ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉՆ ԱՐԵԼ Է ԲԱՐՈՆ ՄՅՈՒՆՀԱՈՒԶԵՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի հետ:-Պարո՛ն Կարապետյան, Սերժ Սարգսյանի այս «ծաղկաձորյան կաբինետը»,  նախօրեին նախագահական նստավայրում արված  ցուցումները, 4-րդ դասարանի աշակերտի նման գլուխը կախած վարչապետի հետ դեմքի խիստ արտահայտությամբ զրուցելը ի՞նչ է նշանակում:-Այս ամենն իր մեջ պարունակում է 3 կարեւորագույն տարր: Առաջին` Սերժ Սարգսյանը հասկացել է, որ երկրում վիճակը օրհասական է, եւ պետք է ինչ-որ քայլեր անել: Երկրորդ` ինչպես միշտ, այդ քայլերը համեմված են PR-ով,  եւ երրորդ` Ս. Սարգսյանն ուզում է ի վերջո հասկանալ` հնարավո՞ր է այդ ճանապարհով ընդդիմադիր որոշակի հատվածի վերաբերմունքն իշխանության հանդեպ փոխել: Այսինքն` ցույց տալ, որ մենք էլ ենք հասկանում, որ դժվարություններ կան, եւ եկե՛ք ինչ-որ կերպ պայմանավորվենք դրանք հաղթահարելու ճանապարհի  ընտրության  մեջ:-Վերջերս հայտարարել էիք, որ Ձեզ մոտ տպավորություն կա, որ Սարգսյանը մտմտում է` ինչ անի: Հիմա տեսնում ենք, որ նրա կողմից քննարկված հարցերի առնվազն կեսը համընկնում է Կոնգրեսի պահանջներին: Նաեւ տարօրինակ է ժամկետը` միջանկյալ:-Բայց Տեր-Պետրոսյանի պահանջները չեն բխել չէ՞ օդից, բխել են ռեալ կյանքից: Շատ ճիշտ ասացիք` միջանկյալ իրավիճակ է եւ միջանկյալ  որոշումներ: Այսինքն` ես ճիշտ էի, որ մտմտում էր, եւ արդյունքում, ինչպես միշտ, էլի արեց ժողովրդական լեզվով ասած` «նա շիշ նա քյաբաբ»: Եվ իմ տպավորությամբ կառավարության մեջ կամ կից կարող են ինչ-որ հանձնաժողով ստեղծել, որը կքննարկի նոր ռեֆորմները եւ այլն: Բայց, ինչպես հայտնի է, եթե հարցին չեն ուզում լուծում տալ, ստեղծում են հանձնաժողով: Հիմա ասում են`  մենք համաձայն ենք, բայց մենք իշխանություն ենք: Դուք խելոք մարդիկ եք, խելո՛ք բաներ ասեք, իսկ մենք` որպես իշխանություն,  կշարունակենք այն, ինչ մտածում ենք եւ ինչ կարող ենք: Այնպես որ ինձ համար արդեն պարզ է այդ ուղղությունը` դա ոչ մի ուղղություն է:-ՀԱԿ-ի կողմից սա ինչպե՞ս  կընկալվի:-Դա պետք է հարցնել նրանց: Ես ժամանակին ասել եմ, որ եթե փակուղի է այնտեղ, փակուղի է նաեւ այստեղ: Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունն արդեն  Լեւոն Տեր-Պետրոսյանի մանեւրելու հնարավորությունները նվազեցնում է, որովհետեւ  եթե իշխանությունը մի կողմից  ասում է, որ պատրաստ է քննարկել ինչ-որ բան, իսկ մյուս կողմից հին մեթոդներով նույն գործողությունն է անում, ուրեմն, ներողություն, բայց ստացվում է, որ նա դիմացինին հիմարի տեղ է դնում: -Այդ ձերբակալությունից հետո Դուք ՀԱԿ-ում դասակարգեցիք «բազե»-ների եւ «աղավնիների» թեւեր: Ըստ Ձեզ` ամսի 17-ին ընդառաջ ի՞նչ որոշում կարող է  ընդունվել:-Տեր-Պետրոսյանն ինքն է բազմիցս նշել, որ ինքը հեղափոխական գործընթացներին ապստամբության ձեւով դեմ է: Դա ո՛չ ես եմ ասում, ո՛չ որեւէ մեկը, դա փաստ է, որն արձանագրվել է մի քանի անգամ տարբեր ելույթների ընթացքում: Ի տարբերություն նրա` մենք ասում ենք, որ ժողովրդական ապստամբությունն անհրաժեշտություն է, որը պետք է անցնի անարյուն: Եկե՛ք ռեալիստ լինենք, ճանապարհները երկուսն են` «աղավնու» եւ «բազեի»,   ու չկա երրորդը: Չեմ  կարծում, որ իշխանությունն այսօր չի ուզում ՀԱԿ-ին տեսնել «Արդարություն» դաշինքի կարգավիճակում:  Եվ եթե հիմա դիտարկում ենք Սամսոն Խաչատրյանի ձերբակալումը` պայմանավորված  ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ իր նկատմամբ իրականացված սադրանքի դեմ գործողություններով, կարող ենք համարել, որ հենց «բազե» են ձերբակալել, որը կողմնակից է կտրուկ գործողությունների: Ոչ մեկն էլ չի ուզում, որ դրանք դառնան հայը հայի հետ արյունալի բախումների առիթ, բայց արդեն ունենալով 2008թ. փորձը` կարո՞ղ է  որեւէ մեկն ինձ ասել` ինչ է փոխվել երկրում, որ եթե իրավիճակը վատթարանա ու ժողովուրդը ոտքի կանգնի, նույն բանը չի լինելու: Աստված մի արասցե: -Հմայակ Հովհաննիսյանը կանխատեսեց, որ, ի տարբերություն նախորդների, այս անգամ կլինի «բարեկամի զանգ», որից հետո իշխանություններին թույլ չի տրվի ուժի դիմել:-ճիշտ է ասում, բայց ես հակառակ կերպ կձեւակերպեի. քանի որ 2008-ին «բարեկամի զանգը» եղել է, եւ կիրառվել են գործողություններ, ապա այդ զանգն ավելի շատ եղել է իշխանությունը չփոխելու համար: Այս անգամ, ես համոզված եմ, «բարեկամի զանգ» չի լինի, որովհետեւ այս ճգնաժամային իրավիճակում ոչ ոք նման բան չի անի: Իմ տպավորությունն է, որ այս անգամ Հայաստանի իշխանությունն ու ժողովուրդը դեմ դիմաց մնալու են միայնակ: Այսինքն` ոչ ոք չի ուզելու խառնվել ո՛չ լավ, ո՛չ վատ իմաստով:-Սարգսյանի ելույթից հետո կուլուարներում խոսվում է, որ փնտրվոււմ է վարչապետ:-Ես իր ելույթից այդպիսի տպավորություն չստացա: Ես տեսա, որ նա ուզում է ժամանակ ձգել: Գուցե ներսում լինեն փոփոխություններ, ես էլ եմ ասել ուժայինների փոփոխությունների մասին: Բայց հիմա չգիտեմ, գուցե բարեփոխումը նրա մասին է, որ դատավորներն այսուհետ հագնելու են սպիտակ մանտիա: Ես համաձայն եմ, որ բարեփոխումներ պետք են, բայց դրանք համակարգային պետք է լինեն, որովհետեւ այսօր ՀՀ-ն ունի Ալիկ Սարգսյան` չունի ոստիկանապետ, ունի Գորիկ Հակոբյան` չունի ԱԱԾ պետ, ունի Տիգրան Սարգսյան` չունի վարչապետ: Եվ նաեւ չեմ հասկանում, որ Սերժ Սարգսյանը դեռ խնդրում է. այս երեք տարին բավարար չէ՞ր հասկանալու համար, որ խնդրանքը չի կատարվում: Ես տեսնում եմ, որ կա մայիս ամիսը անցկացնելու խնդիր, որովհետեւ այն վերջնաժամկետն է, երբ կարելի է ցրել ԱԺ-ն ու արտահերթ ընտրություններ անցկացնել: Եթե այն անցկացնում ենք, ապա պարզ է, որ գնում ենք հերթական ընտրությունների:Բայց մեզ չի հետաքրքրում` Սերժ Սարգսյանը մտածո՞ւմ է վարչապետ փոխելու մասին, թե՞ ոչ: Մենք` ընդդիմադիրներս, ասում ենք, որ այս գործընթացը տանում է երկու տարբերակի. կա՛մ վիճակն այնքան է վատանալու, որ մինչեւ ընտրությունները լինելու  է ժողովրդական ապստամբություն,  կա՛մ   հասնելու ենք խորհրդարանական ընտրությունների հերթական ժամկետին, որը, սակայն, դառնալու է ապստամբության հենք: Եթե ընտրությունները մաքուր են, մենք հաղթելու ենք քվեով, եթե էլի կեղծելու են, լինելու է ապստամբություն: Մենք խնդիր չունենք, խնդիր ունի իշխանությունը: Ես ավարտում եմ հարցով` հնարավո՞ր է, որ Սարգսյանը կատարի այդքան համակարգային փոփոխություն, որը կնմանվի հեղափոխության: Պատասխանում եմ` ոչ, ՀՀ-ում կոնցեպտուալ փոփոխության համար անհրաժեշտ քայլեր  նա  չի կարող անել, որովհետեւ ինքը գտնվում է նույն ճահճում, որտեղից միայնակ դուրս գալու քայլը  կատարել է միայն Բարոն Մյունհաուզենը: Եվ եթե մենք հավատում ենք դրան, ուրեմն միգուցե հավատանք նաեւ, որ Սերժ Սարգսյանն էլ կարող է, ինքն իր մազերից բռնած, իրեն քաշել-հանել իր իսկ ստեղծած ճահճից:Հ. Գ. Երեկ՝ Արամ Կարապետյանի մամուլի ասուլիսից հետո՝ երեւանյան ժամանակով ժամը 19:50 րոպեին, Իրանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս