Ինչպես հայտնի է, հունիսի 30-ի երեկոյան եւ հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը նախիջեւանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել: Ի պատասխան` ՀՀ ԶՈՒ-երը պատասխան կրակ էին բացել` թույլ չտալով հակառակորդին կատարել իր խնդիրը: Փոխհրաձգության ընթացքում թեթեւ վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող Վահագն Բաղդասարյանը:
Երեկ հանրապետական կենտրոնական հավաքակայանում անդրադառնալով այս դեպքերին` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը նշել էր, որ Նախիջեւանում իրավիճակը վերահսկելի է, եւ անհանգստանալու ոչինչ չկա: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի ռազմական եւ քաղաքական գործիչ, արցախյան պատերազմի հրամանատար Վահան Բադասյանի հետ:
-Պարո՛ն Բադասյան, Նախիջեւանում Ադրբեջանի ԶՈՒ-երի ակտիվությունն ի՞նչ է հուշում:
-Կարծում եմ` իրավիճակն Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման սադրանք է, որ Ադրբեջանն ամեն գնով ուզում է պատերազմի կամ շանտաժի միջոցով իր նպատակին հասնել: Եվ կարծում եմ` այսօր մենք մտածելու տեղիք ունենք, որովհետեւ եթե պատերազմն իրենք սկսեն, մենք պետք է պատրաստ լինենք ամեն կերպ հարված տալու: Բայց այնքանով է լավ իրավիճակը մեզ համար, որ մենք նախկին ռեժիմից ազատվել ենք եւ այժմ ի դեմս Հայաստանի` ունենք ուժեղ իշխանություն, ժողովրդի վստահությունն ունեցող իշխանություն: Ես նախորդ տարիներին նշել եմ, որ հնարավոր է` պատերազմն Արցախում չսկսվի, այլ Նախիջեւանի սահմանին սկսվի, քանի որ Թուրքիան հնարավորություն կունենա այդ ձեւով ներքաշվել պատերազմի մեջ եւ իր բանակն օգտագործել: Ես կարծում եմ` այդպես էլ լինելու է: Շատ մտածելու տեղիք չկա, եւ հիմա եթե պատերազմ է, պետք է այդ պատերազմն ընդունել: Մենք չենք կարող ուրիշ ձեւ ապրել: Մնում է միայն` հայկական կողմը պատրաստվի դրան:
-Իսկ արցախյան ուժերը պատրա՞ստ են դիմակայելու:
-Չնայած Արցախում ռեժիմը պահպանվում է, ես համոզված եմ, որ պատերազմը սկսելուն պես այլ իրավիճակ է լինելու, քանի որ արդեն գործում է հայաստանյան վստահելի իշխանության հանգամանքը, եւ Արցախում չեն կարող ուրիշ ձեւով վարվել: Անկարող կադրերը, անկարող ուժերը արդեն չքանալու, մի կողմ են քաշվելու: Արցախում էլ ամեն ձեւով պատրաստ են, անպատրաստ ոչինչ չկա: Այս պահին Արցախի հարավային ուղղությամբ ցուցադրական աշխատանքներ են հակառակորդի կողմից: Մեր ուժերը գտնվում են առաջնագծում եւ պատրաստ են դիմագրավելու հակառակորդի ցանկացած ոտնձգության: Համոզված եմ, որ հակառակորդի ցանկացած հարձակում` թեկուզ թուրքական ուժերի ուղեկցությամբ, ավարտվելու է իրենց պարտությամբ, եւ ստիպված են լինելու բանակցություններում ավելացնել եւս երկու շրջան Արցախին վերադարձնելու խնդիրը:
-Դուք ասացիք, որ Արցախում ռեժիմը դեռեւս պահպանվում է: Հայտնի է, որ կադրային փոփոխություններ եղան: Դրանք դրական ազդեցություն չունեցա՞ն:
-Այդ կադրերի նշանակումը չի կարող համակարգային փոփոխությունների բերել: Դրականն այն է, որ վախի մթնոլորտը եւ նախկին ռեժիմի կոշտ ու կոպիտ լինելն այլեւս գոյություն չունի: Բայց իշխանությունը համարժեք չէ մեր ազգային բնավորությանը: Տեսեք, 2016 թ. ապրիլին մենք համարժեք գործողություններ չտեսանք: Եվ պատճառներից մեկն էլ հայաստանյան եւ արցախյան ռեժիմն էր, որ մենք չկարողացանք պատշաճ կերպով անմիջապես հակահարված տալ հակառակորդին: Հիմա կարծում եմ` այդպես չի լինի, իրենք տեղի կտան, եւ մենք հնարավորություն կունենանք ավելի ակտիվ գործելու: Փոփոխություններ երեկ էլ եղան. Արցախի նախագահը Արայիկ Հարությունյանին նշանակեց խորհրդական, բայց դա չի նշանակում, որ Բակո Սահակյանի իշխանությունը ճգնաժամ չունի: Ունի ճգնաժամ, եւ որքան արագ Սահակյանը հրաժարական տա, եւ նոր նախագահ ընտրվի ԱԺ կողմից այս անցումային փուլում, այնքան ավելի իրադրությունը կլինի մեր օգտին:
-Այս ֆոնին ՀԱՊԿ-ը պե՞տք է միջամտի:
-ՀԱՊԿ-ը գոյություն չունի: Դա դեկլարատիվ մի կառույց է, որը հիմնականում ծառայում է Հայաստանի ժողովրդին հույսեր տալու եւ Ռուսաստանի դերը տարածաշրջանում մեծացնելու համար: ՌԴ-ն շարունակում է մնալ մեր ոխերիմ բարեկամը: Դա պատմական փաստ է:
Զրուցեց Մերի Մարտիրոսյանը