«Յուքոմ»-ի բաժանորդները ծանուցումներ են ստանում․ ինչ է կատարվել ընկերությունում այս գիշեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել քաղաքացիներ, ովքեր օգտվում են «Յուքոմ» ընկերության ծառայություններից՝ հայտնելով, թե պարբերաբար ծանուցումներ են ստանում այն մասին, որ վճարումներ չկատարելու դեպքում անջատումներ են լինելու։ Քաղաքացիներն ահազանգում են, թե շատերը չեն աշխատում, չեն օգտվում սոցիալական ծրագրերից եւ հնարավորություն չունեն վճարելու՝ հետաքրքրվելով, արդյոք հնարավոր է՝ զիջումներ լինեն։

«Յուքոմ» ընկերությունից մեր հարցին ի պատասխան նշեցին, թե այս պահին որևէ բաժանորդի համար ծառայությունն անջատված չէ, իրենք փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի անջատումներ չլինեն, սակայն միևնույն ժամանակ հորդորեցին վճարումները կատարել, որպեսզի կարողանան ապահովել ընկերության կենսագործունեությունը։ Ընկերությունից ArmLur.am-ին փոխանցեցին, թե իրենք ևս պարտավորություններ ունեն, սակայն դրանք ոչ ոք չի հետաձգում, իսկ կենսագործունեությունն ապահովելու համար պետք է բաժանորդները կատարեն իրենց վճարումները։

Ինչպես հայտնի է, ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, որը նաև ընկերության վեց տոկոսի բաժնետերն է, ազատման դիմում է գրել: Նրա հետ աշխատանքից ազատվելու ցանկություն էր հայտնել նաև «Յուքոմի» 843 աշխատակից: Եվ ահա, այս օրերին այդ նույն աշխատակիցները դեռևս շարունակում են իրենց գործառույթները կատարել։ Մեր տեղեկություններով, երեկ երբ տարածվեց տեղեկություն նոր տնօրենի նշանակման մասին, մեծ թվով աշխատակիցներ ցանկացել են վերջնականապես հեռանալ։ Մասնավորապես, այս գիշեր, երբ այդ տեղեկությունը հրապարակվեց, նաեւ տեխնիկական անձնակազմն է բարձրաձայնել հեռանալու մասին եւ բոլորը լարված սպասում են հետագա զարգացումներին։

Հավելենք, որ «Յուքոմ»-ի բաժնեմասերի 29 տոկոսը պատկանում է «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից յուրաքանչյուրն ունի  11,9 տոկոս բաժնեմաս, նրանց ընտանիքից Սուրեն Խաչատրյանն ունի 24 տոկոս, մնացած բաժենմասերից 10 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին, մոտ 6 տոկոսն էլ՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներին։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս