Ես իմ ջուրը գնում, տանում եմ աշխատավայր. Սյունիքի մարզպետը խնայում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարզպետարաններին ներկայացուցչական ծախսերի համար տարեկան տրամադրվում է մոտ 300.000 դրամ: Դա նախատեսված է թե՛ երկրիներսի, թե՛ օտարերկրյա հյուրերի համար հյուրասիրություն կազմակերպելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սյունիքի մարզպետն Կարեն Համբարձումյանի հետ` փորձելով պարզել, թե որքանով է այդ գումարը բավականացնում իրենց` հյուրեր ընդունելիս, եւ ինչ ծախսեր են իրենք կատարում նման դեպքերում:

-Պարո՛ն Համբարձումյան, մարզպետարանին ներկայացուցչական ծախսերի համար մոտավորապես 300.000 դրամ է տրամադրված, այդպե՞ս է:

-Այո՛, մոտ 280.000 դրամ է: Եռամսյակի համար դա կազմում է 70.000 դրամ:

-Երբ ունենում եք հյուրեր, հյուրասիրությունն ի՞նչ է ներառում:

-Հյուրերը որ գալիս են, արդեն գործուղման համար գումար ստացած են գալիս: Դե, իհարկե, սուրճ եթե խմում են, դա ենք տալիս, կամ եթե ջուր են ուզում, ջուր ենք տալիս: Եթե ոչ, ոչ մի բան:

-Այսինքն` ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարի՞ց եք ծախսում, ոչ թե Ձեր գրպանից:

-Եղել է ժամանակ, որ ես իմ գրպանից դրել եմ ինձ մոտ ջուր, եւ դա էլ դրել ենք սեղանին: Ես ինքս իմ ջուրը գնում եմ իմ գումարով եւ դնում ինձ մոտ, որովհետեւ այդ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարին ուշադրություն չեմ էլ դարձնում, որովհետեւ օրենքով սահմանված է դա աշխատակազմի համար: Ես իմ ջուրը գնում, տանում եմ աշխատավայր:

-Իսկ հյուրերի համար խորոված կամ այլ ուտեստներ չե՞ք գնում:

-Իմ մասով չի եղել, եւ կարող եմ ասել, որ չի էլ լինի այդպես` խորոված եւ այլն: Դա ինձ համար անընդունելի է: Եվ 70.000 դրամով ինչպես կարող ենք մարդկանց տանել, խորոված հյուրասիրել, ինչպես դա կհերիքի: Անկեղծ ասած` ես այսքան ժամանակ դեռ ոչ ոքի չեմ տարել, հյուրասիրել` կլինի իմ գրպանից, կլինի ներկայացուցչական ծախս: Եղել է պաշտոնական հանդիպում, ընդունել եմ ինձ մոտ, քննարկում է եղել եւ վերջացել: Ո՛չ իմ գրպանից, ո՛չ պետության փողերից չեմ ծախսել:

-Վարչապե՞տն է հորդորել` ճոխ ծախսեր չկատարել, թե՞ Դուք ինքներդ եք որոշել այդպես աշխատել:

-Իմ մասով ոչ մի ցուցում չի եղել: Ես աշխատում եմ օրենքի տառին համահունչ:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս