Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Հայաստան. նա Մայր Աթոռում է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Վեհափառն արդեն ժամանել է և ունի մի շարք հանդիպումներ, բայց ոչ հանրահավաքի մասնակիցների հետ: Վեհափառը կհանդիպի վարչապետ Սերժ Սարգսյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ»,-ասաց նա:
Այցը մեկօրյա է:
Հայաստան մեկնելուց առաջ Բեյրութի օդանավակայանում Արամ Ա-ն խոսել էր Երևանում տիրող իրավիճակի մասին: «Անհանգիստ է Հայաստանը, անհանգիստ ենք նաև մենք՝ բոլորս: Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, նույնպես հայրենի մեր ժողովրդի ցավն ու մտահոգությունը մերն է, հետևաբար անտարբեր չենք կարող մնալ հայրենի ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ»,- ասել էր նա՝ նշելով, որ անտարբեր չի Երևանի փողոցներում ընթացող իրադարձությունների նկատմամբ: