Ֆելիքս Ցոլակյանն այցելել է այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում ծանր այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանը:

Հրշեջ-փրկարարը ծանր այրվածքներ է ստացել հոկտեմբերի 25-ին Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ժամանակ:

Նախարար Ցոլակյանը հրշեջ-փրկարարի հետ զրույցում նշեց, որ նրա և մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի գործողությունները խիզախության և հերոսության օրինակ են, և պետությունը՝ ի նշան երախտագիտության, մտադիր է պետական պարգևներ շնորհել նրանց:

Ֆելիքս Ցոլակյանն անձնական հսկողության տակ է պահում Էդգար Գրիգորյանի բուժման հետ կապված բոլոր հարցերը:

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը նշեց, որ հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, սակայն առկա է որոշակի դրական դինամիկա:

Ֆելիքս Ցոլակյանը հրշեջ-փրկարարին մաղթեց առողջություն և շուտափույթ ապաքինում:




Լրահոս