավելի վաղ: Տեսնես՝ ՄԻՊ-ն իր զեկույցում անդրադարձե՞լ է 2017թ. ԱԺ ընտրություններին, որտեղ ոտնահարվեցին մարդկանց քաղաքական ազատությունները: