Հանրապետության լավագույն բժիշկները «Նաիրի» բժշկական կենտրոնում են. ի՞նչ վիճակում է Մանվել Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը:

Արտահերթ նիստ հրավիրելու պատճառը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացումն է:

Մանվել Գրիգորյանը երկու օր առաջ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դեռ նախորդ տարվա նոյեմբերի 26-ի դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր առանձին քննել ամուսնու և կնոջ գործերը, քանի որ Գրիգորյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ դատական նիստերը պարբերաբար հետաձգվում էին։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հանրապետության լավագույն բժիշկներն ու մասնագետները հավաքվել են «Նաիրի» բժշկական կենտրոնում, քննարկում են Մ. Գրիգորյանի առողջական հարցը՝ ինչպես նրան ոտքի կանգնեցնել: Գեներալի առողջական վիճակի վատթարացման մասին պաշտպանական խումբը բազմիցս է բարձրաձայնել:

Գրիգորյանի պաշտպանները միջնորդում էին ազատ արձակել նրան, այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառել մինչեւ 10 մլն դրամի չափով, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը պաշտպանի միջնորդությունը մերժում էր: Ակնհայտ է, որ ինչ զազրելի արարք էլ թույլ տված լինի մարդը, եթե ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, պետք է հնարավորություն տալ նրան բուժվելու ազատության մեջ, այլ ոչ թե մահանա բանտում: Հաց բերող Արթուր Սարգսյանի ցավալի օրինակը պետք է լավագույն դասը լիներ:

Խորհրդարանում անցած տարի երբ քննարկվում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցչի չափանիշների հարցը, պատգամավորներն առավել գլոբալ հարցեր էին բարձրացրել: Որքա՞ն է լինելու պարտության գինը, եթե ՄԻԵԴ-ում Մանվել Գրիգորյանի մասով ընդդեմ ՀՀ-ի որոշում կայացվի:

Մինչև ե՞րբ պետք է Հայաստանի քաղաքացին պատասխանատվություն կրի դատավորների անհեռատես որոշումների համար:

Պատգամավոր Թագուհի Թովմասյանն, օրինակ, անցած տարի բարձրաձայնել էր պատասխանատվության հարցը: «ՄԻԵԴ-ում պարտություն կրած գործերի համար ՀՀ չինովնիկները պատասխանատվություն կրելո՞ւ են` բարձր օղակից մինչեւ ամենացածրը»:

Հիշեցնենք, որ տարաբնույթ անպատկերացնելի հանցանքների համար մեղադրվող Գրիգորյանը անցած տարի մի քանի անգամ ծայրահեղ հիվանդանոցից հիվանդանոց էր տեղափոխվում: Երեկ էլ նույն վիճակով՝ վերակենդանացման բաժանմունք: Թե ինչ հրաշք կհաջողվի գործել հայրենի պռոֆեսիոնալ բժիշկներին, ցույց կտա ժամանակը:




Լրահոս