Երեւանի Կամերային պետական թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանը, ում վերջին շրջանում տեսանք «Կաբարե ռեստարտ», «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումներում, պիես է հեղինակել, որն առաջիկայում պատրաստվում է հանձնել հանդիսատեսի դատին։ Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ պիեսի հիման վրա բեմադրվելիք ներկայացման մեջ կխաղա նաեւ ինքը։
Հայտնի է մեկ այլ դերասանի անուն եւս, որն ընդգրկված է նեկայացման մեջ․ խոսքը Անդրանիկ Հարությունյանի մասին է. «Պիեսը, որը ռոմանտիկ կատակերգություն է, ինքս ինձ համար եմ մտահղացել (ծիծաղում է), նախատեսել էի, որ դրանում խաղալու է նաեւ Անդրանիկը։ Դեռ հայտնի չէ, թե մյուս՝ երրորդ կեպարը, ով կմարմնավորի։ Պիեսը հավանաբար կբեմադրվի հենց Կամերային թատրոնում։ Ինձ համար շատ կարեւոր է, որ ներկայացման շուրջ հավաքված թիմը ոգեւորիչ լինի, սիրում եմ, երբ թիմակիցները մեկը մյուսից էներգիա են ստանում։ Ի դեպ, պիեսի համահեղինակը Արթուր Հովհաննիսյանն է, մասնագիտությամբ՝ ռեժիսոր։ Ասեմ, որ մեր գործը ներկայացրել ենք տարբեր մտավորականների, եւ նրանց կողմից հետաքրքիր արձագանքի արժանացել»,-պատմեց Քեթրինը։
Հարցին, թե երբվանից է սկսել գրական գործունեությամբ զբաղվել, դերասանուհին պատասխանեց, որ վաղ հասակից մշտապես ստեղծագործել է թե՛ արձակ եւ թե՛ չափածո ժանրերում. «Տեւական ժամանակ էր՝ թողել էի գրելը, բայց վերջերս վերսկսեցի ստեղծագործել»,-նշեց նա։
Դերասանուհին հույս հայտնեց` ներկայացման պրեմիերան տեղի կունենա այս տարի. «Ոգեւորվածությունս չի մարում, բայց այսօր երկրի ներքաղաքական իրավիճակը չի թողնում մարդուն կենտրոնանալ, բոլորիս էմոցիոնալ ֆոնն էլ բավական բարձր է, շատերը, այդ թվում՝ ընկերներս, հուզված են, այդ պատճառով ժամանակավորապես դադարեցրել ենք պիեսի շուրջ աշխատանքները։ Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կընթանա, եւ կշարունակենք ստեղծագործել»,-ասաց նա։
Մենք հետաքրքրվեցինք՝ կտեսնենք, արդյոք, Քեթրինին հեռուստատեսային նախագծերում, դերասանուհին ունի, արդյոք, հրավերներ. «Իհարկե, հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ լինում են, բայց դրանք չեն բավարարում ինձ, ուստի մերժում եմ։ Փոխարենը հեռուստադիտողներն առաջիկայում կտեսնեն ինձ սիթքոմում՝ հումորային կերպարում»,-եզրափակեց Քեթրինը։
Աննա Բաբաջանյան