Համաներման շուրջ կրքերը թեժանում են. Վերաքննիչի դատավորը դիմել է ՍԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջերս հայտարարված համաներման շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հիմա էլ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներից մեկը համաներման օրենքի կետերից մեկի կիրառման հարցով դիմել է սահմանադրական դատարան:

Այն, որ համաներումից հետո իրավապահ համակարգը հայտնվել է բարդ կացության մեջ, գաղտնիք չէ ոչ ոքի: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով` դատախազական հսկողություն ու վերահսկողություն է սահմանվել 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ: Հայտնաբերվել են խախտումներ: Մյուս կողմից` ոստիկանություն է գործի անցել:

Մասնավորապես, փետրվարի 16-ին ոստիկանապետն էր խորհրդակցություն անցկացրել եւ խորհրդակցության գլխավոր թեման հանրապետությունում օպերատիվ իրավիճակն էր:

Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով գրանցված դեպքերին ու բացահայտումներին, հանձնարարել էր անցնել ուժեղացված հսկողության:
Սակայն հարցն այսքանով չի ավարտվում. համաներման գործընթացի մասով նաեւ քայլեր են սկսել դատավորները: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներից մեկը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` համաներման օրենքի 4-րդ կետի 2-րդ մասի սահմանադրականության օրինականության հարցը բարձրացնելով:

Այդ դրույթը վերաբերում է տուժողի վնասի չհատուցման խնդրին: Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները, ուսումնասիրելով իրավիճակը, նկատել են, որ 2009 թվականի եւ 2013 թվականի համաներման կիրառման մեջ նշված է եղել, որ համաներում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնք պետությանը կամ անձին հասցրած վնասը չեն փոխհատուցել: Մինչդեռ վերջերս հայտարարված համաներման արդյունքում ազատ արձակվեցին նաեւ անձինք, որոնք պետության կամ քաղաքացու վնասը չեն հատուցել: Նրանց նկատմամբ համաներում կիրառվել է, միեւնույն ժամանակ տուժողներին հնարավարություն է տրվել քաղհայցով դիմել դատարան եւ մեղադրյալներից պահանջել իրենց վնասի փոխհատուցումը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ դատական դեպարտամենտից, որտեղից ի պատասխան հաստատեցին, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներից մեկը դիմել է Սահմանադրական դատարան համաներման 4-րդ կետի 2-րդ մասի սահմանադրականության օրինականության պարզաբանման հարցով, որը վերաբերում է վնասի չհատուցմանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Հովիկ Արսենյանը, անդրադառնալով իրավիճակին, հայտնեց. «Այս վերջին համաներման մասին օրենքով մի բան է հասկանալի դառնում, որ պետական իշխանություն ունենք, եւ նա համաներում է կիրառել իր քաղաքացիների նկատմամբ, վեր է դասել պետական իշխանությունը:

2013 թվականի համաներումը որ նայելու լինենք, պետությունը պայման է դնում` կկիրառեմ համաներում, բայց եթե հանցագործության` կլինի պետության, թե քաղաքացու նկատամբ, փոխհատուցում չի եղել, այդ դեպքում չի կիրառվի: Ըստ էության, որ նայում ենք բարոյական եւ օրենքի առումով, որ այս տաբուն հանվել է, միանգամայն ճիշտ է եղել, բնականաբար, հանցագործության վնասի հետ կապված էլ տուժողներին իրավունք է տրվել քաղհայցով դիմել դատարան: Սա առջընթաց է, եթե համաներումը կիրառվում է, պետք է իմաստ ունենա. նպատակը ոչ թե այդ պահին ստիպելն է, պայման դնելն է , որ` վնասը հատուցի, քեզ կազատեմ, դա կախվածության մեջ է դնում նյութականից»:

Մեր այն դիտարկմանը, թե սա կարող է այլ վտանգ ունենալ` գողացա, յուրացրի եւ հայտնվեցի ազատության մեջ, պաշտպանն ասաց. «Դե, ներողություն, համաներումը չի եղել, այդ մարդիկ էլ դատապարտված պատիժ են կրում, դրանով տուժողների վնասը վերականգնվե՞ց, լուծվե՞ց. դուրս գալու դեպքում նրանք կաշխատեն եւ դա կփոխհատուցեն»:

Քնար Մանուկյան




Լրահոս