Այսօր Արցախյան պատերազմի կենդանի լեգենդ, «Սասուն» ջոկատի հրամանատար, հայրենիքի նվիրյալ զավակ Սասուն Միքայելյանի ծննդյան տարեդարձն է: Նա դարձավ 61 տարեկան: «Սասուն» կամավորական ջոկատը հիմնադրվել է 1988թ. Հրազդանում։ 1988-ին հրազդանցի կամավորականների հետ 25-30 ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունով մտել է Շամխորի շրջանի Ձապախլու, Բուղա. Ջագիր գյուղեր և կազմակերպել հայ բնակչության անվտանգ տարհանումը Հայաստանի հանրապետության տարածք։
1990-94-ին «Սասուն», «Կոռնիձոր», «Սասունցի Դավիթ» և այլ կամավորական ջոկատների. «Փառանձեմ» ծածկանունով գործող խափանարարական խմբի կազմերում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Բերդավան, Բաղանիս, Ոսկեպար), Տավուշի (Պառավաքար), ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Մարտակերտի (Մրխավենդ, Կիչան, Հաթերք, Ումուդլու), Շուշիի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Շուշիի ազատագրական մարտերի ժամանակ վիրավորվել Է, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։ 1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 75 ընտրատարածք):
1999-2003թթ.` եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 54 ընտրատարածք): 2003-2007թթ.` կրկին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 41 ընտրատարածք): Իսկ 2007 – 2012 թթ. Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 25 ընտրատարածքից։ Նշենք, որ բոլոր ընտրատարածքները ընդգրկում են Հրազդան քաղաքը: 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ նա թողնելով իշխանական փափուկ կյանքը, միացել էր համաժողովրդական շարժմանը:
Ու դա չներվեց նրան: Մարտի 4-ին Սասուն Միքայելյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով` իբրև զանգվածային անկարգությունների կազմակերպիչ եւ և կալանավորվել։
Նա դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, սակայն 3 տարի անց 2011թ. համաներմամբ ազատ էր արձակվել։ Ներկայումս հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ։ Հավելենք, որ Սասուն Միքայելյանը պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով» և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։