Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել Արսեն Չաքարյանի ընտանիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին, որում, մասնավորապես, ասված է.

«Խորը վշտով տեղեկացա ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանի կյանքից հեռանալու մասին:

Ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայի հյուրընկալ հողում երկրորդ հայրենիք գտած Չաքարյանն իր ողջ կյանքը նվիրել է հիշողության տուրքի, ազատության և արդարության հաղթանակի պայքարին:

Արսեն Չաքարյանի մահը մեծ կորուստ է ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի ժողովրդի համար:

Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում ընտանիքի անդամներին ու հարազատներին»:

***

Նախագահ Արմեն Սարգսյանը Դիմադրության շարժման «վերջին Մոհիկանի»՝ Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

««Մանուշյանի խմբի» այդ աննկուն մարտիկի կյանքի ուղին իր մեջ արտացոլում է 20-րդ դարի մեծ ողբերգությունները եւ ազատության ու արդարության համար պայքարի ոգին:

Ճաշակելով Հայոց ցեղասպանությունը վերապրածի դառը ճակատագիրն ու իր ժողովրդի վիթխարի կորուստների անամոք ցավը՝ նա իր նման ապատրիդների խմբի հետ կենաց ու մահու կռվի ելավ ֆաշիզմի դեմ, իսկ հետպատերազմյան տարիներին մինչեւ իր մահը պայքարեց հանուն պատմական արդարության վերականգնման:

Արսեն Չաքարյանի կյանքի փորձը մեզ սովորեցնում է, թե ինչպես պետք է հավատարիմ մնալ գաղափարին, ճշմարտությանը եւ մարդասիրությանը:

Հավերժ փառք նրան եւ նրա ընկած ընկերներին»։




Լրահոս