Ավստրալիայում շարունակվում է թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը: Մեծ Սաղավարտի 4 մրցաշարերից առաջինը՝ Australian Open-ը, թեւակոխել է վճռորոշ հատված: Առջեւում կիսաեզրափակիչ հանդիպումներն են, որոնք ավելի քան հետաքրքիր կարող են լինել, քան հավանական եզրափակիչը:
Կիսաեզրափակչի առաջին զույգը հանգիստ կարող էր զարդարել Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչը: Ռոջեր Ֆեդերեր -Նովակ Ջոկովիչ. անուններն արդեն ասում են ամեն ինչ : Մելբուրնի նախկին արքան՝ «Ծերուկ Ռոջերը», կփորձի կանգնեցնել Նովակ Ջոկովիչին: Խաղի բացահայտ ֆավորիտը միանշանակ սերբ թենիսիստն է՝ աշխարհի 2-րդ ռակետը, բայց բոլորս էլ գիտենք, որ Ֆեդերերը երբեք չի հանձնվում առանց պայքարի: Շատերի համար զարմանալի էր նաեւ այն փաստը, որ Ռոջերը կարողացավ հասնել մինչեւ եզրափակիչ, որովհետեւ շվեյցարացին գտնվում է թենիսիստի համար շատ պատկառելի տարիքում (38):
Ֆեդերերը մինչ կիսաեզրափակիչ հասնելը կարողացել է պայքարից դուրս թողնել Ստիվ Ջոնսոնին, Ֆիլիպ Կրայինովիչին, Ջոն Միլմանին, Մարտոն Ֆուկսովիկսին եւ Թեննիս Սենդգրինին: Անցնելով շատ երկար ճանապարհ՝ Ավստրալիայի բաց առաջնության վեցակի հաղթողը կիսաեզրափակչում բախվելու է հարդի վրա այս պահին գուցե հավասարը չունեցող Նովակ Ջոկովիչի հետ: Այո, Ֆեդերերը այս պահին աշխարհի 3-րդ ռակետն է, սակայն արդարության համար պետք է նշել, որ նա մեծ դժվարությամբ է կարողացել անցնել Զ եզրափակչի արգելքը: Ռոջերը 3:2 հաշվով, մեծ ուժեր ծախսելով, կարողացել է հաղթել աշխարհի 100-րդ ռակետ Թեննիս Սենդգրինի արգելքը: Ջոկովիչը մինչ կիսաեզրափակիչ հասնելը մեծ դժվարությունների չի բախվել եւ կարողացել է իր ճանապարհից «մաքրել» Յան-Լեննարդ Շտրուֆին, Տատսումա Իտոյին, Յոշիհիտո Նիշիոկային, Դիեգո Շվարցմենին եւ Միլոշ Ռաոնիչին: Այս հանդիպումներից եւ ոչ մեկում Նովակը խնդիրների չի բախվել: Ավստրալիայի բաց առաջնության 7-ակի չեմպիոնը շատ հստակ եւ սահուն քայլերով շարժվում է իր հերթական Գրանդ Սլամի հետեւից:
Կիսաեզրափակչի մյուս զույգն են կազմել ավստրիացի Դոմենիկ Թիմն ու Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւը: Զ եզրափակչում Զվերեւը կարողացավ պայքարից դուրս թողնել շվեյցարացի Ստան Վավրինկային, իսկ Դոմենիկ ԹԻմը՝ աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալին: Այն, որ Ռաֆայել Նադալը երբեք չի փայլել հարդի վրա եւ Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթել է ընդամենը մեկ անգամ, դա գիտեինք բոլորս, բայց այն, որ Ռաֆան չի հասնի եզրափակիչ եւ կիսաեզրափակչում Դոմենիկ Թիմին կհաղթի ընդամենը մեկ սեթ, պատկերացնել անգամ չէինք կարող: Թիմը Նադալին կարողացավ հաղթել 3:1 հաշվով, բայց հանդիպումը անցավ շատ դժվար եւ լարված պայքարում: Խաղի 4 սեթերից 3-ում հաղթողը որոշվեց միայն թայ-բրեյքում: Դոմենիկ Թիմը կիսաեզրափակչում կմրցի Ալեքսանդր Զվերեւի հետ: Այո, այս դիմակայության ֆավորիտը միանշանակ Դոմենիկ Թիմն է, բայց Զվերեւը նույնպես ունի շանսեր. թիմի անցկացրած ծանրագույն խաղը Նադալի դեմ Զվերեւի առավելություններից մեկն է: Ավստրալիայի բաց առաջնության այս մրցաշարը յուրահատուկ է երկու թենիսիստների համար էլ, որովհետեւ նրանք առաջին անգամ են հասնում նման հաջողության եւ դուրս գալիս Australian Open-ի կիսաեզրափակիչ: Հաղթողի համար Ավստրալիայի այս տարվա բաց առաջնությունը կլինի պատմական:
Դոմենիկ Թիմը մինչ կիսաեզրափակիչ հասնելը կարողացել է հաղթել Ադրիան Մանարիմոյին, Ալեքս Բոլտին, Թեյլոր Ֆրիցին եւ Գայել Մոնֆիլսին: Զվերեւը բացի Վավրինկային Զ եզրափակչում պարտության մատնելուց շրջանցել է նաեւ Մարկո Չեչինատոյին, Եգոր Գարասիմովին, Ֆերնանդո Վարդասկոյին եւ Անդրեյ Ռուբլեւին: Ինչքան էլ որ ցավալի է, այս մրցաշարի եզրափակչին իր մասնակցությունը չի ունենա այս պահի դրությամբ աշխարհի առաջին ռակետը՝ Ռաֆայել Նադալը:
Կարծում ենք՝ պարզից էլ պարզ է, որ Ավստրալիայի բաց առաջնության ավարտից հետո իսպանացի «Գրունտի արքան» կզիջի աշխարհի առաջին ռակետ լինելու պատիվը մեկ ուրիշին: Australian Open-ի կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան հունվարի 31-ին:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ