ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը հեռանում է ճիշտ ժամանակին. եթե Թրամփը կորցնի ժողովրդի վստահությունը…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկկի Հեյլիի հրաժարականը ամպրոպ էր կապույտ երկնքում ոչ միայն ամերիկյան, այլեւ միջազգային հանրության համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմատենչ արտաքին քաղաքականության ամենակարեւոր դերակատարներից մեկը լինելով` Հեյլին, թվում էր, դեռ երկար կծառայեր այս վարչակազմում: Նա հանդիսանում էր արտաքին կոշտ քաղաքականության համոզված ջատագով, որի հեռացումը կարեւորագույն այդ պաշտոնից հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել:

Թրամփի վարչակազմից Հեյլի հեռանալու թերեւս ամենից թմբկահարված վարկածն առնչվում է նախագահի հետ ունեցած տարաձայնություններին: ԱՄՆ արտաքին քաղաքականության մշակման գործում ՄԱԿ-ում պետության դեսպանը ամենակարեւոր երեք պաշտոնյաներից մեկն է: Եվ ահա Թրամփի պաշտոնավարման շրջանում այդ երեք պաշտոնյաներն էլ փոխվել են: Նախ խայտառակ պաշտոնանկության ենթարկվեց պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը, ապա Իրանի հետ վարվող քաղաքականության հարցում անհամաձայնության պատճառով հրաժարական տվեց նախագահի ազգային անվտանգության գծով հատուկ խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերը:

Այժմ էլ հեռանալու հերթը ՄԱԿ-ում դեսպան Նիկկի Հեյլիինն է, որը հայտարարել է մինչեւ տարվա վերջ պաշտոնը թողնելու մտադրության մասին` դա բացատրելով անձնական դրդապատճառներով: Ըստ նրա` 6 տարի քաղաքական բարձրագույն պաշտոններում ծառայելուց հետո որոշակի դադար վերցնելու ժամանակն է: Նկատի ունենալով իր քառամյա նահանգապետությունն ու երկամյա դեսպանական աշխատանքը` Հեյլին դա բավականին հաջող է համարել եւ միաժամանակ երախտագիտություն հայտնել նախագահ Թրամփին վստահության համար: Հեյլիի հեռացումը կապելով Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների հետ` վերլուծաբանները հիշեցնում են, որ նախընտրական շրջանում նրանց ջրերը մի առվով չէին հոսում:

Ավելին` Թրամփի հետ մրցակցության ժամանակ Հեյլին նախ պաշտոնապես սատարեց Ռուբիոյին, ապա Քրուզին, եւ միայն ամենավերջում ստիպված եղավ աջակցություն հայտնել Հանրապետականների միասնական թեկնածու դարձած Թրամփին: Դրա հետ մեկտեղ արտաքին քաղաքականության հարցում Հեյլիի ու Թրամփի տեսակետները թերեւս միայն լրջորեն հատվել են Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում: Հիշենք, որ ամիսներ առաջ ՄԱԿ-ի ամբիոնից Հեյլին հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, ինչը Սպիտակ տան տնտեսական հարաբերությունների գծով պատասխանատու պաշտոնյայի կողմից հերքվել էր` նշելով, որ դեսպանը հավանաբար թյուրըմբռնում է ունեցել նախագահի հետ քննարկումից հետո:

Դրան հետեւեց Հեյլիի խիստ պատասխանը, ըստ որի` ինքը թյուրըմբռնումներ չի ունենում: Սա բավականին կոշտ արձագանք էր, որը փաստացի ուղղված էր նախագահին` ակնարկելով, որ իր հետ չի ստացվի խոսել նույն լեզվով, ինչպես մյուս պաշտոնյաների:

Սակայն նշյալ տարաձայնությունները կարծես կրում էին աշխատանքային բնույթ եւ հազիվ թե նման վճռական նշանակություն ունենային, որ Հեյլին հրաժարական ներկայացներ: Ավելին` այդ որոշումն ակնհայտորեն հանդիպեց Սպիտակ տան զարմանքին, իսկ Թրամփը դժգոհ էր Հեյլիի այդպիսի ինքնագործունեությունից: Թեպետ պաշտոնական հայտարարությունում Թրամփը փորձում էր տպավորություն ստեղծել, թե իրադարձությունների զարգացումն իր համար անակնկալ չէր, սակայն թե՛ նրա պահվածքը, թե՛ խոսքը շփոթմունքի ցուցիչ էին: Իհարկե, ԱՄՆ-ում նման պատասխանատու պաշտոնի համար կգտնվեն բազմաթիվ նոր թեկնածուներ, որոնք կհամապատասխանեն այդ դիրքին թե՛ քաղաքական կշռի, թե՛ փորձի ու գիտելիքների տեսանկյունից:

Սակայն առավել ուշագրավ են Հեյլիի հրաժարականի քաղաքական շարժառիթն ու հետեւանքները: Կարծիք կա, որ վարչակազմը լքելու որոշումը Հեյլին կայացրել է ճիշտ ժամանակին` հաշվի առնելով նոյեմբերին սպասվող Կոնգրեսի մասնակի ընտրությունները: Վերջինները խոստանում են լուրջ խնդիրներ առաջադրել Թրամփի ու հանրապետական կուսակցության համար` ընդհուպ մինչեւ հանգելով Կոնգրեսում հանրապետականների մեծամասնության կորստին: Ըստ երեւույթին, Հեյլին մտադրվել է ժամանակավոր դադար վերցնել Թրամփի իշխանությանը մաս կազմելուց` հաշվի առնելով վերջինիս քաղաքական հակասականությունն ու հանրային ընկալումները: Ինչպես Կոնգրեսի խոսնակ Փոլ Ռայընը, որը նույնպես ամիսներ առաջ հայտարարեց վերընտրվելուց հրաժարվելու մասին, Հեյլին նույնպես փորձում է հեռավորություն պահպանել գործող վարչակազմից Թրամփի հետ չնույնանալու համար: Հեյլին ու Ռայընը երիտասարդ գործիչներ են ու անպատկերացնելի է, որ նրանք ընդմիշտ հեռանան քաղաքականությունից:

Արեւմտյան աշխարհում քաղաքականությունից հիմնականում հեռանում են կա՛մ տարիքի պատճառով, կա՛մ նախագահությունից հետո, իսկ վերոնշյալ անձինք դեռ չեն էլ փորձել պայքարել նախագահի պաշտոնի համար: Դա, ի դեպ, անխուսափելի է թվում առնվազն 2024թ․ համար` հաշվի առնելով նրանց քաղաքական փայլուն կարիերան, փորձն ու դիրքը կուսակցության ներսում: Ըստ էության, այսօր հրաժարվելով ակտիվ քաղաքականությունից` նրանք կփոխադրվեն մասնավոր ոլորտ, որտեղ կարող են մեծ գումարներ վաստակել նաեւ իրենց` ապագայի նախընտրական հարցերի համար գրեթե այնպես, ինչպես Հիլարի Քլինթոնը վարվեց պետքարտուղարի պաշտոնից հեռանալուց հետո:

Ենթադրելի է, որ եթե առաջիկա շրջափուլում նախագահ Թրամփը կորցնի հանրային աջակցությունը, Հեյլին կփորձի իր շուրջը համախմբել հանրապետական կուսակցությունը եւ հանդես գալ նախագահական հավականություններով: Մնալով դեսպանի պաշտոնում` նա կարող էր կորցնել իր ապագայի շանսը, որը բավականին ռեալ է նույնիսկ այսօրվա տեսանկյունից: Ուստի կարելի է արձանագրել, որ Հեյլին դեսպանի աշխատանքը լքում է ճիշտ ժամանակին` քաղաքական լուրջ հեռատեսություն հանդես բերելով:

Ն. Հովսեփյան




Լրահոս