Ես այսօր էլ շարունակում եմ մնալ ձեզանից մեկը․ Սուրեն Պապիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ճանաչողական հանդիպում է ունեցել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով պրակտիկա անցնող երիտասարդ մասնագետների հետ:

Երիտասարդների հետ զրույցում նախարարը չափազանց արդյունավետ է որակել պետական կառավարման համակարգում նորավարտ ու դեռևս աշխատանքային փորձ չունեցող մասնագետներ ներգրավելու նախարարության նախաձեռնությունը և հույս հայտնել, որ ստացած գործնական հմտությունները մրցակցային առավելություն կտան նրանց։

Նախարարի խոսքով պրակտիկայի կազմակերպման նպատակներից է նաև անաչառ հայացքի միջոցով վերհանել գերատեսչությունում կազմակերպվող աշխատանքի բացերը, թերությունները ու փնտրել դրանց հաղթահարման օպտիմալ լուծումներ։

Սուրեն Պապիկյանը ուրախությամբ փաստել է, որ պրակտիկայի նախորդ փուլում իրենց աշխատասիրությամբ, ջանասիրությամբ, պրոֆեսիոնալիզմով ու ստեղծագործ մտածողությամբ աչքի ընկնող հինգ երիտասարդներ համալրել են նախարարության աշխատակազմը։«ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկրի պետական կառավարման համակարգում սոցիալական վերելակի անխափան աշխատանքով՝ հավասար հնարավորություններ ընձեռնելով արժանի և նորարական մտածողությամբ մարդկանց»,- ասել է նախարարը։

Երիտասարդներին պատմելով իր անցած ճանապարհի մասին և լսելով նրանց անհատական պատմությունները՝ Սուրեն Պապիկյանը նշել է․«Ես այսօր էլ շարունակում եմ մնալ ձեզանից մեկը։ Մենք պետք է միասին քարը քարի վրա դնենք և մեր ամենօրյա արդյունավետ աշխատանքով գալիք փոփոխությունների մասնակիցը դառնանք»։

Երիտասարդ մասնագետներն իրենց հարցերն ու առաջարկություններ են ուղղել նախարարին, նրա հետ քննարկել հեռանկարային գաղափարներ։




Լրահոս