«Դաշնակցության» ընդհանուր ժողովի ժամանակ, որտեղ ընտրվեց ՀՅԴ ԳՄ-ի, բյուրոյի նոր կազմը, կուսակցության բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը շատ կոշտ քննադատությունների ենթարկեց իշխանություններին, որտեղ մատնանշվեց 5 պայմաններ, որոնք խախտվել են ՀՅԴ-իշխանություններ պայմանավորվածություններից հետո։ Վերջին շրջանում «Դաշնակցությունը» բավականին բուռն ընդդիմադիր գործունեություն է ծավալում եւ խոշարացույցի տակ է պահում ներկայիս իշխանությունների գործողությունները։ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի մասին զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի նոր ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։
-Պարո՛ն Սաղաթելյան, նախ անդրադառնանք Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, որում ասված է, թե պետք է ներկայիս իշխանություններին «տուն ուղարկել» եւ գալ իշխանության։ Իսկապես այդքան մտահոգի՞չ է ներկայիս իշխանությունների վիճակը։ Ինչո՞ւ նման կոշտ դիրքորոշում չկար ՀՀԿ-ի ժամանակ։
-Հայտարարությունը կոնտեքստից կտրել պետք չէ։ Հրանտ Մարգարյանը չի ասել` վաղը կամ վաղը չէ մյուս օրը իշխանություններին կուղարկենք տուն։ Կարծեմ ժամկետ չի նշել։ Ասել է` հաջորդ ընտրություններին։ Հաջորդ ընտրությունները կլինեն 5 տարի հետո, թե երբ, մենք խնդիր ենք դրել հաջորդին գալ իշխանության, եւ դա շատ բնական եւ շատ նորմալ է։ Ցանկացած ընդդիմություն այդ խնդիրը իր առաջ պետք է դնի, եւ մենք մեր առջեւ դրել ենք եւ պատրաստվում ենք այդ ընտրություններին։ Այս ժամանակահատվածում այդ կառավարությանը չենք խոչընդոտելու։ Մենք շահագրգռված ենք, որ իրենք հաջողեն։ Եթե հաջողեն, շատ ավելի լավ, որովհետեւ մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ կառավարության ձախողումը մեր պետության եւ ժողովրդի ձախողումն է։ Մենք՝ իբրեւ ընդդիմություն, մեր քննադատություններով, մեր առաջարկություններով որտեղ երկրի, պետության շահը կպահանջի, համագործակցությունով ամեն ինչ անելու ենք, որ հաջողենք։
-Հրանտ Մարգարյանի նման կոպիտ հայտարարություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի ուղերձ հղեց ՀՅԴ ժողովին։ Դրանից հետո մամուլում սկսեցին կարծիքներ շրջանառվել այն մասին, որ վարչապետը դա անում է, ըստ էության, Սփյուռքի հետ կապերը ամուր պահելու համար։ Ի՞նչ կասեք այս մասին։ Իսկապես կա՞ նման բան։
-«Դաշնակցության» մեջ շերտեր փնտրել պետք չէ, որովհետեւ դրանք չկան։ Ես կարող եմ այսօրվա իշխանության մեջ գտնել այդ շերտերը, որովհետեւ շատ ժամանակ հայտնի չէ, թե իշխանության տարբեր ներկայացուցիչներ երբ կարծիք են ասում, ում կարծիքն են ասում: Դա իշխանութան կարծի՞քն է, թե՞ իշխանության ինչ-որ անհատ ներկայացուցիչների կամ իշխանության մեջ եղող ինչ-որ խմբի։ Բայց «Դաշնակցության» մեջ որքան էլ փնտրեն, չեն կարող շերտեր գտնել, որովհետեւ «Դաշնակցությունը» կուռ, կազմակերպական, գաղափարական կառույց է, որն ունի անցյալ, 130 տարվա պատմություն, փորձառություն։ «Դաշնակցությունը» մեկ հոգու շուրջ ստեղծված կուսակցություն չէ, մեկ հոգու կողմից կառավարվող քաղաքական կազմակերպություն չէ։ «Դաշնակցությունը» համահայկական քաղաքական կուսակցություն է, որտեղ շերտեր գտնել հնարավոր չէ։ Այսինքն՝ ինչ մտածում է Հայաստանի դաշնակցականը, նույն կերպ մտածում է նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Լիբանանի եւ Ռուսաստանի դաշնակցականը։
-Հարցը այլ բանի մասին էր, պարո՛ն Սաղաթելյան։
-Չի կարող իշխանությունը փորձել Հայաստանի կառույցի հետ չշփվել, բայց Սփյուռքի հետ լավ լինել:
-Եվ դա, ըստ էության, մեսիջ էր համագործակցությա՞ն։
-Այո։ Եւ մենք չենք ժխտել այդ համագործակցությունը: Շատերը, համագործակցություն ասելով, պատկերացնում են միայն կառավարության մաս կազմելը։ Մենք դա բացառում ենք։
-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը։
-Շատ ու շատ ոլորտներում, որտեղ մեր երկրի ու ժողովրդի շահն է, օրինակ, արտաքին քաղաքականության հարցերում։ Դուք գիտեք, որ «Դաշնակցությունը» ամբողջ աշխարհում ունի Հայ Դատի գրասենյակ։ Թարմ օրինակ բերեմ․վերջերս Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունը Բրյուսելում էր, որտեղ հանդիպեց Եվրոպայի հայ դատի գրասենյակի հետ, եւ միասին քննարկեցինք այն խնդիրները, որոնք միասնաբար պետք է լուծեն` ի շահ մեր պետության։ Օրինակ, վարչապետը վերջերս հայտարարել է երկու կարեւոր բան, որը մենք ողջունում ենք։ Առաջինը` որ կառավարությունը երբեք չի քննարկելու «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը, որը շատ ողջունելի է, եւ երկրորդը`քանի դեռ Ադրբեջանում չկա զիջումների մասին տեսակետ, Հայաստանում չի կարող լինել։ Այդ հարցերում մենք իրեն պաշտպանելու ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ ինքը մնա այդ դիրքերում, եւ այդ հարեցրի շուրջ համագործակցելու ենք։ Ընդդիմության նպատակը իր պետությանը, ժողովրդին, երկրին օգտակար լինելն է։ Որտեղ կա համագործակցություն հանուն պետության, մենք համագործակցելու ենք, որովհետեւ մենք ունենք համապատասխան ռեսուրսներ, հնարավորություններ, որոնք պատրաստ ենք դնել պետության եւ ոչ թե իշխանությունների տրամադրության տակ:
-Պարո՛ն Սաղաթելյան, նույն հայտարարության մեջ Հրանտ Մարգարյանը խոսեց այն մասին, որ իշխանությունների հետ 5 պայմանավորվածություններ են եղել, որոնք խախտվել են։ Ի՞նչ հինգ համագործակցությունների մասին է խոսքը, կթվարկե՞ք։
-Անկեղծ ասած` ես չգիտեմ այդ 5 պայմանավորվածությունների մանրամասնությունները։ Բայց ես գիտեմ, որ Հրանտ Մարգարյանը նաեւ բանտում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, գուցե նաեւ այն ժամանակ է ինչ-որ պայմանավորվածություններ եղել։ Օրինակ` մեկը կարող եմ նշել. մենք համաձայնության կառավարությանը մաս կազմելուց առաջ ընդհանուր պատկերացումներ եւ մոտեցումներ ունենք այն մասին, որ խորհրդարանական ընտրությունները պետք է գոնե տեղի ունենան 2019 թվականին կամ, ասենք, ընտրական օրենսգրքի բարեփոխումները։ Ակնհայտ է, որ եղել են պայմանավորվածություններ եւ խախտվել, իսկ կոնկրետ հինգի մասին Հրանտ Մարգարյանը ավելի լավ կիմանա։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե Մինասյան