Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր: Այդ նպատակին հասնելու գործընթացը բարդ է, սակայն՝ խիստ անհրաժեշտ: Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Դա շատ կարևոր է մեր ազգի առողջությունը պահպանելու տեսանկյունից: Այսինքն՝ որքան հնարավոր է պետք է զերծ մնանք բոլոր վնասակար սովորույթներից: Երիտասարդների շրջանում այդ սովորույթը պետք է բացառել թե լուսավորչական աշխատանքով, թե խրախուսելով, որ առողջ ապրելակերպը նախընտրեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արսեն Թորոսյանը:
Առողջապահության նախարարը օրեր առաջ այս թեմայի հետ կապված՝ սոցցանցի իր էջում գրառում էր կատարել: «Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր: Ծխախոտն է սրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը։ Սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի ինսուլտը դրանցից ամենավտանգավորներն են։ Եվ մենք, այս երկու հիվանդությունների բուժումն ավելի հասանելի դարձնելու հետ մեկտեղ, պետք է նվազեցնենք դրանցով հիվանդացությունը՝ կտրուկ իջեցնելով ծխախոտի օգտագործումը»,-գրել էր նախարարը: