ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԱԱԾ-ն ձերբակալել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին: Պարզվում է` համայն հայության հանգանակած գումարներով Արա Վարդանյանը օնլայն խաղադրույքներ է կատարել: ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն` Արա Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցները` 14 մլն դրամ օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Այսինքն` խոսքը հիմնադրամին տրամադրված գումարների մասին է: Եվ այն գումարների, որոնք յուրաքանչյուր տարի հավաքվում էր տարբեր վայրերում գտնվող անձանց կողմից` այս կամ այն ծրագիրն իրականացնելու համար: «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2004 թվականից սկսած է հեռուստամարաթոններ կազմակերպել եւ, ըստ պաշտոնական տվյալների, հավաքված գումարն ուղղել այս կամ այն ծրագրի իրականացմանը: Եվ հետաքրքիր է, որ համեմատելով հեռուստամարաթոնի` տարբեր տարիների արդյունքները` ականատես ենք լինում նաեւ հավաքված գումարի նվազման: Մասնավորապես 2017 թվականին հեռուստամարաթոնը կրում էր «Բերքառատ Արցախ» խորագիրը, եւ հավաքվել էր 12 մլն 500 հազար դոլար գումար: Ընդ որում` հավաքված 12,5 մլն դոլարի կառուցվածքը նայելիս ստացվում է հետեւյալ պատկերը. եթե հանում ենք հայաստանյան խոշոր գործարարների նվիրատվությունները, ստացվում է սփյուռքից մոտ 6 մլն դոլար է տրվել։ «Հեռուստամարաթոն 2016»-ը, որն անցկացվել էր «Իմ Արցախը» խորագրի ներքո, արձանագրել էր 15 մլն 428.7 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Ընդ որում` խոշոր նվիրատվություններ կատարած անձանց շարքում գրեթե նույն անուններն էին: Նշենք, որ այս վերջին տարիների մարաթոնների ժամանակ ամենաշատ գումարը հավաքվել էր 2013 թվականին՝ 22 մլն 661 հազար դոլար, որն ուղղվել էր Հայաստանում եւ Արցախում մի շարք ծրագրերի իրագործմանը` գլխավորապես Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից տարվա ռազմավարական ծրագիր ճանաչված շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը: Այս տարեթվից հետո նվիրատվությունների չափը սրընթաց անկում ապրեց՝ հասնելով 12 մլն դրամի:
Եվ Սփյուռքում բնակվող հայերը, որոնք տարիներ շարունակ հավատարիմ մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոններին ու բարեգործական ճաշկերույթներին, այսօր շոկի մեջ են ԱԱԾ-ի կողմից իրականացված բացահայտումներից։ Ընդ որում, Արա Վարդանյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2009թ., մինչ այդ էլ մի քանի տարի աշխատել է հիմնադրամում: Ի դեպ, Արա Վարդանյանն իր բոլոր հարցազրույցներում հպարտացել է, որ հիմնադրամի տնօրենի` ավելի քան մեկ միլիոն դրամ աշխատավարձն իրեն գոհացնում է:
Զավեշտալին այն է, որ Արա Վարդանյանը պատգամավոր Մանվել Գրիգորյանի մասին բացահայտումներից հետո սոցիալական ցանցի իր էջում գրառում էր արել, հույս հայտնել, թե այլեւս նման մարդիկ չեն լինի, բայց փաստացի նրա մասին բացահայտումից մարդիկ ոչ պակաս զարմանք չապրեցին, որքան Մանվել Գրիգորյանի մասին բացահայտումից հետո:
«Առավոտյան արթնացա, սարսափելի երազ էի տեսել, մտա ՖԲ ու հասկացա, որ երազ չէր: Մեկը ասում ա կախել, մյուսը` գնդակահարել, մեկ ուրիշը` ցմահ նստացնել, իսկ ես կասեմ` ՄՏԱԾԵԼ: Մտածել նրա մասին, որ այս մարդը ապրում եւ արարումա մեր հասարակության մեջ: Լավ, ո՞ւր ենք հասել, ո՞ւր ենք գնում… Մեկ տարի առաջ տված հարցազրույցում ասել եմ` մեր հասարակությունը կարծես թե մոռանում է, որ գրեթե ամեն օր մեր երեխաներին սպանում են սահմաններին, իսկ հասարակության մի մեծ մաս զբաղված է է՛լ ավելի ճոխ հարսանիք կազմակերպելով, է՛լ ավելի թանկ շոր գնելով, է՛լ ավելի ճչացող հագուստ հագնելով, է՛լ ավելի լպիրշ պահվածքով: Մենք պետք է փոխենք մեր հասարակական մոտեցումը. հարուստ լինելը լավ է նրանով, որ կարող ես շատ մարդու օգնել, այլ ոչ թե ի ցույց դնես հարստությունդ: Բոլորս պետք է փոխվենք, բոլորս: Երբ հասարակությունը փոխվի, այլեւս երբեք չենք ունենա նման մարդկանց: Փառք ու պատիվ մեր բոլոր զինվորներին»,- գրել է նա՝ մարդ, որ մեղադրվում է հիմնադրամի գումարներով խաղադրույքներ կատարելու մեջ:
Այս տարիներին մշտապես է խոսվել Սփյուռքի կողմից Հայաստանի հանդեպ վստահության պակասի մասին, եւ այսպիսի իրադարձությունները եւս կարող են այդպիսի պատճառ դառնալ, չնայած կարող են փաստել, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի հանդեպ նաեւ վերաբերմունք է փոխվել` չնայած այսպիսի բացահայտումների: Պատահական չէ, որ այս առնչությամբ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նվազեցնելու, այլ ավելացնելու են Սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ: Մենք ապացուցում ենք եւ ապացուցելու ենք, որ չենք հանդուրժի չարաշահման որեւէ դրսեւորում»:
Հետաքրքիր է, որ միայն վերջերս` մայիսի 25-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում Արա Վարդանյանը վերընտրվեց եւս 3 տարի ժամկետով: Ընդ որում, Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց ելույթներում դրական էին գնահատել Արա Վարդանյանի աշխատանքը: Նրանք նկատեցին, որ իրենց բարձրացրած խնդիրներին Արա Վարդանյանը շատ արագ արձագանքում է եւ սեղմ ժամկետներում լուծում է տալիս: Ընդ որում, Վարդանյանը նշել էր. «Այսօրվա ժամանակաշրջանում դժվար է որեւէ բան թաքուն պահել, եթե լինում է ամենաչնչին բողոքը, սոցիալական մեդիայի շնորհիվ շատ արագ բարձրաձայնվում է: Վերջին 10 տարում չեմ հիշում որեւէ դեպք, որ մեզ մեղադրեն այս կամ այն ծրագրի սխալ իրականացման, բարձր ծախսերի կամ մրցույթի կանոնները խախտելու մեջ»,-այդ օրը ասել էր Վարդանյանը: Ընդ որում, երեկ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր` հստակ չէ` «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը վերադարձրե՞լ է գումարները հիմնադրամ, թե՞ ոչ, դա պարզ կլինի քննությունից հետո: «Իր հայտարարությամբ՝ ինքը վերադարձրել է, բայց մենք հիմա քննությունը կիրականացնենք, պարզ կլինի, ես այս պահին չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել, ունենք հստակ, որ մոտ 130 միլիոն դրամ հանել է եւ խաղացել է կազինոներում եւ այլն», – նշեց Վանեցյանը։ Հավելենք նաեւ, որ հիմնադրամում մշտապես աուդիտներ են անցկացվում, ընդ որում, մի տեսակի աուդիտ չի անցկացվում: Անցկացվում է ե՛ւ ֆինանսական աուդիտ, եւ՛ շինարարական առանձին աուդիտ, որը պատվիրում է միջազգային աուդիտորական կազմակերպությունը, եւ այդ տվյալներն էլ հրապարակվում են, եւ հիմա պետք է պարզել` ինչ գումարների մասին է խոսքը, ինչու են դրանք եղել այդ քարտի վրա, եւ ինչպես է նա դրանք տնօրինել:
Հ.Գ. Ի դեպ, փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ այս կապակցությամբ գրել է, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը որեւէ գումար չի վատնել, ոչ էլ յուրացրել է, «հիմնադրամի անվամբ բացված վարկային գծի բանկային քարտից կատարել են վճարումներ, այդ թվում Ա. Վարդանյանի անձնական կարիքների համար, որոնք սահմանված ժամկետում (օրերի ընթացքում) իր իսկ միջոցներից վերադարձվել են հիմնադրամի բանկային հաշվին ու ոչ հիմա, այլ հենց ընթացքում։ Արդյունքում` «Հայաստան» համահայկական հիմնադրամին կամ այն բանկին, որի միջոցներն են օգտագործվել, պատճառվել է 0 դրամի նյութական վնաս։ Անձնական կարիքների համար ծախսվել է սփյուռքահայերի հավաքած գումարներից 0 դրամ»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ Է
Ինչպես հայտնի է` ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ավելին՝ նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում: Եւ ահա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` Հարությունյանը տեղեկանալով այս գործով իրեն մեղադրանք առաջադրելու մասին` մերձավոր շրջապատում հայտարարել է, որ մինչեւ վերջ պայքարելու է ՀՔԾ-ի դեմ իր իրավունքների պաշտպանության համար, որ ոչ միայն չկալանավորվի, այլեւ ընդհանրապես հանվի այդ մեղադրանքը: Ավելին` նա պատրաստվում է փաստաբանների մեծ թիմ վարձել` մինչեւ վերջ պաշտպանվելու համար: Երեկ արդեն մի շարք իրավաբաններ կասկած են հայտնել մեղադրանքի իրավաչափության վերաբերյալ: Մինչ այդ, նկատենք, որ երեկ կառավարության նիստից հետո ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե Մ. Հարությունյանը ՀՀ տարածքը լքել է դեռ մինչեւ այս գործով իրեն որպես մեղադրյալ ներգրավվելը:

 

 

ԲՈՒՌՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ինչով է այժմ զբաղվում մոտ երկու ամիս առաջ պատգամավորական մանդատը վայր դրած, նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը: «Աղվան Վարդանյանի բուռն գործունեությամբ»,-մեր հարցին ի պատասխան` նշեց նախկին պատգամավորը: Իսկ թե ինչումն է կայանում այդ գործունեությունը, Վարդանյանը չցանկացավ մանրամասնել: «Երբ հարկ լինի, ես կխոսեմ»,-նշեց նա: Իսկ արդյոք չի զղջում իր քայլի համար, նախկին պատգամավորը հրաժարվեց մեկնաբանել: Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ՀՅԴ գերագույն մարմինը, քննելով Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել էր նրան հեռացնել Դաշնակցության շարքերից: Պատճառն այն էր, որ մայիսի 1-ին` վարչապետի ընտրության հարցով ԱԺ հատուկ նիստին, Աղվան Վարդանյանը չմասնակցեց քվեարկությանը, չնայած որ ՀՅԴ խմբակցությունը նախապես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին:

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
Հայաստանում նախորդ տարի ներկրված ադրբեջանական ծագման խնձորի պատմությունն արդեն մոռացվել է: Փոխարենը երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հայկական շուկայում հայտնվել են ադրբեջանական արտադրության դեղեր, որոնք ազատորեն վաճառվում են դեղատներում: Խոսքը ավելոքս անվամբ դեղի մասին է, որի լուսանկարները տարածվել էին համացանցում: Հետաքրքիրն այն է, որ դեղի տուփի վրա ադրբեջաներեն գրություն է, այդ երկրի լեզվով է նաեւ դեղին կից բացատրական թերթիկը, եւ ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է չնկատել, թե որտեղից է ներկրված այն: Դեղն էլ վաճառվում է մոտ հինգ հազար դրամով: Ու հետաքրքիր է՝ ուր են նայում ՀՀ առողջապահության նախարարությունը եւ նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը, երբ ՀՀ-ում նաեւ ադրբեջանական ծագման դեղեր են հայտնվում, ազատ վաճառվում: Լավ կլիներ, եթե նորանշանակ նախարարը, նաեւ նոր իշխանությունները փորձեին պատասխանել հարցին, թե ինչպես է այն հայտնվել ՀՀ-ում:

 

 

ԿՈՂՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
Եվրախորհրդարանը երեկ ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն տվեց ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրին ու հարաբերությունների մասին բանաձեւին, որը կոչ է անում Բրյուսելին՝ աջակցել Հայաստանում սկսված ժողովրդավարական բարեփոխումներին, ընդարձակել համագործակցությունը Փաշինյանի կառավարության հետ եւ օգնել, որ նոր իշխանությունը իրականություն դարձնի հայաստանցիների ակնկալիքներն ու պահանջները:

 

 

ԶՐՈՅԱԿԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանը Բելառուսից բացի` ունի զենքերի այլ առաքիչներ, այդ թվում` ՌԴ-ն: Եթե Բաքուն գնում է ռուսական զենքերը շուկայական գներով, ապա Երեւանը` վարկով կամ ավելի էժան: Այդ մասին հայտարարել է փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքով` եթե Մոսկվան հրաժարվի Ադրբեջանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունից, ապա դա չի կարող լուծել անդրկովկասյան սպառազինությունների մրցավազքն հօգուտ ՀՀ-ի: Նրա խոսքով` Բաքուն եւ Երեւանն ունեն զրոյական ցանկություն գնալ փոխզիջումների: Այս դեպքում պետք է ակտիվացնել դիվանագիտական ջանքերը ոչ միայն Մինսկի խմբի հարթակում, այլ նաեւ ՀԱՊԿ-ի: Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամները պետք է հասկանան, որ հայ-ադրբեջանական հակամարտության էսկալացիան եւ դրա տարածումը Նախիջեւանի ու Տավուշի վրա կստեղծեն խնդիրներ այդ ինտեգրացիոն միավորումների համար:




Լրահոս