ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ նոր զարգացումներ են սկսվել: Նախ` երեկ երկրորդ նախագահի պաշտպանական խումբը հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը։
Մասնավորապես, Սահմանադրական դատարանը դիրքորոշում էր հայտնել, որ Վճռաբեկ դատարանը չի կարող գործը ուղարկել նոր քննության, եթե կան բողոքարկումներ։ Խոսքը նաեւ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշման մասին է։ Այսինքն` Վճռաբեկ դատարանը ոչ թե պետք է գործն ուղարկեր նոր քննության, այլ ինքը պետք է կայացներ վերջնական որոշում։
Սակայն սա էլ վերջնականը չէ. Սահմանադրական դատարանը նաեւ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացված դատական ակտը, նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով, ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով։ Եվ որպես հիմք է նշված այն հանգամանքը, որ օրենքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվել է այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։
Սակայն սա երեկ Ռոբերտ Քոչարյանի շուրջ միակ իրադարձությունը չէր։ Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Նամակում ասվում է. «Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու եւ կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։ Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում եւ Շուշիում»։
Նախ` ի՞նչ է ենթադրում հարցի իրավական կողմը. ՀՀ քրեադատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածում ասվում է.
1. Անձնական երաշխավորությունը վստահություն վայելող անձանց գրավոր պարտավորությունն է այն մասին, որ նրանք իրենց խոսքով եւ մուծվող դրամական գումարով երաշխավորում են կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը եւ այլ դատավարական պարտականություններ կատարելը:
2. Երաշխավորող կարող է լինել չափահաս ֆիզիկական անձը: Ընդ որում` անձը պետք է մուծի դրամական գումար` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
3. Երաշխավորողների թիվը երկուսից պակաս չի կարող լինել: Բացառիկ դեպքերում անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կարող է կիրառվել առանձնակի վստահություն վայելող մեկ երաշխավորողի առկայությամբ:
Այս պարագայում երաշխավորող երկու անձ առկա էին, որոնք պատրաստ էին, իրենց խոսքով ասած, ցանկացած հրապարակային երաշխիքի։ Սակայն ՀՀ գլխավոր դատախազության կողմից եղավ հետեւյալ պատասխանը. «Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետեւաբար նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»:
Իրավական առումով դատախազության պարզաբանումը միանգամայն ճիշտ է, այլ կերպ ասած` նախկին նախագահներն այս հարցում մի փոքր ուշացել էին, կամ պետք է դիմեին արդեն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանին, որն արդեն իրավասություն ունի զբաղվելու այս գործով։ Իսկ եթե գործն արդեն դատարանում չլիներ եւ մակագրված չլիներ դատավորի, ապա նախաքննական մարմինը կարող էր առանց դատարանի վճռի՝ երաշխավորության հիման վրա եւ դատախազի ցուցումով, փոխել ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը։
Իհարկե, սա հարցի իրավական կողմն է, սակայն տվյալ դեպքում հարցն ունի նաեւ բարոյական կողմ՝ հաշվի առնելով, որ այդպիսի երաշխավորություն ներկայացնելու պատրաստակամություն էին հայտնել Արցախի ներկայիս եւ նախկին նախագահները, այլ կերպ ասած` ամբողջ արցախահայությունը։ Եվ այս պարագայում տվյալ անձանց դիմումին կարելի էր նաեւ այլ կերպ մոտենալ՝ մի կողմ դնելով, թե ում էր վերաբերում Բ. Սահակյանի եւ Ա. Ղուկասյանի դիմումը։
Հավելենք, որ երեկ խորհրդարանում թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները խուսափում էին խոսել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակի մասին՝ խորհուրդ տալով սպասել դատախազության պատասխանին՝ մեկնաբանելով, թե հարցը գտնվում է իրավական տիրույթում՝ բացառելով քաղաքական շարժառիթները։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄՇՏԱԿԱՆ
Ինչպես հայտնի է, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմքերն ուսումնասիրելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազին եւ ԱԺ նախագահին։ Բացի այդ, առաջարկ է եղել ստեղծել էթիկայի հանձնաժողով, որը պետք է քննի նրա հետ կապված հարցերը։ Եվ երեկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, թե այդ առումով քննարկումներ եղել են, սակայն կսպասեն իրավապահ մարմինների եզրակացությանը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ հստակ եզրահանգում դեռեւս առկա չէ, սակայն խմբակցության մեծամասնությունը կողմ է, որպեսզի այդ մարմինը դառնա մշտական եւ ոչ թե կոնկրետ անձանց վարքը քննելու համար ստեղծվի։ Խմբակցության տարբեր նիստերի ժամանակ պատգամավորները կարծիք են արտահայտել, որ այժմ՝ մինչ իրավապահների եզրակացությունը, էթիկայի հանձնաժողովի ստեղծումը կարող է դիտարկվել որպես հետապնդում եւ ճնշում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Միեւնույն ժամանակ առաջիկայում փոփոխություններ կարող են լինել նախագծերում, եւ էթիկայի հանձնաժողովը դառնա մշտական։
ԲԿ-Ն` ԸՆԴԴԵՄ ՊԵԿ-Ի
Պետական եկամուտների կոմիտեի եւ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 3-ին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ ՀՀ ՊԵԿ-ի` 2019թ. մարտի 12-ի վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով: Դատելով իրավիճակից` ԲԿ-ն միգուցե հարկային թերացումներ է թույլ տվել եւ վարչական պատասխանատվության է ենթարկվել, ինչն էլ ԲԿ-ն վիճարկում է դատարանում: Հիշեցնենք, որ ԲԿ-ի տնօրենն է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկեր Արման Հովակիմյանը:
ՍԿՍԵԼ ԵՆՔ ՀԱՑ ՈՒՏԵԼ
Հայաստանում հացի արտադրության ծավալների աճի դինամիկան այս տարվա հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անփոփոխ է մնացել: Պաշտոնապես հացի արտադրության ծավալները վերը նշված ժամանակահատվածում աճել են 1.9 տոկոսով: Նկատենք, որ վերջին տարիներին հացի արտադրության ծավալները նվազում էին: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-մարտին արտադրվել է 68 հազար 903 տոննա հաց, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 67 հազար 619 տոննա: Կա տեսակետ, որ հացի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ. ի վերջո, նախորդ տարիներին, երբ մեծ էր արտագաղթը, դրա հետեւանքով տարեկան մոտ 3 տոկոսով նվազում էին հացի արտադրության ծավալները եւս: Իսկ հիմա, ընդհակառակը, առաջին անհրաժեշտության սննդամթերքը սպառողների թիվն ավելացել է: Ասել է թե` սկսել ենք կա՛մ շատ հաց ուտել, կա՛մ էլ տնտեսվարողներն են ստվերից դուրս եկել:
200 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
Ռուսական RBK hեռուստաալիքի տնօրեն Իլյա Դորոնովը հարցազրույց է անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. վերջինս պատմել է` ինչպես են ապրում Հայաստանում թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց. «Մեր հեղափոխության վրա մենք ծախսել ենք մոտավորապես 200 հազար դոլար… Այդ հեղափոխությունը ռոմանտիզմի հաղթանակն էր պրագմատիզմի նկատմամբ»: «Վարչապետի հետ շրջեցինք Երեւանում, խոսեցինք` ինչպես է ամեն ինչ եղել, եւ թե ինչ է փոխվել այս ընթացքում»,-նշել է Իլյա Դորոնովը:
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱԺ-ԻՆ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ԱԺ-ին ներկայացրել է իր հեղինակած «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը: Նախագիծը վերաբերում է տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի գովազդի սահմանափակմանը: Այս օրենքով առաջարկվում է ինտերնետ շահումով խաղերը հեռուստատեսությամբ թույլատրել գովազդել ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյի դեպքում թույլատրվի ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն ընկած ժամանակահատվածում, այլապես այլ ժամերի համար ընդհանրապես անիմաստ է լինելու այդ գովազդը: Հրաչյա Հակոբյանը նշել է, որ հեռուստահաղորդմամբ ժամը 07:00-ից մինչեւ 22:00-ն ընկած ժամանակահատվածում սպորտային միջոցառումների հեռարձակումների ժամանակ գովազդ թույլատրվելու է ոչ ավելի, քան մեկ անգամ` յուրաքանչյուր հաղորդումից հետո, եւ միայն հովանավոր կազմակերպության անվան հիշատակմամբ: Կայքերի դեպքում գովազդի թույլատրելի սահմանը լինելու է 20%:
ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆ
«Իմ քայլը» խմբակցությունը քննարկել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցով հանձնաժողով ստեղծելու հարցը ու որոշել է սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը. այս մասին ասել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ծառուկյանն առաջարկել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որ միասին օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեն պատգամավորի` ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու հարցն ավելի հստակեցնելու նպատակով: Մակունցն ասել է, որ համաձայն են կատարել այն բոլոր օրենսդրական փոփոխությունները, որոնց անհրաժեշտությունը կա, նաեւ հնարավոր է ԱԺ էթիկայի հանձնաժողովը մշտական դարձնեն: Մակունցն ընդգծել է, որ սրանով չեն բացառում, որ էթիկայի հանձնաժողով կստեղծվի, պարզապես հիմա սպասելու են իրավապահների եզրակացությանը:
ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ուրբաթ` մայիսի 10-ին` ժամը 12:00-ին: Կառավարության նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին, սակայն այս հինգշաբթի ոչ աշխատանքային օր է. մայիսի 9-ին ՀՀ-ում նշում են Հաղթանակի եւ խաղաղության տոնը:
ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Երկրապահ կամավորների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ: Շնորհավորելով գալիք տոնի՝ Երկրապահի օրվա առթիվ` հանրապետության նախագահը նշել է, որ երկրապահները մեծ ներդրում ունեն Արցախի ազատագրման եւ ինքնիշխանության վերականգնման, մեր անկախ պետականության կայացման եւ անվտանգության ապահովման գործում: «Դուք հայրենիքի պաշտպան եք, ազգի եւ հայրենիքի պաշտպանության սիմվոլը»,- ասել է հանրապետության նախագահը: ԵԿՄ վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը, շնորհակալություն հայտնելով երկրի նախագահին ընդունելության համար, նշել է, որ Երկրապահը միշտ պատրաստ է մասնակից լինել հայրենիքի պաշտպանության գործին: Նա ներկայացրել է ԵԿՄ վարչության կազմը եւ անդրադարձել կազմակերպության անելիքներին ու խնդիրներին: