Կոտայքի մարզպետը Հրազդանի թիվ 5 դպրոցի տնօրենին հրահանգե՞լ է ազատման դիմում գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին «Խիստ նկատողություն» «շնորհելու» հարցում Կոտայքի ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բավականին շտապել է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին մամուլով տարածվեց ձայնագրություն, որտեղ Հրազդանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանն իր համաձայնությունն է հնչեցնում համայնքի ղեկավարի ընտրության նախընտրական քարոզարշավին դպրոցի աշխատակիցներին ու աշակերտներին ներգրավելու համար:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկությունը ստուգելու նպատակով զանգահարել էր Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին եւ ներկայացել իբրեւ Սասուն Միքայելյանի օգնական: Ապա Բակլաչյանին հարցրել էր, թե որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին ժամը 15:00-ին մեկնարկող հանրահավաքին: Տնօրենը պատասխանել էր, որ իր հետ կբերի մոտ 100 մարդ, այդ թվում դպրոցի անձնակազմին, նաեւ առաջարկել ներգրավել դպրոցականներին` 9-րդ դասարանցիներին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դպրոցի տնօրեն Տ. Բակլաչյանի մասնակցությամբ հայտնի ձայնագրությունից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ աշխատանքային կարգապահությունը խախտելու, աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար նրա նկատմամբ կիրառվել է «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը: Բայց սովորաբար մինչեւ «Խիստ նկատողություն» կիրառելը, նախ տրվում է զգուշացում, նկատողություն, ապա նոր խիստ նկատողություն: Սակայն այս դեպքում ՔՊ-ական մարզպետը շտապել է` շրջանցելով «զգուշացում»-ը, «նկատողություն»-ը:

«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցել է ՀՀ Կոտայքի ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, Հրազդանի թիվ 5 դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանի նկատմամբ Ձեր կողմից կիրառվել է «Խիստ նկատողություն» կարգապահական տույժ: Ինչո՞ւ եք շտապել այս հարցում. չէ՞ որ նախ կիրառվում է զգուշացում, նկատողություն, ապա խիստ նկատողություն:

-Որոշումը իրավաչափ է, օրենքով մենք լիազորված ենք նաեւ միանգամից «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը հայտարարել: Որեւէ ընթացակարգային անհրաժեշտություն չկա բանավոր նկատողություն, ապա խիստ նկատողություն: Իսկ խիստ նկատողություն հայտարարել էինք, քանի որ լրջագույն մտահոգված ենք դպրոցները ապաքաղաքականացնելու գաղափարի ի կատար ածումից: Թեեւ որոշ առումով սադրանքի նման էր այդ զանգը, եւ տպավորություն էր, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը: Բայց միայն այն ձեւակերպումը` իր կողմից հնչեցվող` «9-րդ դասարանցիներ, դպրոցականներ ներգարվելու մասին», սա արդեն մեզ համար բավարար փաստարկ է, որ մենք համաչափորեն հակազդենք այդ երեւույթին: Այս դեպքում ես հինգ անգամ տարբեր ֆորմատի հանդիպումների ընթացքում դպրոցի տնօրենների հետ առանձնահատուկ շեշտել եմ անընդունելիությունը քաղաքական պրոցեսներում տնօրենների, մանկավարժական կոլեկտիվների ներգրավմամբ:

-Բայց մյուս կողմից հնարավոր էր, որ Ձեր կամ Նիկոլ Փաշինյանի անունից զանգեին այդ կամ մեկ այլ դպրոցի տնօրենին…

-Էական չէ, թե ում անունից են զանգում, էականն այն է, որ դպրոցի տնօրենը չի հակադարձում: Խնդիրը դա է: Դպրոցը պետք է մնա մաքուր եւ ապաքաղաքական, չպետք է որեւէ կերպ տնօրենների ձեռամբ ներքաշվի քաղաքական պրոցեսների մեջ: Ես իրենց էլ ասել եմ` ժամը 18.00-ից հետո` աշխատանքային ավարտից հետո, զբաղվե՛ք քաղաքականությամբ որ կուսակցության եւ որ քաղաքական թիմի մեջ կուզեք: Բայց ձեր աշխատանքային լիազորությունների շրջանակներում դուք պարտավոր եք առաջնորդվել բացառապես «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով եւ որեւէ կերպ դպրոցը չսարքել քաղաքական սակարկումների, քաղաքական պրոցեսների կենտրոն:

Գոնե պարզե՞լ եք, թե ինչ շահագրգռվածություն է ունեցել զանգահարող կողմը:

-Իհարկե, դա իմ գործը չէ: Եթե չեմ սխալվում, Սեւակ Միքայելյանի շտաբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: Այնտեղ քննություն է տեղի ունենում: Այսինքն` դա տիպիկ իրավապահ մարմինների զբաղվելու գործ է: Ես իմ լիազորությունների մեջ «Խիստ նկատողություն»-ը հայտարարել եմ, հետաքննություն իրականացնել` ով ինչի համար է զանգում, դա իմ լիազորություններից, ինչպես նաեւ իրավասություններից դուրս է:

-Ճի՞շտ է արդյոք, որ կանչել եք Բակլաչյանին Ձեզ մոտ եւ պահանջել ազատման դիմում գրել:

-Հիմա մեր մարզում քաղաքական լուրջ պրոցեսներ են ընթանում, հազար ու մի բան կարող են ասել, շրջանառել, ես հակված չեմ ամեն ինչ մեկնաբանելու: Ես ձեզ ասում եմ այն, ինչ կա ի պաշտոնե: Մենք հայտարարել ենք գրավոր «Խիստ նկատողություն», եւ դա նաեւ մյուս տնօրենների համար հստակ մեսիջ էր` երբեւէ մեկը հանկարծ իրեն թույլ չտա դպրոցը ներքաշելու քաղաքական պրոցեսների մեջ` անկախ նրանից, թե որ թիմին է ցանկացել արջի ծառայություն մատուցել: Դպրոցը պետք է լինի ապաքաղաքական:

-Դուք հանդիպե՞լ եք Բակլաչյանի հետ…

-Բակլաչյանի հետ հանդիպել է փոխմարզպետը, ով համակարգում է կրթության ոլորտը, եւ կրթության բաժնի պետը:

-Այնուամենայնիվ, Ձեր փոխմարզպետի կամ կրթության վարչության պետի կողմից հրահանգվե՞լ է աշխատանքից ազատման դիմում գրել…

-Ես չեմ մեկնաբանում այդ տեղեկությունը, քանի որ ինքս անձամբ հանդիպում չեմ ունեցել: Բայց մենք առաջադրել ենք պահանջ դպրոցները ապաքաղաքականացնելու, եւ եղել է հստակ այս պահանջի, աշխատանքային կանոնակարգի կոպիտ խախտում:

– Փաստորեն չեք հերքում, որ ստիպել եք դիմում գրել: Շնորհակալություն:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս