Սահմանադրական դատարանն անում է ամեն ինչ, որ Վճռաբեկ դատարանը զբաղվի իր անմիջական պարտականություններով, իսկ Վճռաբեկ դատարանն էլ ամեն ինչ անում է` կամայական եւ ընտրովի արդարադատություն իրականացնելու համար:Դատական բարեփոխումների անվան տակ ՀՀ դատական եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով ամրագրվեց մի մեխանիզմ, որը թույլ էր տալիս Վճռաբեկ դատարանին օրինական կարգով զբաղվել կամայականությամբ: Այսինքն` կուզեին, կզբաղվեին արդարադատությամբ, չէին ուզի, չէին զբաղվի: Եվ դա այն դեպքում, երբ բարձրագույն դատական ատյանը` լինի այն գերագույն դատարան, թե վճռաբեկ, կոչված է բացառելու նման երեւույթները:Ինչեւիցե, հնարքը ստացվեց, եւ բարեփոխման անվան տակ 2007 թվականից բարեփոխված Վճռաբեկ դատարանը սկսեց կամայական եւ ընտրովի ձեւով իրականացնել պատվիրված արդարադատություն: Այսինքն` երբ պետք էր լինում, վճռաբեկ բողոքները վարույթ էին ընդունվում նույնիսկ առանց վճռաբեկ բողոքի բովանդակությանը նայելու, իսկ երբ պետք էր լինում, վճռաբեկ բողոքները վերադարձվում էին` էլի անկախ վճռաբեկ բողոքի բովանդակությունից:Այդ ժամանակ սկսեցին գրվել այսպես կոչված «նախադեպային» որոշումներ` ավելորդություններով լի, պարզունակ եւ քաղաքացիական իրավունքի դասագրքերից արտագրված քաղվածքներով լցված անորոշ ու անհասկանալի մի տեքստ: Վճռաբեկ դատարանից ասում էին, որ դա նախադեպ է, եւ նույնիսկ գրախանութներում սկսեցին վաճառել նախադեպային որոշումների ժողովածուներ:Իրավական որոշակիության մասին չէր կարող անգամ խոսք լինել, քանի որ վճռաբեկ բողոքների ընդունել-չընդունելու հարցերը դուրս էին իրավական հարթությունից, եւ հարցը որոշվում էր կամայականության սկզբունքով:Բնական է, որ այդ վիճակը չէին կարող հանդուրժել ո՛չ փաստաբանները, ո՛չ էլ արդարադատությանն առնչվող իրավաբանները, ուստի հարցը հասավ Սահմանադրական դատարան:Փաստաբանները պնդում էին, որ Վճռաբեկ դատարանը` որպես բարձրագույն դատական ատյան, պարտավոր է զբաղվել սահմանադրական իր առաքելությամբ` ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, իսկ Վճռաբեկ դատարանն ուզում էր «նախադեպեր» գրել եւ ժողովածուներ թողարկել` այսպես կոչված օրենքի պաշտոնական պարզաբանումներ:Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Վճռաբեկ դատարանի որդեգրած «ինչ կուզեմ, կանեմ»-ի քաղաքականությունը, եւ դատավարական օրենսգրքերում ամրագրվեց Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները վերադարձնելու որոշումները պատճառաբանելու պարտականությունը: Սահմանադրական դատարանի որոշումը հստակ էր, եւ կարծես թե իրավիճակը պետք է շտկվեր: Սակայն Վճռաբեկ դատարանն իր ներկայիս նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ հեղափոխություն կատարեց տրամաբանություն կոչվող գիտության մեջ` բողոքարկվող դատական ակտի վիճարկվող փաստերն ու իրավական դիրքորոշումները հիմնավորելով այդ նույն հանգամանքներով ու դիրքորոշումներով եւ վերջում, որպես համեմունք, բոլոր որոշումներում մեջբերում կատարելով «Մելտեքս» ՍՊԸ-ի գործով Եվրադատարանի վճռից (հուշելու համար ասենք, որ Եվրադատարանը այդ որոշմամբ նկատի էր ունեցել, որ ստորադաս դատարանների փաստերին անդրադառնալու եւ դրանք հաստատելու կարիք չկա, իսկ իրավական դիրքորոշումների մասով նման բան չի կարող լինել, քանի որ լինելով իրավունքի դատարան` Վճռաբեկ դատարանը պարտավոր է արտահայտել իրավական դիրքորոշում, հակառակ դեպքում կասկածի տակ է դրվում այդ դատարանի գոյության նպատակահարմարությունը):Օրինակ, եթե վճռաբեկ բողոքում գրես, որ Վերաքննիչ դատարանը ապացույցները սխալ է գնահատել եւ ասել է, որ մածունը սեւ է, ապա Վճռաբեկ դատարանը վերադարձնում է վճռաբեկ բողոքը եւ իր որոշման մեջ գրում, որ դատական սխալ չկա, քանի որ Վերաքննիչ դատարանը, գնահատելով բոլոր ապացույցները, իրավացիորեն գտել է, որ մածունը սեւ է, այնուհետեւ մեջբերում է քաղվածք` «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, «Մելտեքս» ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 32283/04) գործով 17.06.2008 թվականի վճռով` ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ «Վճռաբեկ դատարանի իրավասությունը սահմանափակվում էր միայն իրավունքի հարցերի ուսումնասիրությամբ: Նման հանգամանքներում չի կարելի ասել, որ Վճռաբեկ դատարանը չէր նշել հիմնավորում միայն այն պատճառով, որ այն հաստատել էր ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումները եւ ներառել էր դրանք իր որոշումների մեջ», այդպես էլ իրենց կողմից չհասկացված կամ ամբողջությամբ չկարդացված «Մելտեքս» ՍՊԸ-ի գործով Եվրադատարանի վճռից:Բնականաբար, Սահմանադրական դատարանին դուր չէր գալիս ստեղծված վիճակը եւ մեկ այլ դիմումով, որը վերաբերում էր վարչական դատարանի վճիռների դեմ բերված վճռաբեկ բողոքները վերադարձնելուն, Սահմանադրական դատարանը դիրքորոշում արտահայտեց, որ վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելու փուլում Վճռաբեկ դատարանը չպետք է գնահատական տա բողոքի փաստարկների հիմնավոր կամ անհիմն լինելու հանգամանքին:Որքան էլ զավեշտալի է, բայց Արման Մկրտումյանը այս անգամ էլ չկատարեց Սահմանադրական դատարանի որոշման պահանջները եւ փոխանակ ապահովելու վարչական դատարանի վճիռների դեմ բերված վճռաբեկ բողոքների քննությունը, ջանքեր եւ պետական բյուջեի միջոցներ չխնայեց նոր` վերաքննիչ վարչական դատարան ստեղծելու համար, որպեսզի այս անգամ էլ խուսափի վարչական գործերով արդարադատություն իրականացնելուց:ՀԱԿՈԲ ՃԱՐՈՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԼՈՒՌ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ