«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏ ԱՎԵԼԻՆ Է ԱՐՎՈՒՄ, ՔԱՆ ԹՎՈՒՄ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգիչ Էրիկը: Նա խոսել է իր նախասիրությունների, սովորությունների, բնավորության գծերի մասին: Երգիչը նշել է, թե ինչպիսին է իրեն պատկերացնում 20 տարի անց, ինչն է իրեն ոգեշնչում եւ ինչից է վախենում:

-Էրի՛կ, կա՞ մի վայր, ուր գոնե ամիսը մեկ անգամ այցելում եք:
-Այո, անգամ շաբաթը մեկ անգամ այցելում եմ եկեղեցի:
-Նախընտրում եք, որ Ձեր տուն գան անակնկալ կերպո՞վ, թե՞ զգուշացնելուց հետո:
-Իմ տուն գալիս են միայն հարազատ մարդիկ, իսկ նրանց համար իմ դուռը միշտ բաց է:
-Ի՞նչը կարող է ոգեշնչել Ձեզ:
-Ցանկացած լավ բան, անգամ՝ մանրուք թվացող:
-Կենցաղում ինչպիսի՞ն եք:
-Ինչպես ցանկացած մարդ, տարբեր: Դա կախված է այդ օրվա իմ շփումներից, տրամադրությունից: Ամեն դեպքում, փորձում եմ կողքիններիս միայն լավ տրամադրություն փոխանցել:
-Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեզ 20 տարի անց:
-Ընտանիքիս, երեխաներիս հետ, էլի երգելիս: Բայց նախընտրում եմ առաջ չընկնել, ամեն բան՝ Աստծո կամքով:
-Երկիր, որ միշտ գրավել է Ձեզ:
-Շատ երկրներ կան, որտեղ չեմ եղել, բայց շատ կցանկանայի, օրինակ՝ Չինաստան, Ճապոնիա, Հնդկաստան: Դրանք հին ու մարդկությանը շատ բան թողած երկրներ են:
-Ստեղծագործող մարդուն առաջինը հարկավոր է…
-Հանգստություն, չնայած երբեմն վայրիվերումներն են ոգեշնչող, բայց ես նախընտրում եմ խաղաղ պայմաններ:
-Ինչպե՞ս եք պատկերացնում աշխարհի վերջը:
-Ոչ միայն պատկերացնում եմ, այլեւ հաճախ տեսնում եմ աշխարհի վերջը (ծիծաղում է): Աշխարհի վերջն այն է, երբ մարդիկ մոռանում են, թե ինչի համար են ստեղծվել, չարաշահում են իրենց լինելը:
-Հանուն սիրո ինչի՞ եք պատրաստ:
-Շատ բան եմ պատրաստ զոհաբերել հանուն սիրո: Կլինի՝ կտեսնեք (ծիծաղում է):
-Ինչպե՞ս կբնութագրեք հայաստանյան ներկայիս քաղաքական կյանքը:
-Աշխատում եմ քաղաքականությամբ չհետաքրքրվել, բայց չեմ էլ կարող անտեսել այն, ինչ կատարվում է: Ցանկացած բան, ինչ արվում է, ուզում եմ ժողովրդի օգտին լինի:
-Իրավիճակը հուսադրո՞ղ է:
-Կարծում եմ՝ ավելին է, քան հուսադրող… Մեր երկրում այս պահին շատ ավելին է արվում, քան թվում է: Համենայն դեպս, ամեն մարդ, եթե փոփոխություն է ուզում, պետք է ինքն իրենից սկսի:
-Այս երեքից ո՞րը Դուք չունեք՝ համբերությո՞ւն, համարձակությո՞ւն, թե՞ ինքնավստահություն:
-Համբերություն: Սովորաբար շտապում եմ. դա վատ է անդրադառնում ինձ վրա:
-Տղամարդու ամենագրավիչ հատկանիշը ո՞րն է:
-Տղամարդը պետք է տղամարդ լինի ցանկացած պարագայում: Դրանով ամեն ինչ ասված է:
-Կնոջն իսկապես այդքան դժվա՞ր է հասկանալ, որքան ներկայացվում է:
-Առհասարակ, մարդիկ տարբեր են: Ամեն մեկն իր աշխարհայացքն ունի: Երբ ընդունում ես մեկին այնպիսին, ինչպիսին կա, սկսում ես հասկանալ եւ ընկալել նրան: Կնոջն էլ, միանշանակ, կարելի է հասկանալ:
-Ինքներդ Ձեզ ոչ ստանդարտ մարդ համարո՞ւմ եք:
-Որոշ հարցերի դեպքում գուցե, ստանդարտ եմ մտածում, բայց հիմնականում երեւի, ելնելով գործիս բնույթից, ոչ այնքան:
-Ինչի՞ համար եք զղջում:
-Փորձում եմ չանել բաներ, որոնց համար պետք է ափսոսամ: Իհարկե, լինում են բաներ, որոնց համար տարիներ անց զղջում ես:
-Ինչի՞ց եք վախենում:
-Հարազատ մարդկանց, ընկերներին կորցնելուց:
-Ո՞ւմից կարելի է անվերջ սովորել:
-Ամենալավ ուսուցիչը կյանքն է, ժամանակը, բայց որքան էլ սովորում ես, հասկանում ես, որ ոչ մի բան էլ չգիտես:
-Ե՞րբ կարելի է համարել, որ կյանքը ստացվել է, մարդը հաջողել է:
-Կյանքը շատ անկանխատեսելի է, եւ դժվար է միանշանակ նման դատողություններ անել: Ամենամեծ հաջողությունը, թերեւս, այն է, որ ընտանիքիդ անդամները ուրախ են եւ առողջ: Մնացածը ձեռքբերովի է, ցանկության դեպքում հնարավոր է ամեն ինչի հասնել:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԿԱ ՄԻ ՄԱՐԴ, ՈՐԻՆ ԴԵՌ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՏԱԼ՝ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է»

«Ներկայիս իշխանության կազմում կա մի մարդ, որին ես դեռ ուզում եմ հավատալ եւ վստահել՝ Նիկոլ Փաշինյանն է: Մյուսները մեծ մասամբ ինձ դուր չեն գալիս: Երբ այսպես խոսում եմ, ինձ ասում են, թե հեղափոխությանը դեմ եմ, բայց դա, իհարկե, այդպես չէ: Ես պարզապես ցանկանում եմ, որ նրանք, ովքեր կոչված են խորհրդարանում, կառավարությունում ժողովրդի ձայնը տեղ հասցնելու, իսկապես կատարեն իրենց գործը, բայց ես դա չեմ տեսնում: Ես չեմ ուզում, որ միանձնյա որոշումներ կայացվեն, վերեւից մեկը մի բան ասի, դա նույնիսկ չքննարկեն, միանգամից ընդունեն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Ելենա Բորիսենկոն՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ տպավորություն ունի ներկայիս իշխանության գործելաոճից:

Նա խոստովանեց, որ իշխանության շատ քայլեր իր սրտով չեն, սակայն ինքը հաճախ նախընտրում է լռել, եթե չի կարող որեւէ բանով օգտակար լինել: «Օրինակ՝ ի՞նչ է նշանակում արվեստի գործերը թիկնազորի ուղեկցությամբ տանել դպրոցներ: Փոխանակ երեխաներին թանգարան այցելելու մշակույթ սերմանեն, ինչո՞վ են զբաղված… Աբսուրդային բաներ կան, որոնք լսում եմ, գլխումս «երկրաշարժ» է լինում»,- ասաց Ելենան:
Դերասանուհին անդրադարձավ նաեւ Երեւանի օպերային թատրոնի տարածքի սրճարանների մի մասի ապամոնտաժման հարցին. «Այն, որ սրճարանները պետք էր ապամոնտաժել, միանշանակ է, կանաչապատումն անհրաժեշտ է, բայց ես մտածում եմ՝ գուցե պետք էր սրճարանատերերին մինչեւ հոկտեմբեր թողնել աշխատել, իսկ հետո արդեն ամբողջն ապամոնտաժել: Մյուս կողմից էլ` հասկանում եմ, որ ժողովուրդն այս իշխանությունից կոնկրետ քայլեր է պահանջում, ասում է. «Մինչեւ հիմա ի՞նչ եք արել, ցո՛ւյց տվեք», ուստի փորձ է արվում հնարավորինս արագ արդարացնել այդ ակնկալիքները»,-եզրափակեց դերասանուհին:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ՍԿՍԵՑ ՀԱՎԱՔԸ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի հավաքական են հրավիրվել 27 ֆուտբոլիստներ: Հիշեցնենք, որ մեր հավաքականը մարտի 23-ին դրսում կմրցի Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականի դեմ, ապա մարտի 26-ին սեփական դաշտում կհյուրընկալի Ֆինլանդիայի հավաքականին: Հավելենք, որ հավաքականին փոքր ուշացումով են միացել Սարգիս Ադամյանը եւ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը:

 

 

ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ
Սկոպյեում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որի մասնակիցների թվում են Հայաստանի 8 շախմատիստներ: Նրանցից 4-ը հաղթանակով մեկնարկեցին: Հրանտ Մելքումյանը պարտության մատնեց Ալեքսանդր Գնիդյուկին, Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Կիրիլ Շուբինին, Սամվել Տեր-Սահակյանն առավելության հասավ Ալան Տատեի նկատմամբ, իսկ Շանթ Սարգսյանն ուժեղ գտնվեց Միլե Տրայկովսկու հետ մրցախաղում: Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանն ու Մանուել Պետրոսյանն իրենց մրցախաղերն ավարտեցին ոչ-ոքի: Հավելենք, որ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է:

 

 

ԱՄԵՆԱԹԱՆԿԱՐԺԵՔՆ Է
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ՊՍԺ-ի 20-ամյա ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն այս պահին հանդիսանում է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: «Մբապեի մասին խոսելիս, կարծում եմ, պարտադիր չէ մտածել, թե ինչպիսին կլինի նա 5-10 տարի անց: Միայն պետք է կենտրոնանալ նրա վրա, ինչ անում է հիմա. նա անհավանական է: Հաշվի առնելով նրա, Ռոնալդուի, Մեսիի, Նեյմարի տարիքը՝ Մբապեն աշխարհի ամենաթանկարժեք խաղացողն է: Այս պահին նրա հավանական տրանսֆերը ամենաթանկը կլինի ֆուտբոլում»,-ասել է «Առանձնահատուկը»:

 

 

ՍԻՄԵՈՆԵԻ ԿԱՐԾԻՔԸ
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուին եւ Լեո Մեսիին. «Ռոնալդուի հետ կարելի է միայնակ գնալ պատերազմ ու հաղթել, նա նման է Ալեքսանդր Մեծին, նա առաջնորդ է: Մեսին զուրկ է առաջատարի որակներից. նա պատերազմում կարող է հաղթել միայն թիմակիցների շնորհիվ: Նա անկասելի է դառնում միայն խաղընկերների շնորհիվ»,-ասել է Չոլո Սիմեոնեն: Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը Չ/Լ 1/8 եզրափակչից դուրս մնաց Ռոնալդուի հեթ-տրիկի պատճառով:

 

 

ՄՏԱԴԻՐ Է
Բրիտանական TheSun-ը հայտնում է, որ Մյունխենի «Բավարիան» մտադիր է տրանսֆերային առաջարկով դիմել Մադրիդի «Ռեալին»: Մյունխենցիները հետաքրքրված են «Արքայական ակումբի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի ծառայություններով: Ըստ աղբյուրի՝ մադրիդյան գրանդը Բեյլի տրանսֆերի համար 150 մլն ֆունտ է պահանջում բավարացիներից: Նշվում է, որ «Բավարիան» արդեն Բեյլին խոստացել է շաբաթական 650,000 ֆունտ աշխատավարձ:

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս