«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, դատախազության աշխատակիցներից շատերը չեն կարողացել աշխատավայր մտնել, իսկ ովքեր եղել են շենքում, չեն կարողացել դուրս գալ: Անգամ Երեւանի վարչական շրջանների եւ մարզերի դատախազները չեն կարողացել հաշվետվությունների եւ քննարկումների համար ներկայանալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Բանը հասել է նրան, որ դատախազությունից դիմել են ոստիկանություն՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, սակայն ապարդյուն: Մեր հարցմանն ի պատասխան` դատախազությունից հայտնեցին, որ թեեւ փորձեր արվել են խոչընդոտելու դատախազության գործունեությանը, աշխատակիցների տեղաշարժին, սակայն « ինչպես աշխատակիցների, այնպես էլ դատախազների համար ելումուտը ՀՀ գլխավոր դատախազություն ապահովվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական պահպանությունն իրականացնող ոստիկանների կողմից»:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: