«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել «Չեք հավատա, բայց…» խորագրով շարքը, որի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Լիա Զախարյանն է:
Նա հիշեց մի դեպք՝ կապված «Մոխրոտիկը» ներկայացման հետ. «Համազգային թատրոնում ներկայացման պրեմիերան էր, շատ հուզված էինք, ձմեռ էր, կուլիսներում էլ բավական ցուրտ էր: Գլխավոր ռեժիսորը կոնյակ բերեց, ասաց, որ պրեմիերան նշենք, բացի այդ՝ խմենք, կտաքանանք, հուզմունքն էլ կանցնի: Հատկապես ես շատ էի մրսում: Մարմնավորում էի բարի փերիի կերպարը, զգեստս էլ բաց էր, սառը: Այդպիսով՝ հարդարման սենյակում բոլորով կոնյակ խմեցինք, եւ այդտեղից ամեն բան սկսվեց:
Ներկայացումն արդեն մեկնարկել էր, բարի փերիի իմ կերպարն այնպիսին էր, որ նրա՝ բեմում հայտնվելուց հետո նոր, ինչ-որ կարեւոր իրադարձություններ էին տեղի ունենում: Եվ հերթը հասել էր ինձ, պետք է դուրս գայի բեմ ու ասեի. «Բիբիծի բաբիծի բու» կախարդական խոսքերը, բայց իմ հեչ պետքը չէր, կոնյակն իր գործն արել էր (ծիծաղում է): Խեղճ խաղընկերուհիս՝ Զառա Սահակյանը, տարատեսակ միջոցներով բեմից անկարկում էր ինձ, որպեսզի հայտնվեմ, բայց հնար չկար: Մեկ այլ դրվագում Մոխրոտիկը պետք է արքայազնի մոտից փախչելիս կոշիկը թողներ նրա մոտ ու դուրս գար: Բայց քանի որ Մոխրոտիկն էլ էր խմած, մոռացել էր կոշիկը հագնել, երկարաճիթ կոշիկներով էր բեմ դուրս եկել: Եվ երբ արքայազնի մոտից դուրս էր գալիս, նայեց ոտքերին, հասկացավ, որ սիրուն, փայլփլուն, սպիտակ կոշիկները չի հագել, երկարաճիթ կոշիկը թողեց բեմում ու գնաց: Մոտեցավ արքայազնի հայրը, որին մարմնավորում էր Լեւոն Հարությունյանը: Նա պետք է ասեր. «Սա ո՞ւմ կոշիկն է, որդի՛ս», փոխարենը իրեն չկորցրեց ու ասաց. «Սա ու՞մ սապոգն է, որդի՛ս»: Բոլորը մտան իրենց դերի մեջ, որպեսզի փրկեին իրավիճակը»,-ծիծաղելով պատմեց Լիան:
Դերասանուհին հավելեց, որ այդ ներկայացման մեջ ընդգրկված հերոսներից եւս երկուսը՝ Մինիոնն ու Սպանջ Բոբը, որոնք նույնպես խմած էին, բեմ էին դուրս եկել իրենց հատուկ զգեստներով եւ մոռացել էին աչքերի համար անցքեր անել: Արդյունքում բեմի վրա նրանք ոչինչ չէին տեսնում:
«Ու չնայած զավեշտալի իրավիճակներին, ներկայացումը շատ լավ անցավ, հանդիսատեսը ոչինչ գլխի չընկավ, մտածեց՝ մոդեռն «Մոխրոտիկ» ենք բեմադրել: Ահա թե ինչ է անում մի կում կոնյակը դերասանին»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Աննա Բաբաջանյան