ԵԽԽՎ համազեկուցողի և ՀՀԿ-ականների հայտարարությունների նմանությունը․ խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ երեկ հայտարարություն է տարածել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Յուլիա Լովոչկինան: Միայն թե համազեկուցողի խոսքերից տպավորություն էր, թե իրական հեղինակը ՀՀԿ-ականներ են կամ այն գրվել է բացառապես ՀՀԿ տրամադրած տեղեկությունների հիման վրա:

Նման եզրահանգումների առիթ տալիս են համազեկուցողի ձեւակերպումները, որոնք ճշգրտորեն համընկնում են ՀՀԿ-ականների օգտագործած բառապաշարին: «Երեւանի ավագանու ընտրությունները հստակ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումները։ Միեւնույն ժամանակ, ընտրություններին մասնակցությունը պարզ դարձրեց, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռեւս ցածր է»,- նշված է համազեկուցողի հայտարարության մեջ։ Եթե հիշում եք, ընտրությունների ցածր մասնակցության մասին ճիշտ նույնկերպ արտահայտվում էին ՀՀԿ-ականները: Ու սա այն դեպքում, երբ 2017թ. Երեւանի ավագանու ընտրություններին, երբ ընտրակաշառքի գետեր էին հորդում, երբ մարդկանց գրեթե ստիպողաբար տանում էին ընտրատեղամաս, մասնակցության ցուցանիշը շատ ավելի քիչ էր, քան այս անգամ, սա ե՛ւ տոկոսային արտահայտությամբ, ե՛ւ բացարձակ թվով:

Համազեկուցողն իր հայտարարության մեջ նաեւ անդրադարձել է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հեռանկարին ու կրկին ՀՀԿ-ականներին հատուկ բառապաշարով: Մասնավորապես, շեշտված է, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է ունենան պատշաճ ու բավարար ժամանակ պատրաստվելու ցանկացած նման ընտրության:
Նույնը ասում են նաեւ ՀՀԿ-ականները: ՈՒ սա այն դեպքում, երբ արտահերթ ընտրությունների անցկացման մասին թավշյա հեղափոխությանը հաջորդած օրերից եւեթ խոսվել է գրեթե ամեն օր: Այս ընթացքում չի փոխվել ընտրակարգը, ԸՕ-ում տեղի չեն ունեցել այնպիսի արմատական փոփոխություններ, որ քաղաքական ուժերին հարկավոր լիներ նախապատրաստվելու լրացուցիչ ժամանակ:

Ու վերջապես մեկ փաստ էլ. խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները ՀՀԿ-կաններ են, ու ընդհանրապես, հակահեղափոխական ուժերը միջազգային պատվիրակություններում ներկայացված են լայնորեն` այդպես հնարավորություն ունենալով օգտագործելու իրենց կապերը երկիրը թուլացնելու, հակապետական գործունեության համար: Դժվար չէ կռահել` մինչեւ մայիս նրանք կբազմապատկեն իրենց այսօր իսկ ակտիվ գործադրվող ջանքերը պետությունը սեւացնելու, իշխանությանը թուլացնելու ուղղությամբ:

Հ.Գ. Հիշո՞ւմ եք ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալները. հարեւան պետությունը՝ Ադրբեջանը, գումարներ չէր խնայել «գնելու» ԵԽԽՎ պատվիրակներին, նույնը կարող են անել նաեւ ՀՀԿ-ականները՝ միջազգային հանրության մոտ ՀՀ նկատմամբ բացասական վերաբերմունք ձեւավորելու նպատակով:




Լրահոս