Քանի հոգի պետք է ասի «այո». վստահության հանրաքվե «Իմ քայլ»-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը երեկ ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Ինչպես հայտնի է, Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով պատգամավորներն առաջարկում են դադարեցնել մինչեւ 2018-ի ապրիլի 9-ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը:

Իսկ ինչ է սպասվում այժմ. սահմանադրական հանրաքվեի համար հստակ ժամկետներ են մատնանշված, եւ, ըստ էության, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա մայիսին, իսկ դրան արդեն կնախորդի քարոզարշավը՝ «այո» եւ «ոչ»-ի պայքարը: Իսկ, ահա, «Հանրաքվեի մասին» օրենքով՝ հանրաքվեի քարոզարշավը տեւելու է 60 օր:

ՀՀ սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:

2018թ. դեկտեմբեր ամսին կայացած արտահերթ խոհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.593.140 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 1.261.105 մարդ: Այս համամասնության պայմաններում, հանրաքվեի դրված ակտը կընդունվի, եթե դրան կողմ կքվեարկի շուրջ 648.285 մարդ:

Նկատենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 884.864 ընտրող: Եվ ստացվում է՝ եթե հանրաքվեն  կայանա, այն կլինի նաև վստահության հանրաքվե իշխող ուժի համար:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս