Նախնական տվյալներով, որոնք ամեն պահի թարմացվում են, Արարատի մարզում՝ Զոդի կամրջի վրա այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորվել է 12 մարդ, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս մեկինը՝ ծանր: Այդ մասին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում լրագրողների հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխանցում է «Ազատություն»-ը:
Վիրավորներից 4-ը, ըստ նախարարի, «Արարատ» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո արդեն դուրս են գրվել: «Մնացել է ևս երկու հիվանդ Արարատի բժշկական կենտրոնում՝ մի երեխա և մի 42-ամյա տղամարդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության, այսինքն՝ կյանքին վտանգ չի սպառնում որպես այդպիսին», – շարունակեց Թորոսյանը:
«Եվս մեկ պացիենտ հիմա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ նյարդավիրաբուժական բաժանմունքում, մեկ պացիենտ՝ երեխա, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, եթե չեմ սխալվում՝ ձեռքի կոտրվածքով, չորս պացիենտ գտնվում են այրվածքաբանության կենտրոնում, որից մեկը շուտով կտեղափոխվի «Արմենիա» բժշկական կենտրոն, որովհետև բուն այրվածքային խնդիրը այդքան ծանր չէ, ինչքան մյուս խնդիրները, այսինքն՝ խրոնիկ հիվանդություններ ունի և նաև կոտրվածքներ, դրա համար տեղափոխում ենք բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, մնում են երեքը, որից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, և բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, մյուս երկուսից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության», – փոխանցեց նախարարը:
«Ամեն ինչ արվում է բժշկական օգնության տեսանկյունից, հույս ունեմ, որ կունենանք դրական արդյունքներ», – ասաց Արսեն Թորոսյանը:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող երեխայի կյանքին, ինչպես «Ազատության» հարցին ի պատասխան նշեց Թորոսյանը, վտանգ չի սպառնում:
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողը, ըստ նախարարի, «երիտասարդ աղջիկ է»․ մանրամասներ նա չկարողացավ հաղորդել:
«Նաև եղել են զոհեր, որոնց թվաքանակը հիմա ճշտվում է: Իմ նախնական տվյալներով՝ 6 զոհ են, վերջնական ինֆորմացիա կտրամադրվի», – ասաց Թորոսյանը՝ «Ազատության» հարցին պատասխանելով, որ «դատաբժշկական փորձաքննությունը վերջնական մահվան պատճառը կասի՝ միգուցե, հնարավոր է, նաև տրավմաներից մարդիկ զոհված լինեն, ոչ միայն այրվածքներից»: