Արցախի բյուջեն քննարկման սեղանին է. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի խորհրդարանում սկսվել են 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Այն կքննարկվի խորհրդարանի մշտական հանձնաժողովներում, խմբակցություններում, հետո նաեւ լիագումար նիստում: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով բյուջեի նախագիծը, պարզեց, որ 2020թ.-ին Արցախը ձգտելու է նպաստել եւ հասնել տնտեսական աճի: Տեղեկացանք, որ 2019թ.-ի մակրոտնտեսական ցուցանիշների զարգացումներից եւ արձանագրված 10,4% տնտեսական աճից Արցախի իշխանությունները հույս ունեն մինչեւ տարեվերջ տնտեսական աճի տեմպերն ավելացնել:

Իսկ, ահա, 2020 թվականի համար կանխատեսվում է, որ Համախառն ներքին արդյունքը կկազմի 375,6 մլրդ դրամ՝ ապահովելով 8% իրական աճ, գնաճը՝ շուրջ 3%: Ըստ այդմ, եկամուտները 2020 թվականին կկազմեն 120 մլրդ 906,5 մլն դրամ, ծախսերը՝ 120մլրդ 775,6 մլն դրամ: Հավելուրդը նախատեսվում է 130,9 մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրավված փոխառու միջոցների մարմանը: 2019 թվականի համեմատ` 2020 թվականին 2,6 մլրդ դրամով կնվազեն պետական բյուջեի սեփական եկամուտները՝ կազմելով 55,1մլրդ դրամ: Բյուջեի նախագծից պարզ է դառնում, որ անկումը պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտից ակնկալվող հարկային եկամուտների նվազմամբ, որի հիմնական պատճառը պղնձի միջազգային գների եւ հանքաքարում պղնձի պարունակության նվազման միտումն է:

2020 թվականին ծախսերը կկազմեն 120 մլրդ 775,6 մլն դրամ, որն ավել է ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսից 6,4 մլրդ դրամով: Բյուջեով ավելանում է սոցիալական ոլորտին հատկացվող գումարը, ինչը պայմանավորված է 2020թ-ի հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացմամբ: Հիմնական բազային կենսաթոշակի չափը կհաշվարկվի 18000 դրամ` 2019-ի 16000դրամի փոխարեն: Նախատեսվում է բարձրացնել նաեւ նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը՝ 68000 դրամ` 2019թ.-ի 55000 դրամի փոխարեն:

2020թ-ի բյուջեով հունվարի 1-ից 10% -ով կբարձրանան նաեւ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձերը: Փորձենք համեմատական անցկացնել 2019 թվականի հետ: 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակվել էր` հաշվի առնելով 2017-2020 թթ. ծրագրի նպատակադրումները: 2019 թ.-ին պետական բյուջեի ցուցանիշները ծրագրվել էին եկամուտների գծով 112 մլրդ 340.9 մլն դրամ, ծախսերի գծով՝ 110 մլրդ 987.7 մլն դրամ: Պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել էին 54,7 մլրդ. դրամի չափով, որը 2018 թ.-ի համար պլանավորված եկամուտների նկատմամբ ավելի էր 1.7 մլրդ դրամով կամ 3.2 %-ով: Այդ թվում հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել էին 54,2 մլրդ դրամ:

Այս տարվա բյուջեն ուներ ընդգծված տնտեսական ուղղվածություն եւ ավելացել էին տնտեսությանն ուղղված ծախսերը ոչ միայն բացարձակ թվով, այլեւ տեսակարար կշռի մակարդակով:
Իսկ, ահա, 2018 թվականին նախատեսված է եղել ապահովել 8 տոկոս տնտեսական աճ, եւ սոցիալական ծրագրերին զուգահեռ ուշադրություն էին դարձրել նաեւ վերաբնակեցման նպատակով բնակարանաշինությանը: Եվ 2018 թվականին Արցախի պետական բյուջեն եկամուտների գծով կազմել է 97 մլրդ 104 մլն դրամ, ծախսերի գծով՝ 101 մլրդ 404 մլն դրամ, դեֆիցիտը՝ 4 մլրդ 299 մլն դրամ:

Նշենք, որ վերջին տարիների բյուջեի առաջնահերթությունները կախված են եղել 2017-2020 թվականի ծրագրերից: Արցախի նախագահի կողմից եղել է եռամյա զարգացման ծրագիր, եւ ֆինանսական գլխավոր փաստաթուղթը կազմված է եղել այդ դրույթներին համապատասխան: Արցախի իշխանությունները կանխատեսում էին, որ դա պետք է ապահովի միջնաժամկետում կայուն տնտեսական աճ, ինչպես նաեւ պաշտպանությանն ուղղված ինստիտուտների զարգացում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս