Աղմկահարույց օրինագծի ընդունման օրը, պարզվում է` ՀՀԿ-ական շատ պատգամավորների խաբեությամբ են բերել ԱԺ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չընդունելով դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու հիմնավորումները՝ մեր խմբակցությունը չուներ եւ չունի մտադրություն առաջադրելու վարչապետի թեկնածու: Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը եւ չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է»,- երեկ նման հայտարարություն է տարածել ՀՀԿ-ն:

Այսպիսով, երբեմնի իշխող կուսակցությունը վերջնականապես ընդունում է իր պարտությունը` համաձայնելով նաեւ օրենսդիր իշխանությունից հեռանալուն: Սա, իհարկե, սպասելի էր հատկապես հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածից հետո, երբ քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ կոչով շրջափակեցին ԱԺ-ն` պահանջելով արտահերթ ընտրությունների անցկացում: Միաժամանակ, արդեն երկու օր է` ՀՀԿ խմբակցության պատգամավորները հերթով հայտարարում են դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարելու մասին` ստորագրելով համապատասխան տեքստի տակ: Եւ այս իրավիճակում ՀՀԿ-ին այլ բան չէր մնում, քան արժանապատվորեն ընդունել սեփական պարտությունը եւ համաձայնել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը:

«Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ականները որոշել, նույնիսկ «հայհոյանք են դրել», որ ոչ մի դեպքում չեն գնա ԱԺ արտահերթ ընտրությունների: Սակայն նրանք մտափոխվել են այն բանից հետո, երբ ՀՀԿ ղեկավարությունը պարզապես խաբել է:

Մեր տեղեկություններով` հոկտեմբերի 2-ին` աղմկահարույց օրինագծի ընդունման օրը, պարզվում է` ՀՀԿ խմբակցության պատգամավորներից շատերին փորձել են խաբեությամբ բերել խորհրդարան: Ասվել է, որ երեկոյան հանդիպում է լինելու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մոտ, որ բոլորը պետք է մասնակցեն, կարեւոր հարց կա քննարկելու: Սկզբում ասվել է, որ հանդիպելու են ուրիշ վայրում, հետո կանչել են ԱԺ: Այստեղ էլ տեղեկացել են, որ պետք է կողմ քվեարկեն աղմկահարույց օրինագծին: Եւ ՀՀԿ-ականներից շատերը վիրավորվել էին, որ գործընկերներն իրենց խաբել են, ու շատերը հենց այդ պատճառով են որոշել լքել խմբակցությունը:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս