Հիշում եք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ Զարուհի Փոստանջյանը խոստումը ՀՀԿ-ականների կյանքը դժոխքի վերածելու մասին: Դժվար է ասել` հատկապես կոյուղաջրերի հայտնի պատմությունը ՀՀԿ-ականների համար որքանով էր դժոխալի, բայց դրանից հետո Փոստանջյանին իր երեք հոգանոց խմբակցության հայտարարություններով ու ծիծաղաշարժ քայլերով պարբերաբար հաջողվում էր ավագանու եւ ընդհանրապես, քաղաքապետարանի գործունեությունը դժոխքի փոխարեն վերածել կրկեսի: Կրկես, որի գալա-համերգը ավագանու երեկ տեղի չունեցած նիստն էր, երբ «Երկիր ծիրանի»-ի երեք հոգանոց խմբակցությունը որոշել էր Զարուհի Փոստանջյանին առաջադրել քաղաքապետի թեկնածու:
Երեւանի քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականով ՀՀԿ-ն մայրաքաղաքում եւս հանձնեց իշխանությունը: ՈՒ պարզ էր՝ Երեւանի ավագանու ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները գնում են արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհով, երբ հայտարարեցին քաղաքապետի պաշտոնում թեկնածու չառաջադրելու մասին: Սա քաղաքական նոր իրողությունների հրամայականն է. ՀՀԿ-ն, ունենալով կոճակային մեծամասնություն, չի կարող իր կազմից մեկ ուրիշի թեկնածությունն առաջադրել ու քաղաքապետ դարձնել, իսկ «Ելք»-ն էլ չի պատրաստվում ավագանիում ՀՀԿ մեծամասնության պայմաններում քաղաքապետ ունենալ, առավել եւս, երբ այս ավագանիում չունեն այդ պաշտոնի լուրջ հավակնորդ:
Այս իրավիճակում, երբ հստակ գիտես, որ ավագանու 65 հոգանոց կազմից ընդամենը երեք հոգի է պատրաստ քվեարկել ու չունես հաղթելու անգամ նվազագույն շանս, ինքնանպատակ թեկնածություն առաջադրելն ուղղակի ծիծաղելի է: Ծիծաղելի, բայց միաժամանակ նաեւ ողբերգական: Բանն այն է, որ ճակատագրի երջանիկ բերումով միայն Փոստանջյանին հաջողվեց Երեւանի ավագանիում տեղ ունենալ:
Քաղաքական դաշտի հիմնական դերակատարները՝ ԲՀՅ, ՀԱԿ, ՀՅԴ եւ այլք ԱԺ ընտրություններից հետո ծանր վիճակում էին ու հրաժարվեցին մասնակցել ավագանու ընտրություններին: Եւ Փոստանջյանի ստեղծած «Երկիր ծիրանի» կուսակցությանն ընտրեցին նրանք, ում համար անընդունելի էր իշխող ՀՀԿ-ն ու ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Ելք»-ը: Ավագանու նիստում կոյուղաջրջերի պատմությունը եւս աշխատեց հօգուտ Փոստանջյանի ու նրա ղեկավարած խմբակցության, քանի որ հասարակությունը սիրեց ՀՀԿ-ականների բռի գործողությունների արդյունքում տուժած կանանց: Զոհի կերպարում Փոստանջյանի վարկանիշն իրոք բարձրացավ: Բայց որքան սրընթաց բարձրացավ այդ վարկանիշը, նա նույնքան սրընթաց եւ այն տանուլ տվեց հենց նման գործողություններով: