Սեպտեմբերի 23-ին տեղի կունենա Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ: ԿԸՀ-ն արդեն հաստատել է ընտրությունների անցկացման ժամանակացույցը: Այսպիսով` ընտրական տեղամասերը կազմավորվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ, այսինքն` ամենաուշը օգոստոսի 29-ին:
Ընտրողների ցուցակը ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվելու է սեպտեմբերի 3-ին, քանի որ սահմանված կարգից ելնելով` ընտրության օրվանից 20 օր առաջ ցուցակները պետք է հրապարակված լինեն: Ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է: Քարոզարշավը մեկնարկելու է սեպտեմբերի 10-ին եւ տեւելու է ընդամենը 11 օր:
Ի դեպ, տեղեկացնենք, որ արտահերթ ընտրությունների դեպքում քարոզարշավի ժամկետը կրճատվում է: Նշենք, որ հեղափոխությունից հետո ձեւավորված նոր իշխանության ներքո սա առաջին ընտրական գործընթացն է լինելու: Իշխանությունները հույս են հայտնում, որ այս ընտրություններին կաշառքը չպետք է տեղի ունենա, եւ անցկացվելու են արդար ու թափանցիկ ընտրություններ:
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` Հայկ Մարությանի թեկնածությամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է, «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների թեկնածու է առաջադրվել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, ՀՀՇ կուսակցությունը` Արարատ Զուրաբյանի թեկնածությամբ, ՀՅԴ-ն, որի թեկնածուն դեռեւս հայտնի չէ, Անահիտ Թարխանյանը` «Երեւանի հանրություն» նախաձեռնությամբ, Վահան Բաբայանի ղեկավարած «Ռեֆորմիստներ» կուսակցությունը, որի թեկնածուն հանրությանն անհայտ Արտակ Ավետյանն է, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը` թեկնածուն Մանուել Գասպարյանն է:
Առաջիկայում հնարավոր է նաեւ այլ ուժեր հայտարարեն մասնակցության մասին: Բայց արդեն իսկ պարզ է, որ այսչափ մեծ քանակի ուժերի մասնակցության պայմաններում բավական հետաքրքիր պայքար է սպասվում:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ