Ասֆալտին մի քանի թիկնապահ պառկեցնել-թողելը բավարար չէ. իշխանությունը կարող է կորցնել վերահսկողությունը. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տեղի ունեցող վերջին գործընթացների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

-ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչտուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխել են կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խնդրանքով: Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ երկրների առաջնորդների կողմից նա պաշտոնական խնդրանք էր ստացել միջոցներ ձեռնարկելու, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չմնա կալանքի տակ: Արդյոք դիվանագիտորեն ճի՞շտ էր բարձրաձայնել, թե ով ինչ է խնդրել:

-Որեւէ խնդիր այստեղ չեմ տեսնում: Հասկանում եմ, որ այդ փաստը հակառակորդները օգտագործելու են ցույց տալու համար իբրեւ թե դա ոչ դիվանագիտական եւ սխալ քայլ էր, բայց դրանք կեղծ սպեկուլյացիաներ են: Հարցը հանրային հնչողություն ունեցող կարեւորագույն խնդիր է, եւ վարչապետն անգամ պարտավոր է առանձին դետալներ հայտնել հասարակությանն այդ մասին: Այնպես որ սա տեղավորվում է այդ տրամաբանության շրջանակներում:

– Իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումից հետո, ըստ Ձեզ, ի՞նչ գործընթացներ պետք է լինեն: Ի՞նչ վտանգներ եք տեսնում:

-Ձերբակալություններ, ձերբակալություններ եւ էլի ձերբակալություններ: Ասֆալտին մի քանի թիկնապահ պառկեցնել-թողելը բավարար չէ: Վտանգն այն է, որ այսպես դանդաղ շարժվելու պարագայում ինչ-որ մի պահ իշխանությունը կարող է կորցնել վերահսկողությունը ընթացող պրոցեսների նկատմամբ: Տպավորություն է, թե գործադիրում կարծում են, թե ժամանակն անսպառ է, եւ ամեն բան միշտ մնալու է այնպես, ինչպես որ կա: Տագնապալի դանդաղաշարժություն եւ հանդուրժողականություն է առկա իշխանության գործողություններում, մինչդեռ այն անվերապահ մանդատ ունի կտրուկ եւ արագ գործելու: Նամանավանդ, որ հիմա դրա հսկայական հանրային պահանջ է ձեւավորվել: Այս իշխանությանը ժողովուրդը նախեւառաջ հետեւել է նախկիններին փոխելու եւ պատժելու հույսով, ոչ թե գերքաղաքակիրթ մոտեցումներ ցուցաբերելու նպատակով: Իսկ ժողովրդի պահանջը հիմա միանշանակ բոլոր հակահեղափոխական ուժերին բանտ ուղարկելն ու վերջապես կատարվող այս անպատկերացնելի գործընթացներին վերջ տալն է: Հենց այս ցնցումների պատճառով է, որ ուշանում է հիմա երկրի վերակառուցումը: Փոխարենը զբաղված ենք անհասկանալիորեն հարություն առած դեստրուկտիվ ուժերի` ներքին թշնամու դեմ պայքարելով:

-Իսկ դուք այս ամենում արտաքին հետք տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:

-Ես նախեւառաջ տեսնում եմ ներքին հետք: Սա նախեւառաջ ձեռնտու է հակահեղափոխականներին: Փաստը, որ բարդ տեխնոլոգիայով գաղտնալսում է իրականացվել, դեռեւս չի նշանակում, որ անպայմանորեն դրա հետեւում արտաքին ուժերեւ են կանգնած: Գաղտնալսումն, իհարկե, կարող է որպես արդյունք ծառայել արտաքին մի շարք ուժերի շահերին, բայց նկատենք, որ մեր օրերում գաղտնալսում կարող են պատվիրել զգալի կարողություն ունեցող բազում անհատ անձինք: Իսկ հակահեղափոխական ճամբարում միայն այդպիսիք են այսօր:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը

 




Լրահոս