«Հեղափոխությունն արդեն շատ երգիչների համար «ռասկրուտկի» թեմա է. Լիանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես միայն կողմ եմ, որ իմ ժողովուրդը գոհ եւ ժպիտը դեմքին ապրի, եթե Նիկոլ Փաշինյանը մեզ դեպի դա է տանում, ես միայն ուրախ եմ: Վերջին երեսուն տարվա ընթացքում չէի տեսել, որ ազգս այսքան ժպտար»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգչուհի Լիանան:

Նրա խոսքով՝ ինքը անմիջական եւ անկեղծ մարդ է, ուստի Նիկոլ Փաշինյանի պահվածքը իր սրտով է. «Ես տեսնում եմ, թե ժողովուրդը ոնց է սիրում իրեն, իսկ այդ սերը, հավատացեք, վաստակում են: Հատկապես հայ ժողովուրդը մի քիչ դժվար է ինչ-որ մեկին անվերապահ սիրում»,-ասաց Լիանան:

Նրա խոսքով՝ Փաշինյանը հոգով-սրտով ուզում է ժողովրդի համար լավ բան անել. «Զգացվում է, որ նա իր մասին չի մտածում, այլ ուզում է, որ մարդիկ լավ ապրեն: Ես այնքան մեծ ցավ ապրեցի, երբ տեսա, թե ժողովուրդն ինչ ծայրահեղ վիճակում է, որ մի մարդու պես ելել է փողոց, այն էլ՝ այս համբերատար ժողովուրդը: Հասկացա նաեւ, որ իմ ազգը շատ միասնական է, եւ այն տարածված կարծիքը, թե մենք անմիաբան ենք, միֆ է»,-անկեղծացավ Լիանան:

Ժողովրդական շարժմանը երգչուհին չի մասնակցել, որովհետեւ այդ ընթացքում երիկամի վիրահատություն է ունեցել, բայց նրա ընտանիքի անդամները եղել են ժողովրդի կողքին. «Բայց հոգով, սրտով ես եղել եմ իմ ազգի կողքին»,-շեշտեց երգչուհին:
Հեղափոխության տարբեր փուլերի ընթացքում մի շարք երգեր գրվեցին այդ թեմայով: Լիանան ընդգծեց՝ պարտադիր չէ, որ բոլորը իրենց պարտքը համարեն դա անել. «Հեղափոխությունն արդեն «ռասկրուտկի» թեմա է: Երգողներից շատերն իրենք իրենց են գովազդում Նիկոլ Փաշինյանի միջոցով: Ես նման բաներ չեմ սիրում: Եթե մեծամասնությունը անում է մի բան, ես դա չեմ անում: Ստանդարտներից դուրս քայլերի կողմնակից եմ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Անի Անտոնյան




Լրահոս