Հունվարի 29-ին և 30-ին Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։
ArmLur.am-ն այս թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Բորիս Նավասարդյանի հետ, ով մեզ հետ զրույցում նկատեց, որ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումն այս անգամ աննախադեպ երկար տևեց:
«Չեմ կարծում, որ այդքան երկար ժամանակ տևած բանակցությունների ընթացքում որևէ էական պայմանավորվածություն են ձեռք բերել: Տվյալ պահին երկու կողմն էլ ավելի շատ կենտրոնացած է եղել իրավիճակի կառավարման վրա, քան խնդրի որևէ լուծումներ գտնելու: Երկու կողմն էլ շահագրգռված են միջազգային հանրությանը ցույց տալ, որ ունեն որոշակի շահագրգռվածություն Հայաստանում և Ադրբեջանում ներքին խաղաղություն պահելու համար»,- ասաց քաղաքագետը:
Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ Արցախի Հանրապետությունը բանակցային սեղան վերադարձնելու որևէ առաջընթաց չկա.
«Բանակցությունները դարձնել եռակողմ կամ քառակողմ դժվար սպասելի է»:
Լիդա Եղիազարյան