«Ժողովուրդ» օրաթերթը դեպի Պարզ լիճ տանող ճանապարհի անմխիթար վիճակի մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է: Բանն այն է, որ մինչեւ Մոնթե Մելքոնյանի անվան նոր վարժարան ընկած ճանապարհը բավականին լավ վերանորոգված է, իսկ ահա վարժարանից անմիջապես հետո մինչեւ Պարզ լիճ հանգստի գոտի գտնվում է սարսափելի, բավականին խայտառակ ու ամոթալի վիճակում: Պարզվում է` Դիլիջան-Իջեւան մայրուղուց դեպի Պարզ լիճ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները ընդրգկված է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ճանապարհաշինարարական ծրագրերում: Բայց այս գերատեսչությունը այդպես էլ մատը մատին չի խփում խնդիրը լուծելու ուղղությամբ:
Պարզ լիճ տանող ճանապարհը փոսառատ է, քանդված, ինչի պատճառով ավտոմեքենաները մեծ դժվարությամբ են կարողանում հասնել դեպի այդ տեսարժան վայրը, եւ մեծ անհարմարություններ են առաջանում ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկների, այլեւ մեր քաղաքացիների համար, ովքեր փորձում են մի քանի ժամ անցկացնել բնության գրկում: «ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Օպելլա» ընկերության եւ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջեւ դեռեւս 2006 թվականին կնքվել է պայմանագիր, ըստ որի` 25 տարի ժամկետով ընկերությունը վարձակալել է ՊՈԱԿ-ի Պարզ լիճը եւ հարակից տարածքները:
Պարզվում է` դեպի Պարզ լիճ տանող ճանապարհի անմխիթար վիճակի մասին արդեն մի քանի տարի է, ինչ բարձրաձայնում է նաեւ «Օպելլա» ընկերությունը:
«Օպելլա»-ի տնօրեն Վաչիկ Իգիթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում հայտարարեց, որ ընկերության կողմից տարիների ընթացքում խոշոր չափերի ֆինանսական ներդրումներ են կատարվել հանգստի գոտի, զբոսաշրջության կենտրոն ստեղծելու համար:
«Ընկերության նախատեսած առաջիկա ծրագրերի իրագործմամբ կստեղծվեն աշխատատեղեր: Այդ տարածաշրջանում պայմաններ կան, որպեսզի այն դառնա Հանրապետության զբոսաշրջության առաջնային կենտրոններից մեկը, բայց նախատեսված ծրագրերի, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացման վրա խիստ բացասաբար է անդրադառնում Դիլիջան-Երեւան մայրուղուց դեպի Պարզ լիճ տանող ճանապարհի անմխիթար վիճակը:
Մեր կողմից վերջին տարիներին մեծածավալ աշխատանքներ են իրականացվել նշված ճանապարհը նվազագույն պայմաններով երթեւեկալի դարձնելու, զբոսաշրջիկների եւ այլոց անվտանգությունը ապահովելու ուղղությամբ. մաքրվել են ջրահեռացման գծերը, վերականգնվել են փլվածքները: Բայց չնայած սրան` ճանապարհի վիճակը մնում է անմխիթար եւ վտանգավոր, իսկ ավտոբուսների երթեւեկությունը ընդհանրապես հնարավոր չէ: Նման վիճակը մեծ եւ միակ լուրջ խոչընդոտն է տուրիզմի զարգացման տեսանկյունից»,- խոստովանեց «Օպելլա»-ի տնօրեն Վաչիկ Իգիթյանը:
Ի դեպ, ընկերության տնօրեն Իգիթյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից իրենք պատասխան են ստացել, ըստ որի` Դիլիջան-Իջեւան մայրուղուց դեպի Պարզ լիճ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները հնարավորության սահմաններում կընդգրկվի ճանապարհաշինարարական ծրագրում: Սակայն մինչ օրս այդ ուղղությամբ ոչ մի միջոցառում չի իրականացվել, իսկ նշված ճանապարհը մնացել է նույն անմխիթար վիճակում:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան