«Հայաստանցիների 27.3 տոկոսը ցանկանում է վարչապետի պաշտոնում տեսնել Կարեն Կարապետյանին, 24.8 տոկոսը՝ Սերժ Սարգսյանին». Gallup

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում GALLUP International ասոցիացիայի լիիրավ անդամ ԷՄ ՓԻ ՋԻ ընկերության անցկացրած սոցիոլոգիական հարցման մասնակիցների մեծ մասը 2018թ. ապրիլի 9-ից հետո Հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածուներից վարչապետի պաշտոնում ցանկանում են տեսնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և գործող վարչապետ Կարեն Կարապետյանին: Սերժ Սարգսյանը առավել բարձր վարկանիշ ունի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վարման, արտաքին քաղաքականության իրականացման և բանակին վերաբերվող հարցերում, Կարեն Կարապետյանն առավել բարձր է դիրքավորվում սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերի լուծման տեսանկյունից:

Ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը «Էմ Փի ՋԻ» ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանն ընդգծեց, որ հարցման մասնակիցներին տվել են հետևյալ հարցը. «Համաձայն ՀՀ նոր Սահմանադրության վարչապետի դերակատարումն ունի առավել մեծ կարևորություն, հաշվի առնելով վերոնշյալը, Հանրապետական կուսակցության hնարավոր թեկնածուներից ո՞ւմ կուզենայիք տեսնել ՀՀ վարչապետի պաշտոնում 2018թ. ապրիլի 9-ից հետո»:

Հարցվածների 27.3 տոկոսը վարչապետի պաշտոնում ցանկանում է տեսնել ՀՀ գործող վարչապետ Կարեն Կարապետյանին, 24.8 տոկոսը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, 8.6 տոկոսը` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, 10.9 տոկոսն` այլ թեկնածուների: ՀՀԿ-ից վարչապետի պաշտոնում ոչ մեկի չի տեսնում հարցվածների 17.2 տոկոսը, հարցին դժվարացել է պատասխանել 11.3 տոկոսը: «Այսպիսով ակնհայտ է, որ ՀՀԿ-ում կա երկու առաջատար թեկնածու` Կարեն Կարապետյանը և Սերժ Սարգսյանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արամ Նավասարդյանը:

Սոցիոլոգիական հարցումը իրականացվել է 2018թ. մարտի 22-30-ը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Հարցմանը մասնակցել է 1120 մարդ:




Լրահոս